HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Պետգույքի կառավարման կոմիտեն ասում է՝ քաշաթաղցիները պետք է լքեն կոմիտեին ամրացված շենքը

«Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենքը ներկայումս հանդիսանում է հասարակական նպատակային նշանակության գույք և ենթակա է օտարման։ Գույքի օտարման գործընթացը նորից սկսելուց առաջ այնտեղ փաստացի տարածքներ զբաղեցրած քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում կրկին տարածքն ազատելու պահանջ կներկայացվի». հոկտեմբերի 25-ին Պետգույքի կառավարման կոմիտեին հասցեագրված մեր հարցմանն այսպիսի պատասխան ենք ստացել։

Հոկտեբերի 21-ին «Հետքը» գրել էր, որ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից ու հարակից գյուղերից տեղահանված 11 ընտանիք 2020թ․ դեկտեմբերից ապրում է Նորք-Մարաշում գտնվող Նորքի այգիներ 180 հասցեի կիսավեր շենքում, որը 2002 թվականից ամրացված է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ 

Գրավոր հարցմամբ դիմել էինք կոմիտեին։ Պետգույքի կառավարման կոմիտեն մեր հարցումը մերժել էր, անհասկանալի պատճառաբանությամբ։

Երկրորդ անգամ հարցում ուղարկել ենք կոմիտեի վերադաս մարմին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ), որպեսզի նրանց միջոցով ստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները։ ՏԿԵՆ-ը մեզ տրամադրել է կոմիտեից ստացված տեղեկատվությունը։

Մեզ պատասխանել են, որ Երևանի Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենքը դեռևս չի օտարվել, ամրացված է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Գույքը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է  օտարման, բայց դեռևս չի օտարվել, հայտեր չլինելու պատճառով։ 

Հարցերել էինք նաև, թե ինչու՞ չեն կարող Քաշաթաղից տեղահանվածներն ապրել շենքում, եթե այն պետական է ու դեռ չի օտարվել, ստացել ենք հետևյալ պատասխանը։ «Ելնելով մի շարք գործոններից, ինչպես նաև գույքի նպատակային նշանակությունից՝ վերը նշված գույքը չի կարող հատկացվել, որպես ժամանակավոր կացարան»։

Տարածքն ազատելու պահանջով կոմիտեի աշխատակիցների հետ հասցե են այցելել նաև ոստիկանության աշխատակիցները։ Հարցրել ենք, թե ինչո՞վ էր պայամնավորված ոստիկանության աշխատակիցների այցը։ Ինչին ի պատասխան՝ հայտնել են, որ այցը պայմանավորված է եղել այնտեղ բնակվող քաղաքացիներին տարածքն ազատելու վերաբերյալ ներկայացվող պահանջով։

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter