HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքագետ․ «Մերձավոր Արեւելքն իր բոլոր խնդիրներով ներխուժում է մեր տարածաշրջան»

Հարցազրույց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարոն Սաֆրաստյան, մեր վերջին զրույցի ժամանակ, խոսելով արտաքին մարտահրավերների մասին, ասացիք, որ Հայաստանը պետք է առավելագույնս կարողանա օգտվել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի ընձեռած հնարավորություններից։ Նոյեմբերի 14-16–ին թշնամու ագրեսիայի ժամանակ Ռուսաստանը, ըստ էության, հանդես չեկավ որպես մեր դաշնակից, այլ ուղղակի գործեց որպես միջնորդ կամ խաղաղապահ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում կամ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման մեջ։

-Ես դա չեմ կապում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Խոսքն այն մասին է, թե տվյալ պահին Ռուսաստանն ինչպես է սահմանում իր ազգային շահը։ Դրանից ելնելով է իր քաղաքականությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ նաեւ մեր տարածաշրջանում կառուցում։ Դա է կարեւորը։

-Ձեր կարծիքով՝ ո՞րն է ներկա պահին նրա ազգային շահը, Ադրբեջանին չնեղացնե՞լը։

-Ես Ռուսաստանի մասնագետ չեմ, բայց որքան կարող եմ դատել Ռուսաստանի արտգործնախարարի եւ մյուս ղեկավարների հայտարարություններից, ներկա փուլում Ռուսաստանի համար կարեւոր է, որ որոշակի ազդեցություն ունենա նաեւ Ադրբեջանի վրա, իր կապերը լիովին չխզի Ադրբեջանի հետ, որ այդպիսով կարողանա որոշ չափով (հիմա դա շատ փոքր է մնացել, Թուրքիան մեծ ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանի վրա), գոնե մի քիչ պահի իր ազդեցությունը։ Դրա համար է նա այդպես գործում։ Եվ դա արդեն ուրիշ հարց է, թե մենք ինչպես ենք գնահատում՝ ճի՞շտ, թե՞ սխալ։ Կարծում եմ՝ դա սխալ քաղաքականություն է, բայց դա է Ռուսաստանի քաղաքականությունը։

-19-րդ դարից սկսած Հարավային Կովկասում գլխավոր խաղացողը եղել է Ռուսաստանը, բայց այսօր թվում է, թե այդ երկրի դիրքերը տարածաշրջանում թուլացել են գրեթե այնքան, որքան Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Ռուսաստանը թաղված էր իր ներքին խնդիրների մեջ, եւ Հարավային Կովկասում միանգամից աշխուժացան արեւմտյան ուժերն ու Թուրքիան։ Ռուսաստանի թուլացման եւ Թուրքիայի աշխուժացման առումով պատմությունը կրկնվո՞ւմ է։ Ի՞նչ սպասել աշխարհաքաղաքական այս վայրիվերումներից մեզ համար։

-Այո, Դուք ճիշտ եք նկատում։ Ես դա իմ զեկուցումներից մեկում վերջին գիտաժողովներից մեկի ժամանակ ներկայացրեցի․ մենք հիմա հետխորհրդային շրջանի աննախադեպ փուլում ենք գտնվում, երբ Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է մեր տարածաշրջանում, եւ այդ երկիրը կորցրել է մենաշնորհը տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացները կառավարելու առումով։

Երկրորդ՝ սկսվել է մեր տարածաշրջանի մերձավորարեւելականացումը, եթե կարելի է օգտագործել կամ ստեղծել այս եզրույթը։ Փաստորեն, եթե մինչեւ 44-օրյա պատերազմը, այսպես ասած, պարսպով առանձնացած էինք Մերձավոր Արեւելքից, ապա հիմա այդ պարիսպը կամաց-կամաց թուլանում է, քանի որ Մերձավոր Արեւելքն իր բոլոր խնդիրներով ներխուժում է մեր տարածաշրջան։ Եթե մյուս կողմից նայենք, Հարավային Կովկասը գալիս է դեպի Մերձավոր Արեւելք, որովհետեւ Ռուսաստանը չի կարողանում իր ազդեցության ոլորտում պահել այս տարածաշրջանը։ Օրինակ՝ վարձկանների գոյությունն այս ապահին մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանում, վառ օրինակ է։ Իհարկե, սա երկարատեւ գործընթաց կլինի, սա դեռ սկիզբն է։ Եվ այս պայմաններում տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունն է մեծանում, եւ այդ երկրի կողմից «3+3» նախաձեռնության առաջքաշումը փորձ է տարածաշրջանում առկա այս նոր իրողությունը ձեւակերպել որպես աշխարհաքաղաքական իրողություն։ Ու մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը համաձայնում է այդ նոր իրողությանը։ Համաձայնում է, որ Թուրքիան օրինական իրավունք ստանա մեր տարածաշրջանում իր քաղաքականությունն իրականացնելու համար։

Պատմական զուգահեռների առումով եթե 1920-1921 թթ․ վերցնենք, ապա այո, տեսնում ենք, որ բավական մեծ նմանություններ կան, որովհետեւ 1921 թ․ պայմանագրերով բոլշեւիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան բաժանեցին Հայաստանը, եւ անկախ հայկական, սուվերեն պետականությունը դադարեց։ Դա մեզ համար պետք է միշտ դաս լինի։ Այն ժամանակ քեմալականներն ու բոլշեւիկները ունեին մեկ թշնամի՝ Արեւմուտքը, եւ իրար հետ էին՝ խնդիրները լուծելու համար։ Ու դրանցից մեկը Հայաստանի՝ որպես անկախ պետության վերացումն էր։ Բայց ներկայում Թուրքիան որքան էլ փորձի անկախ ձեւանալ, իրականում Արեւմուտքի մաս է կազմում՝ ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամ է, ԱՄՆ-ի դաշնակիցն է։ Իսկ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես տեսնում ենք, ներկա փուլում բավական սրված են։

Այսինքն՝ նախկին ու ներկա իրողությունները կարեւոր տարբերություն ունեն։ Թուրքիան փորձում է որոշակի ինքնուրույն խաղեր տալ, բայց սկզբունքորեն չի հրաժարվում Արեւմուտքի մաս լինելուց։ Ռուսաստանն էլ իր ռազմավարությամբ փորձում է դա օգտագործել վերջին տարիներին՝ հույս ունենալով Թուրքիային ավելի հեռացնել Արեւմուտքից։ Ես կարծում եմ՝ դա սխալ քաղաքականություն է, որովհետեւ Թուրքիան չի զիջի դիրքերը որպես Արեւմուտքի դաշնակից, չի հրաժարվի դրանից։ Դրա փոխարեն ինքն է շատ մեծ առավելություններ ստանում։

-Ստացվում է՝ Թուրքիան երկակի խաղ է խաղում։ 

-Երկակի խաղ ասելով՝ հասկանում ենք այն, որ Թուրքիան մնում է Արեւմուտքի մաս, դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի հետ խաղ է խաղում։ Թուրքիան մեր տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնում է ի հաշիվ Ռուսաստանի։ Նման մոտեցումներ այդ երկիրն ունի նաեւ այլ տարածաշրջաններում ՝ Լիբիայում, Սիրիայում։ Թուրքիայի վերջնական նպատակը Հարավային Կովկասը լրիվ իր ազդեցության գոտի դարձնելն է։ Քանի որ Ռուսաստանը հիմա համեմատաբար թույլ է, Արեւմուտքի պատժամիջոցների տակ է, սրված են հարաբերությունները, շատ խնդիրներ ունի, կամաց-կամաց Թուրքիային զիջում է։

Իմ գնահատմամբ՝ շրջադարձայինը 2020 թ․ գարունը եւ ամառն էր, երբ Էրդողանն առաջին անգամ հայտարարեց, որ Թուրքիան սկսում է ամենավերջին տեսակի ռազմական տեխնիկայի առաքումը Ադրբեջանին, խոսքը «Բայրաքթարների» եւ նման տեխնիկայի մասին էր, որոնք արդեն մայիսին սկսեցին հասնել Ադրբեջան։ Եվ Ռուսաստանը աչքերը դրա վրա փակեց, այնինչ մինչ այդ Թուրքիան խուսափում էր Ադրբեջանին տրամադրել նման զենք։ Հետո արդեն Ադրբեջանի տարածքում տեղի ունեցան թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնցից հետո թուրքական զինուժը, ինքնաթիռները մնացին Ադրբեջանում։ Ռուսաստանը դրա վրա էլ իր աչքերը փակեց։

Երբ Ռուսաստանը թույլ տվեց, որ Թուրքիան այդ բաներն անի, դա փոփոխեց ուժերի բալանսը մեր տարածաշրջանում, ինչն ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Թուրքիան պատերազմի արդյունքում նպատակ ուներ իր, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը տեղակայել Արցախի տարածքում, ինչը ռուսները թույլ չտվեցին։ Իսկ դրանով Թուրքիան լեգիտիմ իրավունք կստանար իր զինված ուժերը մտցնել մեր տարածաշրջան։ Հիմա Թուրքիան դա փորձում է իրականացնել Ադրբեջանի միջոցով։

-Միջանցք ստանալն այս պահին Թուրքիայի եւ Ադրբեջանի համար գերխնդի՞ր է։ Կարծիք կա, որ դրա նշանակությունը ոչ այնքան տնտեսական է լինելու, որքան քաղաքական եւ հոգեբանական՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը Թուրքիային կապող կարեւոր երթուղիներ ունի այսօր Վրաստանով ու Իրանով։

-Այո, Թուրքիան ու Ադրբեջանը կապվում են եւ՛ Վրաստանով, եւ՛ Իրանով։ Բայց Ադրբեջանի արեւմտյան հատվածի կապը Նախիջեւանի հետ Թուրքիայի համար կարեւոր կլինի, որովհետեւ այն շատ արագ կլինի ու նաեւ ռազմական նշանակություն կունենա, քանի որ ռազմատեխնիկա, զորք կարող է տեղափոխել եւ այլն։ Դրա համար էլ նրանք միջանցք են ուզում, որպեսզի ոչ մեկ չկարողանա հսկողության տակ պահել, թե ինչ են տեղափոխում։ Բայց շատ ճիշտ եք ասում․ դա ունի շատ կարեւոր աշխարհաքաղաքական եւ, ես կասեի, աշխարհագաղափարական նշանակություն։ Աշխարհաքաղաքականն այն է, որ շատ ավելի հեշտ կլինի կապը միջանցքով, ինչի միջոցով Թուրքիան դուրս գա Կասպից ծովի ափ ու կապ կհաստատի թյուրքալեզու պետությունների հետ։ Գաղափարական առումով էլ շատ կարեւոր է, որովհետեւ պանթյուրքիզմի վաղեմի երազանքն է ուղիղ կապը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների հետ։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter