HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանը հայտարարել է Բաքվի հետ «որոշակի թյուրըմբռնումների» հարթման մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հայտարարել է «որոշակի թյուրըմբռնումների» հարթման մասին, որոնք վերջին շրջանում առաջացել էին Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Ըստ իրանական կողմի՝ այդ երկրի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

Աբդոլահյանը նշել է, որ դրան հնարավոր է եղել հասնել «երկու երկրների ներկայացուցիչների հեռատեսության շնորհիվ»։ Իրանցի նախարարն ընդգծել է Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունների կարևորությունը։ «Մի շարք հարցերի սխալ մեկնաբանության հետ մեկտեղ, որոնք վերջին շրջանում տեղ ունեին երկկողմ հարաբերություններում, արձանագրվել են մի շարք շրջանակների փորձեր՝ վնաս հասցնելու Թեհրանի և Բաքվի միջև բարեկամական կապերին։ Երկու երկրների ներկայացուցիչների հեռատեսության շնորհիվ հարցը լուծվել է։ Մենք կշարունակենք զարգացնել համագործակցությունը՝ ի շահ Իրանի և Ադրբեջանի»,- նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թեհրանն ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասում «3+3» նախաձեռնությանն ու այդ շրջանակներում երկխոսության և համագործակցության ձևաչափին։ «Բոլոր տարաձայնությունները և ճգնաժամերը պետք է լուծվեն մեխանիզմների հիման վրա, որոնք մշակվում են տարածաշրջանի ներսում»,- նշել է Աբդոլահյանը։

Իր հերթին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել թույլ չտալ վնաս հասցնել իրանա-ադրբեջանական հարաբերություններին։ Նա նշել է, որ ցանկացած հարց պետք է քննարկվի երկու երկրների բարեկամության ավանդույթների հաշվին։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է Թեհրանի հետ գործընկերության։

Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Իրանն ու Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով փոխանակվում էին քննադատական հայտարարություններով։ Երկու երկրները միմյանց սահմանների մոտ, այդ թվում՝ այլ երկրների մասնակցությամբ, հատկապես՝ Թուրքիայի, անց էին կացնում զորավարժություններ։ Թեհրանն Ադրբեջանին մեղադրում էր իր սահմանի երկայնքով իսրայելական ուժերի և միջոցների տեղակայման մեջ, իսկ Բաքուն իր մտահոգությունները հայտնում իրանական զորավարժությունների վերաբերյալ՝ նաև հավելելով, որ «իրանական բեռնատարներն անօրինական կերպով մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ»։

Հոկտեմբերի 27-ին Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլն ավարտված է։ «Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ես կարծում եմ, որ մենք ավարտել ենք լարվածության հրապարակային փուլը։ Ենթադրում եմ, որ մեր ունեցած խնդիրներն աստիճանաբար կլուծվեն»,- նշել էր նա։ Դիվանագետը հավելել էր, որ Իրանի ներկայիս կառավարությունը նպատակամիտված է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter