HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել սահմանային լարվածությունը

ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել թուլացնել լարվածությունն ու քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի կարգավորման համար։ 

«Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը՝ կապված տարածաշրջանում, այդ թվում և Հայաստան-Ադրբեջան սահմանի միջադեպերի հետ: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին ու կողմերին կոչ եմ անում անհապաղ թուլացնել լարվածությունն ու քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է շվեդ դիվանագետը։ 

Այսօր, ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ «Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ»,- նշվում էր ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Ըստ պաշտոնական տվյալների՝ 17։00-ի դրությամբ՝ ՀՀ զինված ուժերի 12 զինծառայող գերեվարվել է։ «Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ»,- հայտարարել է պաշտպանական գերատեսչությունը։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Երևանը կդիմի Մոսկվային՝ օգնություն ստանալու համար։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Լուսանկարը՝ Անն Լինդեի թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter