HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արարատի մարզպետը «ջրից չոր» դուրս եկավ, իսկ ազգական համայնքապետը խախտել է օրենքը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի դեպքում զբաղեցրած պաշտոնի հետ անհամատեղելիության խախտում չի հայտնաբերել: Վարույթը հարուցվել էր «Հետք»-ի հրապարակման հիման վրա: 

Գրել էինք, որ Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020թ. դեկտեմբերի 10-ին: Մարզպետ նշանակվելուց առաջ նա եղել է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենը, սակայն պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ մարզպետը 2021թ. մայիսի 25-ի դրությամբ շարունակում էր մնալ գործարանի տնօրենը, թեև օրենքը համատեղելիությունն արգելում է: Գործարանի տնօրենի պաշտոնը Արարատի ներկայիս մարզպետը զբաղեցրել է 2004 թ․-ից:

0-1.jpg (84 KB)

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) Հանձնաժողովին պարզաբանել են, որ Ռազմիկ Թևոնյանի համար 2021թ. հունվար ամսվա և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ գործարանից չեն հաշվարկվել: Վերջինիս անունից հունվարի 10-ից հետո հարկային հաշվարկներ չեն ստորագրվել և ներկայացվել:

Ուշագրավն այն է, որ 2020թ. դեկտեմբերի 17-ին ՊԵԿ ներկայացվել է Ռ. Թևոյանին գործարանի տնօրենի պաշտոնից ազատելու ընկերության միակ մասնակից, Ռ. Թևոնյանի ազգական, Արալեզ համայնքի ղեկավար Մարտիկ Թևոնյանի որոշումը: Սակայն Ռազմիկ Թևոնյանի փոխարեն նոր տնօրեն նշանակվել և այդ մասով պետական ռեգիստրում փոփոխություն իրականացվել է միայն «Հետքի» հրապարակումից հետո՝ 2021 թ. հունիսի 4-ի գրությունով: Այդ ընթացքում որոշումները կայացրել է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ Նարինե Թևոնյանը, ով մարզպետ Թևոնյանի դուստրն է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2021թ. սեպտեմբերի 14-ին որոշել է վարույթը կասեցնել: Հանձնաժողովի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած, որ Ռազմիկ Թևոնյանին տնօրենի պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումները կազմվել են ոչ թե 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ին, այլ՝ հանձնաժողովում հարուցված վարույթից հետո: Ըստ հանձնաժողովի՝ այդպիսով «նպատակ ունենալով չեզոքացնել անհամատեղելիության պահանջների հնարավոր խախտումները»:

Հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին գլխավոր դատախազություն է ուղարկել գրություն՝ վարույթում առկա բովանդակային տարբերություն ունեցող նյութերին քրեադատավարական ընթացակարգերի շրջանակում գնահատելու, հիմքերի առկայության դեպքում՝ ընթացք տալու նպատակով:

Հոկտեմբերի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստացել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում առերևույթ կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը:

Ակնհայտ է, որ այդ ընթացքում իրավապահ մարմինները պատշաճ քննություն չեն իրականացրել: Չեն նշանակվել փորձաքննություններ հնարավոր կեղծիքը բացահայտելու նպատակով և այլն:

Հանձնաժողովը, հիմք ընդունելով նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, հոկտեմբերի 18-ին եզրակացրել է, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը չի խախտել անհամատեղելիության պահանջները:

Նշենք, որ վարույթի ընթացքում՝ սեպտեմբերի 9-ին Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, ինչը հաստատել էր նրա խորհրդականը: Սակայն ընթացքում փոշմանել ու հետ է վերցրել դիմումը՝ հավանաբար պարզաբանելով իր հարաբերությունները իշխանության վերնախավի հետ:

Մարզպետի ազգական համայնքապետը խախտել է օրենքի պահանջը

Նույն հոդվածում նաև գրել էինք, որ «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը պատկանում է մարզպետի ազգականին՝ Մարտիկ Թևոնյանին, որը 1991 թ․-ից Արարատի մարզի Արալեզ համայնքի ղեկավարն է: 

Հրապարակման հիմքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել նաև համայնքապետի մասով: Պարզվել է, որ Մարտիկ Թևոնյանը գույքը անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է գործարանին, սակայն, լինելով ընկերության միակ բաժնետերը, բաժնեմասը չի հանձնել հավատարմագրային կառավարման: 

Մեր հրապարակումից և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելուց հետո միայն՝ 2021թ. օգոստոսի 19-ին, կնքվել է ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագիր:

Մարտիկ Թևոնյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, թե իրեն պատկանող անշարժ գույքի՝ տարածքի անհատույց օգտագործման իրավունքով ընկերությանը հանձնելը հասկացել է որպես հավատարմագրային կառավարման հանձնում: Վարույթի ընթացքում է հասկացել, որ բաժնեմասը պետք է հանձնվեր հավատարմագրային կառավարման:

Համայնքի ղեկավարը հաստատել է, որ ընկերության կառավարման հետ կապված հարցերը լուծվել են իր մասնակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ զբաղվել է ընկերության կառավարչական հարցերով:

Հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին եզրակացրել է, որ Մարտիկ Թևոնյանը խախտել է պաշտոնի անհամատեղելիության պահանջը: Այսինքն՝ զբաղեցրել է անհամատեղելի պաշտոն:

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում:

Անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու հիմքով համայնքի ավագանին պետք է կազմեր համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:

Մարտիկ Թևոնյանը շարունակում է մնալ Արալեզ համայնքի ղեկավարը՝ վայելելով մարզպետի աջակցությունը: Պարզաբանման նպատակով զանգահարեցինք Մարտիկ Թևոնյանին: Նա կա՛մ չէր պատասխանում հեռախոսազանգերին, կա՛մ անհասանելի էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter