HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հոսպիտալացված է 122 հղի, 53 թոքաբորբով են ախտորոշված

Նոր տիպի կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է։ Այս մասին Կառավարության հերթական՝ հոկտեմբերի 28-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Առողջապահության նախարարին խնդրելով ներկայացնել մանրամասներ։

«Այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են քովիդ պացիենտներին։ Ընդհանուր առմամբ, 3050 մահճակալ այս պահին պրակտիկորեն անընդհատ զբաղված է»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ծանր վիճակում գտնվում է՝ 1088, ծայրահեղ ծանր՝ 307, թոքային օդափոխության սարքերին միացված է 152 մարդ․

«Այս շտամի առանձնահատկությունն է այն, որ թե՛ հիվանդության ընթացքի ծանրության, թե՛ վարակելիության, թե՛ տարիքային առումով մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում։ Այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ, այս պահին ունենք 122 հղի, որոնք հոսպիտալացված են։ Նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ»։

Անդրադառնալով պատվաստված և վարակված քաղաքացիներին՝ նախարարը նշեց, որ այս պահին դրական ակտիվ 30 433 դեպքերի շրջանում պատվաստված քաղաքացիները 1702-ն են։

«Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացու շրջանում պատվաստված է 96-ը։

Վերակենդանացման բաժանմունքում 1500 քաղաքացուց 5 հոգի է, որ պատվաստված է»,- ասաց նա։

Վարչապետն էլ հավելեց՝ Հայաստանը չպետք է գնա լոքդաունների։

Նա չբացառեց, որ առաջիկայում բաց տարածքներում դիմակներ կրելու վերաբերյալ նոր որոշում կկայացվի։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առավել կարևոր ուղղությունը պատվաստումն է։ Կառավարության ղեկավարն իր ընտանիքի օրինակը բերեց՝ 6 անդամներից 4-ը պատվաստվել է։

«Վերջերս մեր 14-ամյա դուստրը վարակվեց կորոնավիրուսով, մենք բավական ուշ իմացանք, մոտավորապես՝ մեկ շաբաթ անց, ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց կորոնավիրուսով»։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար բուժաշխատողների շրջանում քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք կան, կա նաև կալանավորված 6 անձ։

Խոսելով այն մասին, որ միջոցառումների ժամանակ պաշտոնյաները դիմակ չեն կրում՝ վարչապետն ասաց․ «Հարգելիներս, քաղաքացիները հարսանիք են անում, միջոցառումներ են անում, սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են, էժան շահարկումներին պետք է չտրվել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter