HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը կայցելի Վարանդա (Ֆիզուլի) եւ Կովսական (Զանգիլան)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վարանդայում (Ֆիզուլի) կմասնակցի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, որից հետո կմեկնի Կովսական (Զանգիլան)։ Այդ մասին նշվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ դրա՝ Էրդողանի այցը տեղի կունենա Ադրբեջանի նախագահի հրավերով։ 

Կովսականում Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն «Խելացի ագրոհամալիրի» հիմնարկեքի արարողությանը, որը կկառուցվի Թուրքիայի աջակցությամբ։ 

Այցի ընթացքում կքննարկվեն թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև` համագործակցության խորացման հիմնական ուղղությունները։ Ալիևն ու Էրդողանը կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ 

Արցախի Վարանդայի շրջանի բռնազավթումից հետո Բաքուն այդտեղ ձեռնամուխ էր եղել միջազգային օդանավակայանի կառուցմանը։ Բաքվից առաջին փորձնական թռիչքն իրականացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 5-ին։ Արդեն իսկ շահագործման է հանձնվել օդանավակայանի 3000 մետր երկարություն և 60 մետր լայնություն ունեցող թռիչքուղին։

Դեռ հոկտեմբերի 1-ին Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանին իր ելույթում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Վարանդայի օդանավակայանի բացմանը։ Ավելի ուշ, թուրքական Haberturk-ը հայտարարել էր, որ օդանավակայանի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 8-ին, սակայն հետագայում այն տեղափոխվեց հոկտեմբերի 26-ին։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter