HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջնագծի ծերունիները

Արցախի Քարին Տակ գյուղից Հմայակ Ամիրջանյանի 70-ամյակը լրացել էր 2020թ․-ի սեպտեմբերի 8-ին, սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Հաջորդ օրը Հմայակը, առաջնագիծ մեկնելու համար, հավաքում է գյուղի` Արցախյան առաջին պատերազմի հիսունից բարձր տարիքի մասնակիցներին․ մինչև հիսուն տարեկան անձանց զինկոմիսարիատը զորակոչում էր։ Քարին Տակից հիսունից բարձր տարիքի, առաջնագիծ մեկնելուն պատրաստ հավաքվում է վեց հոգի, նրանց մեջ էր նաև դպրոցի զինղեկ 61-ամյա Բաղդասար Բաղդասարյանը։

Հմայակը, ով մասնագիտությամբ հաշվապահ էր, պատերազմի առաջին օրվանից գրառումներ է կատարել` ջոկատի անդամների, օրվա պատահարների, վիրավորների, զոհվածների մասին։

Քարին Տակի խումբը սեպտեմբերի 29-ին միանում է Շուշիում շրջանի մյուս գյուղերից իրենց պես հավաքված խմբերին, դառնում քսաներկու հոգանոց ջոկատ․ 9-ը հոգի՝ Շուշիից, 6-ը՝ Քարին Տակից, 2-ը՝ Եղծահողից, 3-ը՝ Լիսագորից, 2-ը՝ Վերին Շենից։ Ջոկատի ավագ են ընտրում Հմայակ Ամիրջանյանին` որպես տարիքով մեծի և Քարին Տակի ազատամարտիկների ղեկավարի։

Սեպտեմբերի 30-ին տարեցների ջոկատն արդեն Հադրութի գնդում էր, ստանում են առաջադրանք՝ տեղակայվել ութերորդ վաշտի արդեն չպահվող, ընդհանուր բնագծից դեպի հակառակորդը խորացած 217 և 218 դիրքերում:

Հոկտեմբերի մեկից ջոկատը նշված դիրքերում էր, որպես օգնող ջոկատին էին կցել տեղանքին ծանոթ, Հադրութի գնդի ութերորդ վաշտի ժամկետային զինծառայող, Վայոց Ձորի Մալիշկա գյուղից 19-ամյա Սարմեն Այվազյանին, որը ապահովում է կապը հիմնական դիրքերի հետ, հոգում է ջոկատի սննդի, ջրի հարցը, օգնում հետ մղել դիրքերի վրա հարձակումները:

Առաջին մեծ հարձակումը դիրքերի վրա հոկտեմբերի 3-ին էր: Վիրավորներին դուրս բերելու ժամանակ ականի պայթունից զոհվում է Քարին Տակի ջոկատից 56-ամյա Արսեն Ավանեսյանը: Բաղդասար Բաղդասարյանը դիրքերից հանում է Արսենի աճյունը, հասցնում ութերորդ վաշտի հիմնական դիրքեր․ ճանապարհում թիկունք։

Հոկտեմբերի 5-ին, հերթական դիվերսիան հետ մղելու ժամանակ զոհվում է ժամկետային զինծառայող Սարմեն Այվազյանը։ Նույն գործողության ընթացքում վիրավորվում է Քարին Տակի ջոկատից 55-ամյա Գագիկ Մկրտչյանը։ Հարձակումից հետո ջոկատը հանում է զոհվածներին և վիրավորներին և տեղափոխվում ավելի հետ, դեպի ութերորդ վաշտի հիմնական պահվող դիրքեր։ Այնտեղ մնում են մինչև հոկտեմբերի 23-ը: Հաջորդ օրը, երբ ջոկատին փոխարինող ստորաբաժանում է գալիս, ջոկատը հանգստանալու համար վերադառնում է Քարին Տակ: Մի քանի օր հետո Քարին Տակը սկսում են հրետակոծել: Հրետակոծություններից մեկի ժամանակ զոհվում է գյուղապետը, գյուղի պաշտպանության հրամանատարը և որդին: Գյուղի պաշտպանության ղեկավարումն իր վրա է վերցնում Բաղդասար Բաղդասարյանը մինչև նոյեմբերի 4-ը` մինչև Քարին Տակ գյուղի անկումը: 

Քարին Տակ գյուղի բնակիչները գյուղից հեռացել են՝ թողնելով այնտեղ ամբողջ ունեցվածքը։

Հմայակ Ամիրջանյանն ընտանիքի հետ այժմ վարձով ապրում է Երևանում, Բաղդասար Բաղդասարյանն ու ընտանիքը վարձով ապրում են Աբովյան քաղաքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter