«Ադրբեջանը բաց հայտարարել է, որ դիմելու է բոլոր հնարավոր քայլերին եւ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի»
Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ
-Մայիսից ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանցիները նոր էսկալացիայի դիմեցին նոյեմբերին այն բանից հետո, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հաստատեց այն պնդումը, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակում չի լինելու միջանցքային տրամաբանությամբ։ Արդյոք այս հանգամանքը Բավքի ռեժիմին դրդեց իր եւ Թուրքիայի նկրտումներին փորձել հասնել ուժի միջոցով։
-Հետպատերազմյան իրավիճակում Ադրբեջանը չի բացառել, որ ձգտելու է իր ուզած հարցերին հասնել ցանկացած ճանապարհով, այդ թվում՝ եթե անհրաժեշտ լինի, ուժի կիրառման ճանապարհով։
Երկրորդ խնդիրը հետեւյալն է. ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները ստեղծել են մի իրավիճակ՝ սկսած դիվանագիտական դաշտում նկատվող միտումներից, ավարտած անվտանգության ոլորտում չիրականացված գործողություններից, որի հետեւանքով տարբեր երկրների համար Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման առումով բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։
Երրորդ հանգամանքը. պետք է արձանագրել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները նվազագույնը ի վիճակի չեն, չեն պատկերացնում իրավիճակի ողջ լրջությունը, չկա որեւէ հնարավորություն լուծելու կամ չեզոքացնելու այն սպառնալիքները, որն այսօր մենք ունենք։
-44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Թուրքիայի հետ զորավարժություններ էր իրականացրել իր վերահսկողության տակ անցած Քարվաճառում եւ Քաշաթաղում՝ լեռնային պայմաններում։ Արդյոք այդ զորավարժությունների նպատակն այս վերջին էսկալացիան էր։
-Դժվար է հստակ ասել, թե կոնկրետ այս կամ այն զորավարժությունն ուղղված էր վերջին օրերի իրադարձություններին, բայց մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում՝ իր զինված ուժերի մարտունակության աստիճանը բարձրացնելու եւ տարբեր խնդիրների լուծման համար։ Ըստ այդ տրամաբանության՝ նաեւ պետք է դիտարկել սահմանի տարբեր հատվածներում՝ հատկապես Քարվաճառում, Քաշաթաղում, ադրբեջանական տարբեր զորամասերի տեղակայումը կամ վերատեղակայումը, անվտանգության համապատասխան միջոցառումների իրականացումը, նոր բնագծերում նոր ենթակառուցվածքների ստեղծումը, որոնք ադրբեջանական զորքերի համար տարբեր գործողություններ իրականացնելու համար բարենպաստ հնարավորություն են ստեղծում։
-Ներկա իրավիճակը ռազմական տեսանկյունից կարելի՞ է բնութագրել որպես սողացող պատերազմ։ Հավանական համարո՞ւմ եք, որ առժամանակ հետո կրկին մի քանի դիրք գրավելու եւ ՀՀ տարածքում խորանալու համար թշնամին նոր ագրեսիայի կդիմի։
-Ադրբեջանը բաց հայտարարել է, որ ամեն գնով հասնելու է միջանցքին եւ, օգտագործելով Հայաստանի իշխանությունների կեցվածքը, իրադրությունը ոչ ճիշտ գնահատելու ունակություններն ու հնարավորությունները, ինչպես նաեւ իրավիճակին համահունչ ռեսուրսներ ներդնելու անկարողությունը, դիմելու է բոլոր հնարավոր քայլերին եւ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի՝ իր ցանկացածը ստանալու համար։
-Սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան, որը ՀՀ իշխանությունը չի կապում Արցախի հարցի հետ, մեր ինքնիշխան տարածքից թշնամու ուժերի դուրս բերման ընդունելի տարբերակ համարո՞ւմ եք։
-Պատկերացրեք իրավիճակ, երբ կա իշխանություն, որն ունակ չէ անգամ Հայաստանի համար արտաքին քաղաքական կամ անվտանգային առումով խնդիրները լուծել, այդ ուժը մտնում է ծայրահեղ բարդ գործընթացի մեջ, որը ենթադրում է ինտեսիվ բանակցություններ, չի բացառվում՝ հնարավոր սահմանային նոր միջադեպեր, իրավիճակային կտրուկ փոփոխություններ, եւ այս իրավիճակում քննարկել հնարավոր դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հետեւանքները, կարծում եմ՝ լուրջ չէ։ Այս իշխանությունն ունակ չէ մտնել այդպիսի լուրջ գործընթացի մեջ եւ Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանել։
-44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած զարգացումները հուշում են արդյոք, որ դեմարկացիան եւ դելիմիտացիան ամենեւին էլ ձեռնտու չեն Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներ ունեցող Ադրբեջանին։
-Կարծում եմ՝ Ադրբեջանը խնդիր չունի դրա հետ կապված։ Ինչպես արդեն ասացի, հիմքը վերցնում են բանակցությունները։ Իսկ Ադրբեջանը տեսել է, որ այս իշխանություններն ընդհանրապես ողջամիտ գործընթաց վարելու հնարավորություններ եւ ունակություններ չունեն, եւ բնական է, որ շտապում է այս իշխանության պայմաններում հասնել իր համար ամենացանկալի արդյունքներին։
-Ռուսաստանի քայլը, որը ինչպես եւ նախկինում, այս անգամ եւս, ըստ էության, ոչ թե մեր հանդեպ դաշնակցային էր, այլ ավելի շատ խաղաղապահ բնույթի, սպասելի՞ էր Ձեզ համար։
-Ես ամբողջությամբ չեմ տիրապետում, թե ինչ են խոսել ռուսական կողմի հետ, խոսե՞լ են, թե՞ ոչ, ինչո՞ւ Ռուսաստանի հետ անհրաժեշտ ընթացակարգերն այսքան ուշացան, եւ ըստ այդմ՝ ինձ համար պարզ չէ հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը։ Մյուս կողմից՝ նաեւ երեկվա իրադարձությունները ցույց տվեցին հակառուսական նոր ալիք, որն արտահայտված էր իշխանության քաղաքական տարբեր հայտարարություններով, ինչը շատ ավելի է խորացնում այն հակառուսական մտահոգությունները, որոնք ներկայում նկատելի են հայ-ռուսական հարաբերություններում։
Պետք է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ, պայմանավորվածություններ կա՞ն, որոնք կատարվել կամ չեն կատարվել, ապա արձանագրել, թե իրականում ով է այս իրավիճակի իրական պատասխանատուն։
-Հայտարարություններ հնչեցին նաեւ, որ պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
-Անկեղծ ասած, այս պահին մեծ սպասելիք չունեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից եւ կարծում եմ, որ մենք մինչեւ այդ ընթացակարգերով գնանք կամ փորձենք ինչ-որ բանաձեւ ստանալ, այդ ֆորմատում կան ուժեր, որոնք անթաքույց աջակցում են Ադրբեջանին։ Այս դեպքում ցանկալի արդյունքը տեսանելի չէ։ Այսինքն՝ առհասարակ ՄԱԿ-ի ԱԽ ֆորմատը՝ մշտական եւ ոչ մշտական անդամներով, ավելի ընդարձակ է, որտեղ Ադրբեջանը կարող է շատ ավելին անել, աշխատել, քան Հայաստանը՝ իր այս հնարավորություններով։
-Ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում։
-Քանի այս իշխանությունը կա, որեւէ լուծում անիմաստ է առաջադրել, որովհետեւ այս իշխանությունն ուղղակի որեւէ խնդիր որեւէ ձեւով չի լուծելու։
Մեկնաբանել