
«Covid-19»-ի դեմ բուժում է ստանում 38 դատապարտյալ
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում «Covid-19» ախտորոշմամբ բուժում է ստանում 38 ազատազրկված: Երկու դատապարտյալ բուժվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, մեկը՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ում: Այս տվյալները, նոյեմբերի 18-ի դրությամբ, փոխանցել են «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ից:
ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի խոսքով՝ քրեակատարողական այլ հիմնարկներից «Covid-19» ախտորոշմամբ հիվանդներ իրենց ստորաբաժանումներում չկան:
«Քրեակատարողական հիմնարկներում գտնվող այն կալանավորված անձինք և դատապարտյալները, որոնք ներկայացնում են «Covid-19» հիվանդությանը բնորոշ գանգատներ, անմիջապես մեկուսացվում են քրեակատարողական հիմնարկի պայմաններում և ենթարկվում են դիտարկման: Նշված անձինք անցնում են «Covid-19» թեստավորում: Դրական պատասխանի դեպքում վերջիններս շտապ տեղափոխվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հատուկ նախատեսված մասնաշենք»,-ասում է Կամո Մանուկյանը:
Տնօրենի փոխանցմամբ՝ հիվանդության ծանր ընթացքով ազատազրկված անձանց բուժումը, որը պահանջում է հատուկ սարքավորումների կիրառում և վերակենդանացման միջոցառումներ, կազմակերպվում է քաղաքացիական բժշկական հաստատություններում:
Կամո Մանուկյանը հավաստիացնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Covid-19» հիվանդության բուժման նպատակով առանձնացված մասնաշենքի պայմանները համապատասխանում են Առողջապահության նախարարի հրամաններով պահանջվող ստանդարտներին:
«ՊՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումներն ապահովված են «Covid-19» համավարակի բուժման համար անհրաժեշտ և բավարար քանակի դեղորայքով, ինչպես նաև` համապատասխան բժշկական սարքավորումներով»,-ասում է Կամո Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում անազատության մեջ գտնվող առաջին մարդն է մահացել «Covid-19»-ից: «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի ՊՇՌ թեստի պատասխանը ստացել են հոկտեմբերի 31-ին: Հաջորդ օրը դատապարտյալը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նոյեմբերի 3-ին՝ ժամը 00:45-ին, մահացել է:
Մեկնաբանել