HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը հրաժարվել է օտարերկրյա դեսպանների վտարման մտադրությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է 10-ը երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») հայտարարելու մտադրությունից։ Հոկտեմբերի 25-ին Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները «հետ քայլ են արել և զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»։ 

Նա հավելել է, որ դեսպանների նախկին հայտարարություններն ուղղված էին Թուրքիայի և նրա ինքնիշխանության դեմ և հավելել, որ Անկարայի պլաններում չկար ճգնաժամի սրացումը։ 

Հոկտեմբերի 25-ին, ավելի վաղ, 10-ը երկրների դեսպանները, Twitter-ում հայտարարություն էին տարածել, որտեղ նշել էին, որ հավատարիմ են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային, ինչը նշանակում է, որ չեն պատրաստվում խառնվել Թուրքիայի ներքին գործերին։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Էրդողանը սպառնացել էր երկրից վտարել ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպաններին։ «Ես մեր արտաքին գործերի նախարարին հանձնարարել եմ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ 10 դեսպանները հայտարարվեն «persona non grata»»,- հայտարարել էր Էրդողանը։

Նման որոշման պատճառը իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու կոչն էր, որով դիվանագետները հանդես էին եկել նախորդ շաբաթ։ Դրանից հետո նրանք հրավիրվել էին Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրանց հիշեցրել էին Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային հետևելու անհրաժեշտության մասին։

Էրդողանը դեռ հոկտեմբերի 21-ին էր սպառնացել վտարել այդ դեսպաններին։ Աֆրիկյան երկրներ իր այցելությունից վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում Էրդողանը լրագրողներին հայտարարել էր. «Ինչո՞ւ այդ տասը դեսպանները նման հայտարարություններ են անում։ Ես մեր ԱԳՆ-ին ասել եմ, որ ճոխություն չունենք նրանց մեր երկրում ընդունելու։ Դա արդյոք ձեր գործն է՝ դասեր տալու Թուրքիային։ Ո՞վ եք դուք, հանգիստ թողեք Քավալային։ Միթե դուք ձեր երկրներում թողնում եք մարդասպաններին, ահաբեկիչներին ու ավազակներին։ Նրանք միշտ պատասխանում են. «Դատարանն անկախ է»։ Այսինքն ձեր դատարանն անկախ է, իսկ մերը, նշանակում է՝ կախյա՞լ։ Մեր դատարանը անկախության լավագույն օրինակն է ցույց տալիս»:

Օսման Քավալան թուրք հայտնի իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծներին, որոնք հաճախ ունեն միջազգային ուղղվածություն, այդ թվում հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման և քրդական հարցի խաղաղ լուծման թեմաներով։

2020 թվականի փետրվարին դատարանը Քավալային արդարացրել էր 2013 թվականին Ստամբուլի Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի գործով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը ձերբակալման նոր օրդեր էր տվել։ Քավալային առաջադրվել են նոր մեղադրանքներ՝ այս անգամ արդեն 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին մասնակցելու համար։

Լուսանկարը՝ Osvaldo Silva AFP/File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter