HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ամբողջ կյանք՝ կորսված Շեխերում

Բաղդասար Ղուլյանը սեղանին զգուշությամբ երեք շիշ գինի է դնում․ հազարավոր շշերից հիմա ընդամենը մոտ քսանն ունի, որոնք խմելու համար չեն, դրանք նմուշներ են մայր գործարանից։ Արդեն մեկ տարի է՝ Բաղդասար Ղուլյանի «Apris» գինին էլ չի արտադրվում։ Գործարանը գտնվում էր Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղում, որը 2020թ․ արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 28-ին, թշնամին գրավեց։

Շեխերում է անցել Բաղդասար Ղուլյանի ողջ կյանքը, ու նրա բոլոր հիշողությունները կապված են մոտ 400 բնակիչ ունեցող այդ գյուղի հետ։ Շեխերում են ծնվել Բաղդասարի և Անահիտի յոթ զավակները ՝ Լոռան, Լևոնը, Գարիկը, Հայկը, Կաքավիկը, Շահանեն և Ամուրը։ Ընտանիքի բոլոր անդամները ներկա են, չկա միայն Հայկը, նա զոհվել է հոկտեմբերի 4-ին Ջրականի շրջանում։ Հայկը ժամկետային զինծառայող էր, այս ամռանը պետք է զորացրվեր, անվճար սովորում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում ու երազում էր դառնալ Արցախի նախագահ։ 

Պատերազմից հետո Հայկի շիրիմը մնացել էր Շեխերում։ «Ես չէի ուզում Հայկին գյուղում հուղարկավորել, վտանգ էի զգում, տղաներս ինձ չթողեցին, ասեցին՝ դու խուճապ ես անում, քո պատճառով գյուղը հանձնելու ենք, ես էլ մտածեցի՝ երևի ճիշտ են, հանկարծ խոչընդոտողը ես չլինեմ,- պատմում է 53-ամյա գինեգործը,- գյուղն արդեն դատարկվել էր, ես ամեն օր գնում էի Հայկի շիրիմի մոտ, որ հանկարծ մի բան լինելու դեպքում, հասցնեի հանել իրեն»։

Բաղդասարի մյուս երկու որդիները նույնպես մասնակցում էին պատերազմին․ մեկը` Ֆիզուլիի, մյուսը` Մարտունու շրջանում, հոկտեմբերի 23-ից սկսած՝ մասնակցում էին արդեն գյուղի պաշտպանությանը։ Բաղդասար Ղուլյանը մարտական գործողություններին անմիջական մասնակցություն չի ունեցել։

«Մինչև վերջ էլ զենքը մեքենայիս մեջ դրած է եղել, բայց չեմ կրակել։ էդ ժամանակ ես ոչ մեկին տեսնել չէի ուզում, ոչ մի բանի վրա կենտրոնանալ չէի կարողանում, մի տղաս չկար, մյուս երկուսը վտանգի մեջ էին, չգիտեի՝ ընտանիքս որտեղ է, ում տանը, դառը մոլորվածության մեջ ապրում էի»,- հիշում է Բաղդասարը։

Բաղդասար Ղուլյանը, 2000թ.-ից սկսած, տասը տարի ղեկավարել է գյուղը, ստեղծել անասնաֆերմա, իսկ 2010-ին, որոշելով շարունակել հոր գործը, սկսել է գինու արտադրություն։ Վեց հեկտար Խնդողնի տեսակի խաղողի այգիները տարեկան մի քանի հազար լիտր գինի էին ապահովում։ Նպատակ կար մինչև 2023թ․-ը արտահանել յոթ հարյուր հազար շիշ «Apris» գինի։ 45 հազար շիշը, որ նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին պատրաստ սպասում էր արտահանվելու, այդպես էլ գործարանից դուրս չեկավ։ Տակառներում մնաց տասնյակ հազարավոր լիտրերով հնացվող գինի։ 

Բաղդասար Ղուլյանը մանրամասն նկարագրում է, թե երկար տարիներ ինչպես էր իր օրը սկսում Շեխերում։ Գյուղի առաջին արթնացողներից էր, հետո կամաց-կամաց նշմարում էր հարևան տներից բարձրացող ծուխը։ Առաջնահերթ ստուգում էր ֆերմայի կենդանիներին, հետո գնում գործարան, համտեսում գինին, դիմավորում աշխատողներին, կերակրում շներին, երեխաներին ճանապարհում դպրոց ու գնում այգիներ։ Այսքանից հետո կարելի էր արդեն նախաճաշել։

«Աշխույժ, երջանիկ ապրում էինք, քոռ ու փոշման ելանք, եկանք»,- գլուխը տարուբերելով՝ ասում է Բաղդասարը։  

«Պատերազմի օրն էլ նոր էի արթնացել, պայթյուն լսեցինք, մայրս ասեց՝ աչքիս կռիվ ա սկսել, ասեցի՝ չէ, ինչ կռիվ, ուսումնական կլինի։ Հետո մի հարևան ունեի՝ Անուշը, լացելով եկավ, թե Վրեժի հետ խոսել եմ՝ պատերազմ ա»,- հիշում է Բաղդասարը։

Մի քանի օր հետո, երբ արդեն երևում էր, որ կռիվը շուտ չի ավարտվելու, տան կրտսեր զավակներին ուղարկել է Երևան, մյուսները գյուղում են մնացել մինչև հոկտեմբերի 18-ը, Ղուլյանները տնից և գործարանից իրենց հետ ոչինչ չեն վերցրել։

«Հոկտեմբերի տասն էր, ընկերս Ամերիկայից զանգեց, ասաց՝ մեքենան ուղարկում եմ, գա գինին տանի, չթողեցի, ասացի՝ եթե Հայկին գյուղից չհանեմ, ուրեմն ոչ մի բան էլ չեմ հանելու»,- հիշում է Բաղդասարը։

Բաղդասար Ղուլյանը ընտանիքին դուրս բերելուց հետո միայնակ է մնացել գյուղում ու ականատես եղել Շեխերում մի քանի օր ընթացող մարտական գործողություններին։ Թշնամին գյուղ է մտել հոկտեմբերի 23-ին, չսպասելով որևէ դիմադրության, առանց զգուշավորության առաջ է եկել։ Անտառներում նախապես պատսպարված հայկական զորքը ամբողջովին ոչնչացրել է հակառակորդի մարդկային ուժը ու խոցել զինտեխնիկան։ Թվում էր, թե այսքանով վերջացած էր Շեխերի համար մղվող կռիվը, բայց հաջորդ օրը գյուղ նոր զորք է մտնում, մյուս օրը՝ նորից ու այսպես մինչև հոկտեմբերի 28-ը։ Հայկական զորքը նահանջի հրաման է ստանում, գյուղում մնում է մոտ քսան հոգի, նրանց պայքարը արդյունք չի տալիս․ Շեխերն ընկնում է։

«Զանգեցի մեծ տղայիս, ասեց՝ պապ, գյուղն էլ չկա, ասեցի՝ բա հիմա ինչ եք անում, պատասխանեց՝ վաղը կգա, կիմանաս։ Կապվեցի միջնեկ տղայիս, ասեց՝ Լևոնը գնացել ա գյուղ, որ Հայկին հանի։ Ոչ էնա մեռած եմ, սաղ չեմ, զանգում եմ, չի վերցնում, առավոտյան 7-ին մի կերպ խոսեցինք։ Ասաց, որ թուրքը արդեն ամբողջ գյուղով լցված ա։ Մի կերպ կարողացել էր մտնել տուն, Հայկի նկարն էր վերցրել, մի քանի գրություն ու դուրս եկել»,- պատմում է Բաղդասար Ղուլյանը։

Պատերազմի ընթացում Շեխերը 4 զոհ է ունեցել, որոնցից երկուսը սահմանին, երկուսը՝ գյուղի պաշտպանության ժամանակ։ Դրանից հետո գյուղում երեք տղա երեխա է ծնվել, երեքին էլ անվանակոչել են Հայկ։

Գյուղում եղած ժամանակ, երբ իրավիճակը արդեն անվերահսկելի էր, Բաղդասարը իր մոտ 130 գլուխ խոշոր եղջերավոր անասուններին բաց է թողել դաշտերում, քանի որ արդեն անհնար է եղել կերակրել ու խնամել նրանց։ Հետագայում Լևոնը պատմել է հորը, որ կենդանիների մի մասը արկերից ու ականներից դաշտերում սատկել էին, հորթերն անկանոն թափառել են, դրանցից նոր ծնված մեկը կանգնած է եղել սատկած մոր կողքին։

Պատերազմն ավարտվեց, բոլորը վերադարձան, տան փոքրերն այդ ժամանակ իմացան, որ Հայկն այլևս չի գալու։ Հրադադարից մեկ-երկու շաբաթ հետո Բաղդասար Ղուլյանը դիմում է, որպեսզի թույլտվություն ստանա որդուն արտաշիրիմելու և գյուղից հանելու։ Պատասխանում են, որ ամենաշատը մի քանի շաբաթից գյուղը վերադարձվելու է, ու դրա կարիքը չկա։ Մի քանի շաբաթն անցնում է, և գյուղի վերադարձի մասին ոչ մի խոսք չկար, Բաղդասարը որդու աճյունը տեղափոխելու հարցով նամակով դիմում է Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Հիմա Հայկի աճյունը ամփոփված է Եռաբլուրում։

«Առաջվա Բաղդասարը էլ չկա, ես հիմա ուրիշ մարդ եմ։ Կորցրի տղայիս, քեռուս տղային, ընկերներիս, որոշներին՝ ոչ ֆիզիկապես։ Շատ ընկերներ ունեմ, որոնց հետ էլ առաջվա նման շփվել չեմ կարողանում, զգում եմ, որ իմ ներկայությամբ կաշկանդվում են, չեն ծիծաղում, ես նույնպես։ Հիմա ծիծաղել կարողանում եմ միայն ուրիշ զոհված տղաների ծնողների հետ․ մեր ցավը նույնն է»,- ասում է Բաղդասար Ղուլյանը։

Հիմա Ղուլյանների ընտանիքը վարձով ապրում է Երևանում և փորձում նորից զբաղվել գինեգործությամբ։ Բաղդասարը նոր տարածք է գտել խաղողի այգի հիմնելու համար։ Այս տարվա համար Արցախից մի քանի տոննա Խնդողնի տեսակի խաղող է բերել ու Եղեգնաձորում գինի պատրաստել։

«Հույս ունենք՝ ամեն ինչ նորմալ կլինի, ու 2023-ին կկարողանանք արտահանել, բայց, իհարկե, շատ քիչ խմբաքանակով։ Սա իմ շանսն է, եթե չկարողանամ ու շուկան կորցնեմ, հետ բերելը շատ դժվար կլինի»,- ասում է Բաղդասարը։

Բաղդասար Ղուլյանն ինքն է տեսել, թե ինչպես են իր գործարանից ադրբեջանցիները գինու արկղերը զգուշությամբ տեղափոխում՝ առանց վնասելու։ Ըստ նրա տեղեկությունների՝ գործարանը հիմա պատկանում է ադրբեջանցի մի բարձրաստիճան պաշտոնյայի։

«Միևնույնն է իրենք էդ գինին վաճառել չեն կարողանա, դա իմ բրենդն է, և դրսում ոչ ոք այն չի վերցնի»,- ասում է Բաղդասար Ղուլյանը՝ ավելացնելով, որ ինքը հույսը չի կորցնում, մի օր իրենք անպայման վերադառնալու են Շեխեր։

Լուսանկարները՝ Բաղդասար Ղուլյանի անձնական արխիվից

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Գլխավոր լուսանկարում՝ Հայկ Ղուլյանը հոր հետ, 2006թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter