HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում անտառների հրդեհման կասկածանքով կալանավորվել է 7 ռուս զբոսաշրջիկ

Թուրքիայի Անթալիա քաղաքի շրջակայքում անտառների հրդեհման կասկածանքով հոկտեմբերի 25-ին կալանավորվել է 7 ռուս զբոսաշրջիկ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը։

«Դատարանը որոշում է կայացրել միջադեպի հանգամանքների մինչդատական հետաքննության ընթացքում ռուսաստանցի զբոսաշրջիկներին կալանավորել»,- նշել են ռուսական հյուպատոսությունից։

Երիտասարդները կասկածվում են անտառների չկանխամտածված հրդեհման մեջ։ Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում նշել են, որ վերահսկում են իրավիճակը և կալանավորվածներին տրամադրում անհրաժեշտ օգնություն։

Զբոսաշրջիկները պնդում են, որ օգնություն դեռևս չեն ստացել, իսկ իրենց տրամադրված փաստաբանը չի խոսում անգլերեն։ Ռուսաստանցիների խոսքով՝ իրենց առաջադրված մեղադրանքով նախատեսված է 2-7 տարվա ազատազրկում։ 

Կալանավորման նախօրեին ռուս զբոսաշրջիկներն արշավի էին դուրս եկել «Լիկիայի ուղի» երթուղով։ Զբոսաշրջիկների պնդմամբ՝ իրենք նկատել են երթուղու վրա հրդեհի բռնկում և փորձել մարել այն՝ զանգահարելով արտակարգ ծառայություն։ Անտառից դուրս գալուց հետո ոստիկանությունը ձերբակալել է նրանց։ 

Այս տարվա ամռանը Թուրքիայի արևմտյան, հարավային և կենտրոնական նահանգներում գրանցվել են անտառների զանգվածային հրդեհներ։ Առաջին հրդեհը գրանցվել էր հուլիսի 28-ին: Անտառային հրդեհների հետեւանքով զոհվել էր 8 մարդ, տուժել` 1000-ից ավելին։ 

Անտառների հրդեհման պատասխանատվությունը ստանձնել էր «Կրակի զավակներ» կազմակերպությունը։ Ըստ թուրքական Yeni Şafak պարբերականի՝ կազմակերպությունը կապ ունի Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ։ 

Համաձայն «Կրակի զավակներ» կազմակերպության հայտարարության, վերջինիս կողմնակիցները կազմակերպել են անտառների հրդեհները, որովհետև «թուրքական ռեժիմը չի հասկանում որևէ այլ լեզու, ուստի ժամանակն է նրան ծնկի բերել»։ Ավելի ուշ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը հերքել էր իր կապը անտառների հրդեհման հետ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter