HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրանիկ Ապերյան․ տեսանյութի ժպտացող տղան

Տեսանյութը, որտեղ Շուշիի մատույցներում Անդրանիկը ժպտալով պատմում է, թե ինչպես են պատրաստվում «մաքրել» տարածքը թշնամուց, ընտանիքը տեսել է Անդրանիկի հուղարկավորությունից մի քանի օր հետո։ Տեսանյութը նկարահանվել է նոյեմբերի 4-ին Շուշիում, երբ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր, դրանից երեք օր անց՝ նոյեմբերի 7-ին, տասնիննամյա Անդրանիկ Ապերյանը հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվում է։

«Մինչև հիմա էլ էդ վիդեոն, որ նայում ենք, ոնց որ մեզ հետ զրույց անի, խոսի։ Ախր իրենից ոչ մի բան չունեինք, էդ ժպիտը, խոսելը, ոնց որ մեզ հետ գա, մեր մեջ լինի։ Էդ մեզ մեծ ուժ ա տալիս»,- ասում է Անդրանիկի հայրը՝ Արգամ Ապերյանը։

Ապերյանների ընտանիքը, երբ դեռ Անդրանիկը փոքր էր, Արմավիր մարզի Վանանդ գյուղից տեղափոխվել էր Ռուսաստան՝ մշտական բնակության։ Չափահաս դառնալով՝ տան կրտսեր որդին՝ Անդրանիկը, որոշում է վերադառնալ Հայաստան ու մեկնել ծառայության, ընտանիքը դեմ չի լինում։

«Անդրանիկը Հայաստան եկավ մենակ, մենք էնտեղ մեծ քեֆ-ուրախությամբ ճանապարհեցինք իրեն։ Երբ արդեն իմացանք, որ «Եղնիկներ» է ընկել, ասեցի՝ Անդրանիկ ջան, բա ինչի էդքան հեռու։ Ասեց՝ մամ, ձեզ համար ի՞նչ տարբերություն, մեկ ա, դուք էստեղ չեք»,- պատմում է մայրը՝ Քրիստինե Հակոբյանը։

Անդրանիկն ընտանիքին ծառայությունից շատ քիչ բաներ է պատմել, պատերազմից՝ գրեթե ոչինչ, այնպես որ ընտանիքում ոչ մեկ չգիտի, թե որդին կռվի ժամանակ ստույգ ինչով է զբաղվել։

«Երբ լսեցի, որ պատերազմ է սկսվել, չհավատացի, մտածեցի՝ էս որ դարն է։ Դրանից երկու օր հետո Անդրանիկը զանգեց, ասեց, որ ամեն ինչ նորմալ է, ու իրենք էլ առաջնագծում չեն։ Էդ օրվանից հետո մենք իրենից տասը օր լուր չունեցանք, հետո ուրիշների միջոցով փոխանցել էր, որ թաքստոցներում են»,- ասում է մայրը։

Արգամ Ապերյանը, որ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ասում է, որ մինչև վերջ էլ չիմացավ, թե որդին որտեղ է կռվում․ «Ասում էի՝ ես էդ բոլոր տարածքները գիտեմ, գոնե առաջին տառն ասա, վերջին տառն ասա, որ իմանամ որտեղ ես, ի վերջո պատերազմ ա, տղա ջան, ասում էր՝ պապ, եթե էլի ես նման հարցեր տալու, կանջատեմ»։

Պատերազմի առաջին օրվանից Անդրանիկը մասնակցել է մարտերի «Եղնիկներ» կոչվող տեղամասի դիրքերում։ Հոկտեմբերի 25-ին, երբ անհրաժեշտություն կար համալրելու Քարին Տակ մեկնող հետախուզական դասակի կազմը, Անդրանիկը կամավոր միանում է նրանց ու մեկնում Քարին Տակ, որտեղից էլ նոյեմբերի 4-ին՝ Շուշի։ Ողջ ընթացքում Անդրանիկն ընտանիքի հետ կապը պահել է, ամսի 7-ից կապը խզվել է։

«Վերջին անգամ Անդրանիկի հետ խոսել ենք ամսի վեցին, ասեց՝ մամ, ամեն ինչ կարգին ա։ Էդ ժամանակ իր պապիկն էր մահացել, բայց տատիկն ասաց՝ չասենք իրեն, որ չլարվի, բայց ինքն արդեն իմացել էր։ Դրանից հետո էլ ոչ մի լուր չունեցանք։ Զանգում էինք իր համարին, ուրիշն էր վերցնում, ասում էր՝ կներեք, ոչնչով օգնել չեմ կարող։ Որոշեցինք՝ վեր կենանք, գանք Հայաստան՝ մեր տղային փնտրելու, իմ մտքով ընդհանրապես չէր անցնում, որ հնարավոր է նման դեպք տեղի ունենա, ես հույս ունեի, որ ինչ-որ մի տեղ անտառներում թաքնված է։ Մինչև մենք տոմս կգնեինք, Վանանդի գյուղապետարանից զանգեցին, ասեցին, որ Անդրանիկը զոհվել է։ Նույն օրը երկու տոմս չկար․ ամսի 14-ին ես եկա, հաջորդ օրն էլ ամուսինս»,- պատմում է Քրիստինե Հակոբյանը։

Լուսիկ տատն արցունքոտ աչքերով պատմում է, որ ինքն այդպես էլ չկարողացավ վերջին անգամ թոռանը տեսնել, հրաժեշտ տալ։ Փաստաթղթերի խնդիր են ունեցել ինքը և Անդրանիկի ավագ եղբայրը՝ Երվանդը․ երկուսն էլ չեն կարողացել մասնակցել հուղարկավորությանը։

Նոյեմբերի յոթին, երբ հրաման է եղել հետ քաշվել Անդրանիկը դասակի հետ փորձել է տեղափոխել վիրավորներին և զոհվածներին, այդ ժամանակ էլ դիպուկահարի՝ պարանոցի հատվածում ստացած կրակոցից զոհվել է։ Նույն ժամանակ էլ նրա մարմինը ծառայակիցները դուրս են բերել։

Որդու հետ կատարվածից հետո Ապերյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, Արմավիր քաղաքում տուն գնել՝ մշտապես այստեղ ապրելու մտադրությամբ։

«Հազար հատ լավ կյանք լինի, ես կգնա՞մ, Անդրանիկիս կթողնե՞մ։ Ես էստեղ ամեն օր կամ երկու օրը մեկ գնում եմ Անդրանիկիս մոտ, նստում տղայիս հետ երկար զրույց անում, ես կգնա՞մ»,- ասում է հայրը։ 

Անդրանիկի իրերից ընտանիքին ոչինչ չի փոխանցվել, անգամ զինվորական գրքույկը։ Հիմա որդուց մնացած միակ հիշատակը տեսանյութն է, ու Անդրանիկի ժպտացող պատկերը։

Անդրանիկ Ապերյանը հետմահու արժանացել է Արիության համար մեդալի և պարգևատրվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

 

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Ախ․․․ ախպեր ջան․․․ Ես էս տեսանությունը տեսել եմ դեռ պատերազմի օրերին, Բաղդասարյանի մինի ռեպորտաներից․․․ էս տղու ամոթխածությունն ու ժպիտը մոռանալիք չէր․․․ Ինքն էլ ա զոհվել, փաստորեն․․․ Բաղդասարյանի ու Հետքի թիմի կողմից էդ օրերին արված նկարներն ու վիդեոները հիմա անգին են․․․ Էս ամենը առանց արցունք ու լաց չի կարդացվում, չի դիտվում․․․ սա չի մարսվում․․․ էս կորուստը անչափելի է․․․ Անվախ Անդոն <3 Հիշատակն անմար․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter