
Մահճակալային ֆոնդն այս պահին էլ գերծանրաբեռնված է․ Ա․ Ավանեսյան
Դպրոցների արձակուրդների երկարացումն ու բուհերում դասերն առցանց անելու որոշումն արդեն որոշակի դրական միտումներ են ցույց տալիս։ Այս մասին Կառավարության նոյեմբերի 4-ի նիստի ավարտին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք տեսնում ենք, որ հիվանդացության և վերարտադրողականության տոկոսի նվազում ունենք, ինչը հաջորդ շաբաթվա թվերով կարձանագրվի։ Մահճակալային ֆոնդն այս պահին էլ մնում է գերլարված իրավիճակում, մի փոքր նվազում ունենք հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց դեռ մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում, մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին։ Մահճակալների ֆոնդն արդեն 3120-ին մոտ է, աշխատանքներ ենք անում՝ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու, և ընթացիկ պլանային բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք քովիդ պացիենտներին»,- նշեց Ավանեսյանը։
Ըստ նախարարի՝ աշխատանքներ են իրականացվում թթվածնային ապահովության անխափան մատակարարման ուղղությամբ, բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են թթվածնով, չնայած՝ սպառումը շատ է։
Անդրադառնալով պատվաստումներին՝ Ավանեսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 852 355 պատվաստում, առաջին դեղաչափ ստացել է 588 562 քաղաքացի՝ 29,4%, երկրորդ դեղաչափը ստացել է 263 793 քաղաքացի՝ հասարակության 13%-ը։
«Այս պահին հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիներից ընդամենը 97-ն են պատվաստված եղել»,- հայտնեց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց պատվաստվել, քանի որ լոքդաունի չեն գնալու․ «Ես ուզում եմ՝ սա հստակ արձանագրենք։ Դիմակների պարտադիր կրումը պետք է հետևողականորեն պահենք, պատվաստումներն էլ պետք է անենք մեծ ծավալներով։ Գործնականում մեր հզորությունները թույլ են տալիս, որ 25 հազար պատվաստում իրականացվի, օրեր են լինում, որ դրանից քիչ ենք անում՝ քաղաքացիների ոչ ակտիվ լինելու պատճառով։ Պետք է մարդկանց փրկել։ Այդ փրկության միջոցը կա։ 2020-ի գարնանն էր, որ աշխարհը շվարած, չգիտեր՝ ինչ աներ։ Էսօր կա շատ հստակ պատկեր՝ այն երկրներում, որտեղ կան 80-90% պատվաստումներ, այնտեղ գործնականում հարցը լուծված է, այսինքն՝ մահվան շատ ցածր ցուցանիշներ են»,- եզրափակեց Փաշինյանը։
Մեկնաբանել