HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաշաթաղից տեղահանված 11 ընտանիքի փորձում են դուրս հանել պետական կիսավեր շենքից

Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից ու հարակից գյուղերից տեղահանված 11 ընտանիք 2020թ․ դեկտեմբերից ապրում է Նորք-Մարաշում գտնվող Նորքի այգիներ 180 հասցեի կիսավեր շենքում, որը 2002 թվականից ամրացված է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այն նախկինում եղել է առողջապահական բժշկական կենտրոնի շենք, ունեցել է նաև հողամաս։ Շենքի ընդհանուր մակերեսը մոտ 2018 քառակուսի մետր է, հողամասի մակերեսը՝ 1,8 հեկտար։

2020 թվականի հունիսի 25-ի կառավարության նիստում որոշվել է մրցույթով օտարել շենք-շինությունն ու հարակից հողամասը։Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվել է 1 մլրդ 333 մլն դրամ։ 

Քաշաթաղցցի Սևակ Մուրադյանը մեզ հայտնեց, որ մինչև իրենց տեղափոխվելը՝ շենքի առաջին հարկի մի հատվածում բնակվում էր մի ընտանիք, որը Արցախից Հայաստան էր տեղափոխվել 1992 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Մեր այցելության պահին այդ ընտանիքի անդամները տանը չէին։

Կիսավեր, առանց կոմունալ հարմարությունների, առանց դռների ու լուսամուտների շենքում պայմանները բարելավելու համար քաշաթաղցիները սկսել են վերանորոգել այն, կառավարության կողմից տրամադրվող պետական աջակցության գումարները հավաքել ու կոյուղագիծ են անցկացրել, դռներ ու պատուհաններ դրել, որպեսզի կարողանան ապրել այնտեղ։

 

Սևակ Մուրադյանն ասում է, որ առանց որևէ մեկին տեղյակ պահելու են տեղափոխվել այդ շենք։ Սկզբում ապրում էին հարակից «Երևանի N1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում», բայց քանի որ այնտեղ սենյակները չէին հերիքում, մեծ ընտանիքները որոշել են դուրս գալ ու ապրել հարակից կիսավեր շենքում։

Նրանց պարբերաբար փորձել են դուրս հանել այնտեղից։ Սևակին ու մեկ այլ քաշաթաղցի Սերոբին ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ տարել են բաժին։ Նրանք ասել են, որ հրաժարվում են լքել շենքը, քանի որ չունեն բնակվելու այլ վայր։ 

Շենքում էլեկտրականություն չկա։ Բերձորից տեղահանված Սուսաննա Ծատրյանն ասում է, որ օրվա մեջ երկու ժամ են լույս ունենում, այն էլ էլեկտրամատակարարման սարքի (դվիժոկ)՝ միջոցով։ Սարքը բենզինով ապահովելու համար ամռանը ամեն ընտանիք շաբաթական 2000 դրամ է հավաքել, իսկ նախորդ ձմեռ՝ ամեն ընտանիք 4000 դրամ։

Տեղահանվածները հույս ունեն, որ շուտով կլուծվի նրանց կարգավիճակի հարցն ու կկարողանան բնակարանների գնման սերտիֆիկատ ստանալ։

Սևակ Մուրադյանին Պետգույքի կառավարման կոմիտեից տեղեկացրել են, որ շենքն աճուրդի է դրված ու ամեն պահի կարող են դուրս հանել այնտեղից։ 

«Եթե պետական ա, մենք էլ տեղ չունենք գնալու, մեր ճակատագիրը էնպես է դասավորվել, որ մերը կորցրել ենք, ինչու՞ չենք կարող գոնե ժամանակավոր էստեղ մնալ»,- դժգոհում է Սևակը։

Մեկնաբանություն ստանալու համար դիմել ենք նաև Պետական գույքի կառավարման կոմիտե, սակայն այնտեղից դեռևս որևէ ձևով չեն մեկնաբանում։ Կոմիտեից պատասխան ստանալու դեպքում, այն նույնպես կհրապարկենք։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter