HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը ճանապարհներ ունեն»․ ՏԿԵ նախարար

«Սոցիալական ցանցերում և մամուլում տեսնում ենք պնդումներ, թե Սյունիքում կան գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ»,- Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարցրեց՝ արդյոք այդպես է, և խնդրեց ներկայացնել, թե ինչ տեղեկություն կա Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումից։

«Փաստացի ունենք 7 ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում ենք, ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է, որը համարում ենք ավարտված, բավական ժամանակ է՝ երթևեկելի է, նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա 2 շերտն է տեղադրված, եթե որոշ թերություններ լինեն, գարնանը կշտկենք, 3-րդ շերտն էլ կտեղադրվի»,- հայտնեց Սանոսյանը։

Ըստ նախարարի՝ մյուս 6 հատվածում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է։ Ճանապարհի մոտ 3,5-4 կմ-ում, Սանոսյանի հավաստմամբ, արդեն հողային ծածկույթի աշխատանքներ իրականացվել են, մյուս հատվածներում շարունակում են որոշ տեղերով  բարեկարգման, ճանապարհների անցանելիության կարգավորման, անհրաժեշտության դեպքում նաև՝ խճապատման աշխատանքներ։

«Մյուսը Տանձավեր-Շուռնուխ հատվածն է, որ 13 կմ է, ճանապարհի մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, այնտեղ որոշակի դժվարություններ կան, անտառի հատված կա, որտեղով ճանապարհն անցնում է, այնտեղ նույնպես աշխատանքները շարունակվում են։ Շուռնուխ գյուղն առնվազն երկու ճանապարհ ունի՝ մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխն է, որը գործում է, նորմալ երթևեկելի է, մյուսը՝ Շուռնուխ-Բարձրավան և կառուցվող ճանապարհը, որն անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար»,- ասաց նա։

Սանոսյանի խոսքով՝ Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ-ից 5-ն ամբողջովին պատրաստ է․

«Այսինքն՝ երթևեկության համար հիմքը պատրաստ է, ոչ թե՝ ասֆալտապատ, մյուս 5 կմ-ի վրա իրականացվում են բարեկարգման, խճապատման աշխատանքներ։ Մյուս հատվածն ունենք Կապան-Ճակատեն և Կապան-Գեղանուշ-Ճակատեն հատվածը։ Օրեր առաջ սկսվել էին Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք խճապատման աշխատանքները, 2-3 օրվա ընթացում խճապատման աշխատանքները կավարտենք, ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի։ Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ և ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելու համար։ Շարունակվում են Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները, այս պահին մոտ 6,5 կմ աշխատանք է իրականացվել, երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքներն ավարտվել են, ինչն ավելի է հեշտացնում աշխատանքի արագ կազմակերպումը»,- հավելեց ՏԿԵ նախարարը։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ծրագիրը հետևյալն է՝ դեպի գյուղեր տանող բոլոր ուղղություններով օր առաջ գրունտային ճանապարհ ունենալը, որը երթևեկելի կլինի բոլոր մեքենաների համար և բոլոր եղանակներին։

Կառավարության ղեկավարը ճշտեց՝ արդյոք չկա բնակավայր, որն ընդհանրապես կտրված լինի կամ շրջափակման մեջ լինի։

«Այո, չկա, և՛ Որոտանը, և՛ Շուռնուխը, և՛ Բարձրավանը, բոլորը ճանապարհներ ունեն։ Մեր գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որն առաջիկա օրերին, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, ավելի մատչելի կդառնա»,- ասաց Սանոսյանը՝ նշելով, որ համայնքների հետ աշխատում են և կարիքների գնահատում անում։

Վարչապետն էլ նշեց, որ այդ գյուղերը նաև դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն․ «Այսինքն՝ կենսապահովման խնդիր չկա, ուղղակի խոսքը ենթակառուցվածքի հարմարության մասին է»։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter