HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կրակի լիակատար դադարեցման կոչ է արել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կոչ արել շտապ թուլացնել լարվածությունն ու ապահովել կրակի լիակատար դադարեցում։ 

«Այսօրվա իրադարձությունների լույսի ներքո բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ Լարվածության շտապ թուլացման ու հրադադարի կոչ եմ արել»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Շառլ Միշելը։ 

Եվրոպական խորհրդի ղեկավարը ընդգծել է «տարածաշրջանում առկա բարդ իրավիճակը»։ «ԵՄ-ն հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ հաղթահարելու լարվածությունը՝ հանուն կայուն Հարավային Կովկասի»,- գրել է նա։ 

Այսօր, ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ «Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ»,- նշվում էր ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Ըստ պաշտոնական տվյալների՝ 17։00-ի դրությամբ՝ ՀՀ զինված ուժերի 12 զինծառայող գերեվարվել է։ «Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ»,- հայտարարել է պաշտպանական գերատեսչությունը։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Երևանը կդիմի Մոսկվային՝ օգնություն ստանալու համար։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Լուսանկարում՝ Շառլ Միշելը/ Olivier Hoslet/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter