HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը

Երևանում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի 29-րդ նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետները։

Նիստի երկրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԵՏՄ երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որին կնախորդեն վարչապետների դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունները։

Ընդլայնված կազմով հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանդիպմանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նախօրեին՝ Բաղրամյան 26-ում կայացել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով հանդիպումը։ Կառավարությունների ղեկավարները քննարկել էին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին անդամ երկրների միջև առևտրի պայմանների պարզեցմանն ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, մետալուրգիական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերին, ինչպես նաև` Միության անդամ պետությունների` դեղերով և դեղագործական նյութերով ապահովման խնդիրների վրա։

Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայանալու է հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության ֆոնին, երբ ընդամենը երեք օր առաջ մարտական գործողություններ էին ընթանում Սյունիքի տարածքում։ Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները, ապօրինաբար հատելով սահմանը, առաջ են եկել ՀՀ արևելյան հատվածում։ Ադրբեջանական թիրախի տակ է հայտնվել Երևան-Կապան ավտոճանապարհը։

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողությունները սկսվել էին ադրբեջանական սադրանքի արդյունքում։ Հայկական կողմը հայտարարել էր, որ դիմելու է Ռուսաստանին օգնության համար։

«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նույն օրը՝ ժամը 18:30-ից սկսած, ռուսական կողմի միջնորդության արդյունքում, կողմերը դադարեցրել էին մարտական գործողությունները։

Լուսանկարը՝ ՀՀ Կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter