
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը
Հայատանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե, նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: «Հետք»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության պետ Հրաչյա Մուշեղյանը:
Նշենք, որ շուրջ երեք տարի առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը ցուցմունք է տվել այն մասին, որ գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով կաշառք է տվել նախկին փոխվարապետ Արմեն Գևորգյանին, Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին: Համբարձումյանի ցուցմունքից հետո Մայրապետյանին կաշառքի միջնորդության, իսկ Արմեն Գևորգյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել: Գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Սերժ Սարգսյանը` վկայի դատավարական կարգավիճակով, և շուրջ երեք տարի անց, փաստորեն, Սարգսյանը ևս ներգրավվել է որպես մեղադրյալ: Հրաչյա Մուշեղյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նոր փաստական հանգամանքներ են պարզվել, որոնք հիմք են տվել երեք տարի անց Սարգսյանին մեղադրանք առաջադրելու: Մուշեղյանը, սակայն, այս հարցին չպատասխանեց` նշելով, որ անհրաժեշտության դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեն լրացուցիչ տեղեկություն կտրամադրի:
Նշենք, որ Սերժ Սարգսյանին Հակակոռուպցիոն կոմիտե կանչելու մասին այսօր ավելի վաղ հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Մեզ հետ զրույցում պաշտպանը համոզմունք հայտնեց, որ այսօր Հայաստանի առաջ ավելի մեծ խնդիրներ կան ու այս ամենն արվում է` հասարակությանը դրանցից շեղելու համար:
«Համոզված եմ, որ այս ամենը բեմադրվում է՝ այդ մեծ խնդիրներից շեղելու համար... մեր սահմանների վիճակը ո՞նց է...իմ մեկնաբանությունն այս պահին սա է»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Մեկնաբանել