HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը 2021թ․ խորհրդարանական ընտրություններում ընդգրկված է եղել «Հայաստան» դաշինքի ցուցակում, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին Առուշանյանը կալանավայրից հայտարարություն է տարածել, որում ասվում է հետյևալը․

«Ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում` այսօր մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։

Նման որոշում եմ կայացրել այն պարզ պատճառով, որ ոչ միայն ինձ չեմ տեսնում օրենսդիրում, այլև ցանկանում եմ լինել ձեր կողքին, ձեզ հետ միասին շարունակել շենացնել մեր սիրելի Գորիս համայնքը, ուզում եմ ապրել ու արարել իմ հարազատ քաղաքում, ամբողջ ներուժս ներդնել հանուն մեր համայնքի բարգավաճման ու իմ սիրելի գորիսեցիների բարօրության։

Այս փուլում իմ հիմնական առաքելությունը մեր սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելն է։

Ուզում եմ վստահեցնել, որ առաջիկա տարիներին աշխատելու եմ առավել ջանասիրությամբ ու եռանդով, որ ձեզնից յուրաքանչյուրը, ով իր վստահության քվեն տվել է հօգուտ մեր դաշինքի համոզվի, որ մեր գործն արդար է, որ մեր նպատակներն ազնիվ են ու հեռուն գնացող։

Ես եղել և մշտապես մնալու եմ ժողովրդիս կողքին։

Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ես շարունակում եմ սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրան եմ վստահում մեր հայրենիքի պաշտպանությունն ու երկրի արագընթաց զարգացումը։

Աստված բոլորիս պահապան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատից հրաժարվել էր։ Ցուցակում վերջինիս հաջորդում էր Առուշ Առուշանյանը, որի գլխավորած դաշինքը հոկտեմբերի 17-ին կայացած Գորիսի ավագանու ընտրություններում հաղթանակ է տարել։ Առուշանյանը 2021թ․ հուլիսի 16-ից կալանավորված է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter