HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թբիլիսիում մեկնարկել է Սաակաշվիլու գործով դատավարությունը. նրան չեն թույլատրել մասնակցել դատական նիստին

Թբիլիսիի քաղաքային դատարանում նոյեմբերի 10-ին սկսվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գործի քննությունը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ցույցերը ցրելու մեջ։ Այն ժամանակ ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել էր հատուկ միջոցներ, որի հետևանքով տուժել էր մի քանի հարյուր մարդ։ 

Կալանքի տակ գտնվող Սաակաշվիլուն դատարանի առաջին նիստին թույլ չեն տվել մասնակցել։ Ինչպես հայտարարել է Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայությունը, այդպիսի որոշում ընդունվել է նախկին նախագահի անվտանգության ապահովման համար։ «Սաակաշվիլին դադարեցրել է բուժումը և նրա տեղափոխումն ու ներկայությունը դատական գործընթացին հավելյալ ռիսկ է հանդիսանում նրա առողջության համար»,- TACC գործակալությունը մեջբերել է Վրաստանի արդարադատության նախարարության հայտարարությունը։ 

Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ին ձերբակալվել էր Վրաստանում, որտեղ վերադարձել էր հեռանալուց 8 տարի անց։ Նախկին նախագահը կալանավորումից հետո հացադուլ էր սկսել։ Հացադուլի 39-րդ օրը նրան տեղափոխել էին կալանավայրի հիվանդանոց, սակայն Սաակաշվիլին հրաժարվել էր ընդունել բուժօգնություն։ Բացի այդ, ինչպես հայտնում է Интерфакс-ը, Վրաստանի իշխանությունները նշել են, որ Սաակաշվիլու կողմնակիցները կարող են փորձել խանգարել դատարան նրա տեղափոխմանը՝ ստեղծելով սպառնալիք հասարակական անվտանգության համար։ 

Ընդդիմության ցույցի ցրման մասով քրեական գործը հարուցվել է 2014 թվականին։ Վրաստանի արդարադատության նախարարությունն ի սկզբանե կողմ էր, որ Սաակաշվիլու նկատմամբ գործընթացը անվտանգությունից ելնելով անցնի հեռավար ձևաչափով։ Ավելի վաղ, Սաակաշվիլին Վրաստանում հեռակա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում էր 2006 թվականին բանկային ծառայող Սանդրո Գիրգվիլիանիի սպանությանը մեղսակից լինելու համար։ Բացի այդ, նա դատապարտվել էր նաև 6 տարի ազատազրկման՝ 2005 թվականին խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլու վրա հարձակման կազմակերպման գործով։

Այն բանից հետո, երբ Սաակաշվիլին վերադարձավ Վրաստան, նրա նկատմամբ հարուցվեց քրեական նոր գործ՝ սահմանի ապօրինի հատման մեղադրանքով։

Լուսանկարը՝ Сергей Харченко / Zuma / Global Look Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter