ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստ է քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա լարված իրավիճակը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռևս չի պլանավորել նիստ անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի առկա իրավիճակի վերաբերյալ, սակայն ԱԽ անդամները կարող են դա քննարկել։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը։
«Օրակարգում ոչինչ չկա, բայց տեսնենք։ Մենք կարող ենք դա քննարկել»,- լրագրողներին հայտարարել է Ռիվյերը։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում։ Արդեն երեք օր է ինչ առանձին միջադեպեր են լինում այդ հատվածում։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով դրանք վերածվել են ակտիվ մարտական գործողությունների, որտեղ կիրառվում է հրետանի և զրահատեխնիկա։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 17։00-ի դրությամբ՝ ՀՀ զինված ուժերի 12 զինծառայող գերեվարվել է։ «Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ»,- հայտարարել է պաշտպանական գերատեսչությունը:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Երևանը կդիմի Մոսկվային՝ օգնություն ստանալու համար։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Լուսանկարը՝ AP File Photo
Մեկնաբանել