HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սաակաշվիլու առողջական վիճակը կտրուկ վատացել է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առողջական վիճակը, որն ավելի քան մեկ ամիս շարունակում է հացադուլը Ռուսթավիի բանտում, կտրուկ վատացել է։ Ռուսական «Дождь» հեռուստաընկերության եթերում News Georgia տեղեկատվական գործակալության խմբագիր Իյա Բարատելին հայտարարել է, որ  քաղաքական գործչի մոտ սկսվել են հիշողության ձախողումներ, նա կորցնում է տրամաբանական կապը և չի կարող նամակ գրել։

Վերջինս կարծում է, որ վրացական իշխանություններին ընդհանրապես շահեկան չէ Սաակաշվիլուն փակել բանտում, քանի որ վերջինս իշխանությունների համար կլինի «անկայունության լուրջ գործոն»։ Ըստ վրացի լրագրողի՝ նախկին նախագահի անազատության մեջ գտնվելը համարվում է «ընդդիմության համար շատ մեծ խթան»՝ շարունակելու բողոքի ցույցերը։

Ավելի վաղ, Վրաստանի Առողջապահության նախարարությանը կից ձևավորված բժշկական խորհուրդը խորհուրդ էր տվել Սաակաշվիլուն տեղափոխել խառը տիպի բազմաֆունկցիոնալ կլինիկա։ Քաղաքական գործչի փաստաբաններն աջակցել էին այդ դիրքորոշմանը։ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ բանտի հիվանդանոցը, որտեղ կարող են տեղափոխել Սաակաշվիլուն, չի կարող ապահովել նրա անվտանգությունն ու պատշաճ բուժումը։

Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինայից Վրաստան էր վերադարձել այդ երկրում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին՝ հոկտեմբերի 2-ին, որպեսզի մոբիլիզացնի իր աջակիցներին։ Նա բերման էր ենթարկվել և ձերբակալվել, որից հետո հացադուլ հայտարարել։ Հաջորդող շաբաթների ընթացքում Թբիլիսիում տեղի են ունեցել բողոքի մի քանի ցույցեր։ Ամենաբազմամարդ ակցիան կայացել է հոկտեմբերի 14-ին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել մայրաքաղաքի փողոցներ՝ պահանջելու ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլուն։

Լուսանկարը՝ Sputnik-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter