HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքական հետախուզությունը ռուսաստանցի պատգամավորին մեղադրել է չեչեն ընդդիմադիրների վրա հարձակումներ կազմակերպելու մեջ

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) հայտարարել է, որ չեչենական ընդդիմության ներկայացուցիչների վրա զինված հարձակումների կազմակերպման մեջ կասկածվող ռուսաստանցիները, գործել են Չեչնիայից ՌԴ Պետական դումայի պատգամավոր, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մերձավոր Ադամ Դելիմխանովի ցուցումով։ Այդ մասին գրում է Daily Sabah-ը՝ հղում անելով MİT-ին։

Թուրքական հատուկ ծառայությունների հետաքննության մեջ նշվում է, որ ձերբակալված ռուսաստացիները պլանավորում էին հարձակվել Աբդուլհաքիմ անունով չեչեն դաշտային հրամանատարի վրա, որը Սիրիայում կռվում էր Բաշար Ասադի վարչակարգի դեմ։

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության տվյալներով՝ Թուրքիայում կալանավորվածների խմբի պարագլուխ Բիսլան Ռասաևը հրամաններ է ստացել ՌԴ Պետական դումայի պատգամավոր և Չեչնիայի նախագահի խորհրդական Ադամ Դելիմխանովից։ Հարձակման երկրորդ կազմակերպիչը, ինչպես պնդում է թուրքական հետախուզությունը, եղել է Forbes-ի ռուսական ծառայության գլխավոր խմբագրի սպանության մեջ կասկածվող Կազբեկ Դուկուզովը։ Daily Sabah-ը նշում է, որ Դուկուզովը 2004 թվականից սկսած Եվրոպայում մասնակցել է չեչեն չորս ընդդիմադիրների սպանության կազմակերպմանը։

Դեռ հոկտեմբերի սկզբին «Հետք»-ը գրել էր, որ լրտեսության մեղադրանքով Թուրքիայում 6 մարդ էր ձերբակալվել։ Ըստ CNN Turk-ի՝ նրանց մոտ հայտնաբերվել էին զինամթերք և Ռուսաստանի Դաշնության անձնագրեր։ Ավելի ուշ, պարզ դարձավ, որ նրանցից չորսը Ռուսաստանի, մեկը՝ Ուկրաինայի, իսկ մյուսը Ուզբեկստանի քաղաքացիներ են։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ օտարերկրացիները պատրաստվում էին զինված հարձակումներ գործել չեչեն ընդդիմադիրների վրա։

Hürriyet-ը հրապարակել էր կալանավորվածների անունները։ Ռուսաստանի քաղաքացիներն էին՝ Աբդուլա Աբդուլաևը, Ռավշան Ահմեդովը, Բիսլան Ռասաևը և Ասլանբեկ Աբդուլմուսլիմովը։ Կալանավորված Իգոր Եֆրիմը Ուկրաինայի քաղաքացի էր, իսկ Ամիր Յուսուպովը՝ Ուզբեկստանի։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ տեղեկատվություն չունի տեղի ունեցածի վերաբերյալ։ «Եթե նրանք, իրոք, Ռուսաստանի քաղաքացիներ են, հավանաբար մենք դիվանագիտական ալիքներով ստացել ենք կամ կստանանք ինչ-որ տեղեկատվություն։ Բայց մենք ոչինչ չգիտենք այդ մասին»,- նշել էր նա։ 

Դելիմխանովը ՌԴ Պետդումայի V, VI և VII գումարման պատգամավոր է, «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ։ Դեռ 2009 թվականին Կադիրովը Դելիմխանովին անվանել էր «մարդ, որը կարող է իրեն փոխարինել»։ Ռուս իրավապաշտպանները և լրագրողները Դելիմխանովին բազմիցս մեղադրել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մեջ։

Լուսանկարը՝ Yelena Afonina/TASS/Alamy Live News

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter