HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արդարադատության նախարարությունը դիտարկում է ՔԿՀ-ները օպտիմալացնելու լայն պլան

Արդարադատության նախարարության կողմից քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) սկսվել է օպտիմալացման գործընթաց: Բոլոր ՔԿՀ-ները թերբեռնված են և Կառավարությունը որոշել է դրանցից մի քանիսը փակել կամ միավորել: Արդարադատության նախարարությունում դիտարկվել է քրեակատարողական հիմնարկների ավելի լայն օպտիմալացման պլան ունենալու հնարավորության հարցը, քան նախատեսված է Կառավարության ընդունած ռազմավարությամբ:

ՔԿՀ-ների հաստիքային միավորները մինչև 2022թ. հունվարի 1-ը կրճատվելու են և, ըստ անհրաժեշտության, վերաբաշխվելու են այլ ՔԿՀ-ների և Պրոբացիայի ծառայության միջև: Հիմնարկների գործունեության դադարեցման արդյունքում զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները (աշխատակիցները) գրանցվելու են կադրերի համապատասխան ռեզերվում:

Սակայն, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում: Փաստացի ստացվում է, որ վերջիններիս հետ աշխատանքային հարաբերությունները դադարելու են:

Դեռևս հստակ թիվ չկա, թե քանի աշխատակից է կրճատվելու:

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Զառա Մարգարյանը «Հետքին» հայտնել է, որ քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հնարավորություն կտրվի դիմել և անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու դեպքում աշխատանքի անցնել այլ քրեակատարողական հիմնարկներում: Մանավանդ, քրեակատարողական համակարգում առկա է 136 թափուր հաստիքային միավոր:

Նշենք, որ Հայաստանում գործում է 12 քրեակատարողական հիմնարկ, որտեղ կարող են պահվել ընդհանուր 5346 անձ՝ 1235-ը կալանավորված անձ և 4111-ը՝ դատապարտյալ։ Սակայն, նոյեմբերի 4-ի դրությամբ փաստացի պահվում է 2116 անձ, որից 928-ը դատապարտյալ, 1188-ը՝ կալանավորված անձ:

Made with Flourish

Օպտիմալացման հիմնավորումն այն է, որ ազատությունից զրկված անձանց համար պետք է կազմակերպել վերասոցիալականացման արդյունավետ միջոցառումներ, ապահովել պահման արժանապատիվ պայմաններ, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներն ունենան պատշաճ աշխատանքային կենսապայմաններ, իսկ համակարգի միջոցները պետք է բաշխվեն արդյունավետ և թիրախավորված: 

Նշենք, որ կառավարության 2019թ. նոյեմբերի 28-ի թիվ 1717-Լ որոշմամբ, որն ըստ էության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023թթ. ռազմավարությունն է,  միջոցառումների ծրագիրը, վերջինիս ֆինանսական գնահատականը և այլն, նախատեսվում է նաև օպտիմալացումը: 

Հիշեցնենք, որ կառավարությունը 2021թ. հոկտեմբերի 28-ին արդեն ընդունել է որոշում՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին»: 2022թ. հունվարի 1-ից կդադարեցվի «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը: Նշված հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձինք կտեղափոխվեն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի:

Նշենք, որ «Կոշ» ՔԿՀ-ում առկա է 167 աշխատակցի հաստիքային միավոր, իսկ «Հրազդան»-ում՝ 120: Փոխարենը նոյեմբերի 4-ի դրությամբ «Կոշ»-ում պատիժը կրում է 61 դատապարտյալ, իսկ «Հրազդանում»՝ 88 և պահվում է 69 կալանավորված անձ: Միայն «Կոշ» ՔԿՀ-ի բնականոն գործունեության ապահովման համար 2021թ. պետական բյուջեով նախատեսված է մոտ 677 մլն դրամ:

Նախարարությունից հայտնում են, որ փակվելուց հետո հիմնարկների շենքերի հետագա շահագործման վերաբերյալ դեռևս հստակ դիրքորոշում առկա չէ:

«Խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացված քրեակատարողական հիմնարկների շենքային ենթակառուցվածքները թույլ չեն տալիս իրականացնել լայնածավալ բարեփոխումներ և առկա պայմանները համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին։ Դրա հետևանքով իրականացված ծախսերը նվազ արդյունավետություն են ապահովում և տնտեսապես շահավետ չեն»,- հայտնում է Զառա Մարգարյանը։

«Հետք»-ը դեռևս 2019թ-ին այցելել է 11 քրեակատարողական հիմնարկ (բացառությամբ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի) և ներկայացրել շենքային պայմանները:

Արդարադատության նախարարության կողմից դիտարկվում է նոր և միջազգային ստանդարտներին համապատասխանող, շուրջ 1200 ազատությունից զրկված անձ պահելու հնարավորություն ունեցող քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը: Նոր շենք կառուցելը տնտեսական արդյունավետության տեսանկյունից ևս առավել նպատակահարմար են համարում: Որպես հիմնարկի տարածք դիտարկվում է նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքը: 

Զառա Մարգարյանի փոխանցմամբ՝ կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկի հիմնական խնդիրը պետք է լինի Երևան քաղաքի համար կալանավորվածների պահելու վայրի ապահովումը, ինչպես նաև բուժական ուղղիչ հիմնարկի, այսինքն՝ ստացիոնար պայմաններում բուժման ապահովումը: Հաշվի առնելով մերձավոր ազգականների հետ երևանաբնակ դատապարտյալների կապի ապահովման հարցը՝ հնարավոր է որոշակի տեղեր հատկացնել նաև մյուս ռեժիմների, այն է՝ փակ, կիսափակ, կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկների համար:

Նոր քրեակատարողական հիմնարկի շահագործումից հետո կդադարեցվի ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը: «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից պետք է տեղափոխվի նախկին «էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:

Ներկայումս վերոգրյալ չափանիշների համատեքստում «Էրեբունի» հիմնարկի տարածքն ուսումնասիրվում է, իրականացվում են քննարկումներ, որոնց արդյունքում կմշակվի տեխնիկական առաջադրանքը, և ըստ այդմ՝ զարկ կտրվի նախագծանախահաշվային աշխատանքների կազմակերպմանը:

Ներկայացված տրամաբանությամբ կանխատեսվում է հետագայում «Գորիս» ՔԿՀ-ի փոխարեն նոր քրեակատարողական հիմնարկ ունենալու հարցը:

«Չպետք է բացառել քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման համատեքստում այլ միջոցառումների իրականացման հնարավորությունը: Համակարգային անցնցում փոփոխություններ կատարելու տեսանկյունից անհրաժեշտ է մոնիթորինգ իրականացնել արդեն իսկ առկա պլանների իրագործման հետևանքների շուրջ: Զուգահեռաբար գնահատել նշված ժամանակահատվածում ազատությունից զրկված անձանց թվի աճի կամ նվազման միտումները: Ըստ այդմ, դիտարկել քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման, լրակազմային տեղաբաշխման կամ լրացուցիչ այլ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,-նշում է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Զ. Մարգարյանը:

Լուծարվելու է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցվելու է «Հրազդան» ՔԿՀ-ի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:

Նախատեսվում է «Արմավիր» ՔԿՀ-ում կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար ապահովել անհրաժեշտ պայմաններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, և կառուցել օդափոխության համակարգ: Նշենք, որ նորակառույց շենքում օդափոխության համակարգ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter