HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Պատվաստվելուց առաջ հակաալերգիկ դեղերի կարիք չկա. ինչ են ասում մասնագետները

Նոյեմբերի 14-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ պատվաստվել է 923 հազար 530 մարդ (ներառյալ՝ օտարերկրացիները), որից 278 հազարն է «լիովին» պատվաստված, այսինքն՝ ստացել է երկրորդ դեղաչափը։

Հայաստանում ներկա պահին առկա է մի քանի պատվաստանյութ՝ բրիտանական AstraZeneca-ն, ամերիկյան Moderna-ն, չինական Sinopharm-ը և ռուսական Sputnik V-ն։

Ոմանք չեն պատվաստում՝ պատճառաբանելով, որ ունեն ալերգիկ ռեակցիաներ։ Մասնագետներն ասում են, որ այդ դեպքերի համար չկա «նախընտրելի» պատվաստանյութ, իսկ չպատվաստվելու հակացուցումը միայն պատվաստվելուց հետո առաջացած սուր ալերգիկ ռեակցիաներին է վերաբերում, ոչ թե մինչ պատվաստումը, իսկ մինչ այդ որևէ հետազոտություն անցնելու կարիք չկա։

Այնուամենայնիվ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնն առանձնացնում է 3 պատվաստանյութ, որոնք պարունակում են այնպիսի միացություններ, որ կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Կենտրոնը խորհուրդ է տալիս դրանցով պատվաստվելիս կամ ալերգիկ ռեակցիաներ նկատելիս խորհրդակցել մասնագետների հետ։

 

 

Վերջին շրջանում Հայաստանում աճել է կորոնավիրուսով վարակման թե’ օրական գրանցվող դեպքերի, թե’ դրա հետեւանքով մահերի դինամիկան։ Նոյեմբերի 20-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 870 դեպք, մահացել է 41 մարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում գրանցվել է հիվանդության 333 583 և մահվան 7256 դեպք (կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդություններից մահերը ներառված չեն, հեղ.)։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում պատվաստվել է բնակչության 21,7%-ը, բայց քանի որ այս թվի մեջ ներառված են նաև օտարերկրացիներն ու այլ երկրի քաղաքացիություն ունեցող հայերը, ճիշտ չէ ասել բնակչության 21,7%-ը։ Նրանցից լիարժեք պատվաստված է 9,38%-ը։

Պատվաստումներ_COVID-19
Infogram

Ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանն ասում է, որ կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության գոնե 70%-ը պետք է պատվաստվի, որ վարակելիության գործընթացն ինչ-որ չափով դանդաղի, սակայն սա ևս զուտ կանխատեսում է, քանի որ, ինչպես ինքն է ասում, գործ ունեն բնության հետ։

Ըստ նրա՝ մահացության դեպքերի աճին զուգընթաց փոխվել է նաև հիվանդության ընթացքը. ծանր դեպքերը շատ են։ 

ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը նշում է՝ պատվաստման գործընթացը դանդաղում է այն պատճառով, որ մարդիկ երբեմն խուսափում են՝ ելնելով ունեցած ալերգիաներից և հակացուցումներից։ Սակայն, ըստ նրա, իրենք առաջնորդվում են պատվաստման ԱՀԿ ուղեցույցներով, որտեղ որպես բացարձակ հակացուցում դիտարկվում է միայն կորոնավիրուսի  առաջին դեղաչափով պատվաստումից հետո զարգացած ալերգիկ ռեակցիան, որը կարող է լինել հակացուցում հաջորդ դեղաչափի համար։

«Մի շարք համաշխարհային ալերգոլոգիական կազմակերպություններ տարբեր հետազոտություններ անելուց հետո եկել են այն կարծիքին, որ կարող ենք նույնիսկ փոխել պատվաստման տեսակը, եթե նախորդ պատվաստումից ձևավորվել է որևէ ալերգիկ ռեակցիա»,- ասում է Ա. Հակոբյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում կան բազմաթիվ դեպքեր, երբ ալերգիա ունեցող մարդիկ նորմալ են տարել պատվաստումը, չեն ունեցել «սուր, ծանր, ալերգիկ դրսևորումներ»։ Նա կարծում է, որ բավականին շատ է խեղաթյուրող և ոչ ճշգրիտ ինֆորմացիան, որը մարդկանց մոլորեցնում է։

«Մենք ունենք մի պատվաստանյութ, որի մասին գիտենք դեռ քիչ, դա հենց բերում է հակապատվաստման քարոզի շահարկմանը։ Բայց, մյուս կողմից էլ, ունենք այնքան մեծաքանակ պատվաստման տվյալներ (մոտ 7 մլրդ մարդ գոնե առաջին դեղաչափը պատվաստվել է, ըստ մասնագետի), և ամբողջ աշխարհից հավաքագրվում են տարբեր տեսակի կողմնակի ազդեցության ռեակցիաներ. ալերգաբանական կողմնակի ազդեցությունները բավականին քիչ են, կյանքին վտանգ ներկայացնողները՝ է'լ ավելի քիչ»,- ասում է Հակոբյանը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում հենց պատվաստանյութից գրանցված մահացության դեպքեր չկան։ 

Ամեն դեպքում, ըստ Հակոբյանի, կան որոշ սահմանափակումներ, օրինակ՝ չի կարելի պատվաստվել ցանկացած հիվանդության սուր փուլում. այդ դեպքում բժիշկներին խորհուրդ է տրվում վիճակը կարգավորել, նոր կատարել պատվաստումը։

«Այստեղ պետք է ավելի շատ առաջնորդվել, թե առաջին օղակի բժիշկն ինչ պատվաստանյութ է առաջարկում իր պացիենտին՝ հաշվի առնելով տարիքը, փորձը և մնացած մանրամասները»,- ասում է Հակոբյանը։

Սևան Իրիցյանը նշում է, որ ինքը շատ է մասնակցել  առաջին օղակի բժիշկների վերապատրաստման դասընթացներին, որտեղ ներկայացվել է՝ ինչ սպասել պատվաստվելիս, ինչպես տարբերակել, որ դեպքերում մերժել, ինչպես զգուշանալ և այլն։ Ամեն դեպքում, ըստ նրա՝ պատվաստման վերջնական որոշումը նեղ մասնագետի վրա թողնելն ավելի շատ պատասխանատվությունից խուսափել է։

«Մենք փաստացի գործ ունեք մի իրողության հետ, երբ պետք է կատարվի պատվաստանյութ, որը նախկինում չի կիրառվել, հետևաբար նեղ մասնագետը ևս չի կարող կանխատեսել, թե դա կոնկրետ էդ անձի մոտ ինչ հետևանք կթողնի, ինչպես և ցանկացած այլ դեղամիջոց, որն առաջին անգամ կիրառում ենք»,- ասում է Ս. Իրիցյանը։

Նրա խոսքով՝ ինքը քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց հետ է շփվել, որոնք պատվաստվել են և տեղեկացրել, որ որևէ լուրջ խնդիր չի եղել պատվաստվելուց հետո, ալերգաբանական բարդություններ ևս չեն եղել։

Ինչ վերաբերում է նախքան պատվաստումը հետազոտություններ անցնելուն, Արմինե Հակոբյանն ասում է, որ ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա։ Նրա խոսքով՝ նախապես հետազոտվելու կարիք չկա, քանի որ եթե պացիենտի մոտ նախկինում որևէ ալերգիկ ռեակցիա չի եղել, նա կարիք չունի հետազոտության, իսկ եթե ունեցել է, ապա դա կապ չունի այս պատվաստանյութի հետ, քանի որ այս պատվաստանյութը նոր է, նրա բաղադրիչները ևս նոր են, «ավելորդ և անիմաստ է» նաև պատվաստվելիս արյունը նոսրացնող, թեկուզ՝ ջերմիջեցնող դեղամիջոցների օգտագործումը։ Ավելին, այդ դեղերը նույնիսկ կարող են ազդել պատվաստանյութի ազդեցության և արդյունավետության վրա։

Հակոբյանն ընդգծում է նաև, որ ալերգիա ունեցող պատվաստվողների համար «նախընտրելի պատվաստանյութեր» չկան. բոլոր պատվաստանյութերից էլ կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա։ Բայց եւ նշում է, որ «կա մի պատվաստանյութ, որն այս պահին Հայաստանում չկա». այն պարունակում է «PEG» (Polyethylene glycol) միացություն, որի նկատմամբ որոշ դեպքերում գրանցվում են ալերգիկ ռեակցիաներ և կոնկրետ այդ պատվաստանյութը ներարկելուց կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա, սակայն տվյալներն այդ մասով այդքան էլ շատ չեն։

Նշենք, որ Հայաստանում կա և այսօր էլ կիրառվում է PEG պարունակող կորոնավիրուսի պատվաստանյութ՝ Moderna-ն, առաջիկայում կլինի նաև երկրորդը՝ Pfizer-Biontech-ի պատվաստանյութը։

Այս երկուսն էլ mRNA պատվաստանյութեր են եւ ունեն PEG՝ պոլիէթիլեն գլիկոլ։

Ալերգիկ բաղադրիչ է համարվում նաև պոլիսորբատը, որը Johnson and Johnson/Janssen պատվաստանյութի բաղադրիչ է:

Պոլիէթիլեն գլիկոլը (PEG) հիդրոֆիլ պոլիմեր է, որը ներառված է լիպիդ-PEG կոնյուգատների տեսքով Pfizer/BioNTech և Moderna-ի mRNA COVID-19 պատվաստանյութերում՝ mRNA կրող լիպիդային նանոմասնիկները կայունացնելու համար:

Պոլիսորբատները էմուլգատորների դասի են, որոնք օգտագործվում են որոշ դեղագործական և սննդային ապրանքների պատրաստման մեջ: Դրանք հաճախ օգտագործվում են նաև կոսմետիկայի մեջ եթերային յուղերը ջրային արտադրանքներում լուծելու համար:

PEG-ը և պոլիսորբատը սերտորեն կապված են միմյանց հետ: PEG-ը mRNA պատվաստանյութերի բաղադրիչ է (Pfizer-Biontech և Moderna), իսկ պոլիսորբատը J&J/Janssen պատվաստանյութի բաղադրիչ է:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը (Centers for Disease Control and Prevention) նշում է, որ եթե կան ծանր կամ նույնիսկ թեթև ալերգիկ ռեակցիաներ PEG-ից կամ պոլիսորբատից, ապա խորհուրդ է տրվում չընտրել այդ պատվաստանյութերը, իսկ հետո նաև՝ խորհրդակցել բժշկի հետ, ով պետք է օգնի որոշել՝ «արդյոք պատվաստումն անվտանգ է ձեզ համար»:

Գլխավոր լուսանկարը՝ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter