HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թյուրքական ռեբրենդինգ թուրքական սցենարով. ինչի է ձգտում Անկարան

Նախորդ շաբաթ մեր տարածաշրջանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ոչ միայն քիչ լուսաբանվեց, այլև գրեթե չքննարկվեց հայկական քաղաքագիտական ու մասնագիտական շրջանակներում։ Ընդ որում, անդրադարձ չեղավ ոչ միայն բուն միջոցառմանը, այլև դրա ընթացքում արված հայտարարություններին ու ընդունված փաստաթղթերին։

Խոսքը նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» 8-րդ գագաթնաժողովի մասին է, որին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի առաջնորդներն ու դիտորդ երկրների կարգավիճակ ունեցող Հունգարիայի վարչապետն ու Թուրքմենստանի նախագահը։ 

Գագաթնաժողովին ունեցած իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արեց մի հայտարարություն, որը, թերևս, ամենակարևորն էր այդ հանդիպման ընթացքում. Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը վերանվանվելու է Թյուրքալեզու պետությունների կազմակերպության, ինչը նշանակում է համագործակցության ավելի բարձր մակարդակ, քան մինչ այդ գոյություն ուներ։

Թյուրքալեզու պետությունների կոմյունիկեի հետադարձ պատկերը

Թյուրքական աշխարհի ռեբրենդինգը, բնականաբար, տեղի է ունենում Անկարայի նախաձեռնությամբ և սցենարով, որը ձգտում է դառնալ այս կառույցի «առաջնորդը»։ Որոշ թուրքագետներ պնդում են, որ անվանափոխման հիմնական նպատակը կազմակերպությանը կառուցվածքայնություն հաղորդելն է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս կառույցը պանթուրքական գաղափարախոսության պարզ մարմնավորումն է եւ միմյանց է կապում թյուրքալեզու ժողովուրդներին:

Դեռ 1990-ականների սկզբին թյուրքալեզու պետությունների միավորման գլխավոր գաղափարախոս, Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալն առաջ էր քաշել «թյուրքական տան» գաղափարը, որի տանիքի ներքո պետք է հավաքվեին միմյանցից բավականին հեռու գտնվող ազգեր, որոնք ունեին պատմական զարգացման յուրօրինակ ուղեգիծ, սակայն երկրների մի մասի պարագայում պետականության կերտման մեկնակետը Խորհրդային Միության փլուզումն էր։

Թյուրքալեզու պետությունների կազմակերպության վերանվանումով Էրդողանը մտադիր է ստեղծել վերպետական կառույց (ինչպես, օրինակ, Եվրամիությունը), որը կլինի առավել կազմակերպված, կունենա իր կառույցներն ու բյուջեն և առավել թիրախային առաջ կտանի թյուրքական գործոնի դերն աշխարհում։ 

Կազմակերպության անվանափոխումը ենթադրում է գործունեության որոշակի փոփոխություններ։ Նախկինում «խորհուրդ» բառը զուգորդվում էր խորհրդատվական գործունեության հետ, իսկ «կազմակերպություն»-ը գործում է հստակ սահմանված նպատակներին հասնելու համար։ Եթե նախկինում նշվում էր «թյուրքալեզու պետություններ», ապա ներկայումս՝ «թյուրքական պետություններ», ինչն առավել հստակ ընդգծում է այդ երկրների արտաքին և ներքին քաղաքական ուղեգիծն ու դիրքավորումը։ Կազմակերպություն եզրույթը նաև ենթադրում է, որ կառույցը սոցիալ-մշակութային հարցերից կանցնի քաղաքականին։ 

Իսկ հիմա ամենահետաքրքիրը։ Թուրքերենում «թուրքական» և «թյուրքական» եզրույթների միջև տարբերություն չկա։ Երկուսն էլ թուրքերենում արտահայտվում են «Türk» բառով և մեկնաբանության հարց է, թե դրանցից որն են ակնարկում թուրքերը։ 

Կազմակերպության անդամ պետությունները, գագաթնաժողովի արդյունքում, ստորագրել են կոմյունիկե, համաձայն որի՝ պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը ահաբեկչության, ծայրահեղականության, անջատողականության, ռասիզմի, խտրականության, այլատյացության, իսլամաֆոբիայի և ատելության դրսևորման այլ ձևերի դեմ պայքարի ուղղություններում։ 

Թյուրքալեզու երկրների վարած արտաքին քաղաքականությանը ծանոթ մարդկանց համար առնվազն ծիծաղելի է այս կոմյունիկեի բովանդակությունը, որովհետև դրա անդամ որոշ երկրներ, հատկապես Ադրբեջանը և Թուրքիան, հենց իրենք են ֆինանսավորում այդ ամենը։ Թուրքիան միջազգային հանրության կողմից բազմիցս մեղադրվել է ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Քիչ չեն փաստերն ու ապացույցները, որոնք վկայում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Թուրքիայի միջև առկա կապի մասին։ Բացի այդ, Թուրքիան աջակցում է սիրիական ընդդիմությանն ու ոչ ֆորմալ կազմավորումներին, որոնցից շատերը մի շարք պետություններում հայտարարվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Նույն Թուրքիան նախորդ տարի Արցախում 44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում Սիրիայից ահաբեկիչներ էր տեղափոխում Ադրբեջան, որոնք այնուհետ կռվում էին Արցախում՝ ադրբեջանական զինված ուժերի կազմում։ Սա նաև վկայում է այն մասին, որ ոչ միայն Թուրքիան, այլև Ադրբեջանը միջազգային ահաբեկչությունը ֆինանսավորող երկրներ են։

Ինչ վերաբերում է ծայրահեղականությանը, ապա նույն Թուրքիան վերջին տարիներին հեռանում է այդ երկրի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի պատգամներից և Էրդողանի առաջնորդությամբ անցում կատարում իսլամիզմին, ինչի արդյունքում Թուրքիայում սկսել է մեծանալ ծայրահեղական շարժումների ազդեցությունը, որոնք սովորաբար զարգանում են կրոնական հաստատությունների հովանու ներքո։ 

Անջատողականության պարագայում պետք է հասկանալ երկու կարևոր հանգամանք.

  1. պայքար Թյուրքական պետությունների կազմակերպության տարածքում հնարավոր անջատողականության դեմ,
  2. այլ երկրների տարածքներում անջատողական շարժումներին նպաստում։

Ընդ որում, երկրորդի պարագայում խոսքը ոչ միայն թյուրքալեզու, այլև այլ ժողովուրդների անջատողականության մասին է։ Թյուրքալեզու ժողովուրդները հատկապես տարածված են հետխորդային պետություններում (Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա), Բալկանյան երկրներում, Իրանում և Չինաստանում։ Իսկ Թուրքիան, անուղղակիորեն ֆինանսավորելով նրանց, ականներ է տեղադրում այդ երկրների տակ։ 

Արցախյան հիմնահարցը թյուրքական երկրները դիտարկում են առաջին կետի ներքո։ Հատկապես Թուրքիան և Ադրբեջանն այն տեսակետին են, որ «հայկական անջատողականության» դեմ պետք է կատաղի պայքար մղել, հակառակ դեպքում այն կարող է խափանել իրենց պանթուրքական նպատակները։ Նաեւ այդ պատճառով Թուրքիան բացահայտ ներգրավվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմում։ 

Խտրականության պարագայում Թուրքիայից, իսկ այլատյացության պարագայում Ադրբեջանից զատ՝ աշխարհում դժվար գտնվի մեկ այլ պետություն, որտեղ այլազգիների, կոնկրետ դեպքում՝ հայերի նկատմամբ խտրականությունն ու այլատյացությունը լինի այսքան ակնհայտ։ Դրա մասին վկայում են ոչ միայն միջազգային զեկույցները, ուսումնասիրությունները, այլև թեկուզ այն հանգամանքը, որ ազգությամբ հայերը, օրինակ, չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք։ Այս ամենից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է Արցախում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցության մասին։

«Թյուրքական աշխարհի տեսլականը. 2040». պանթուրքիզմի նոր դասագիրքը

Գագաթնաժողովի ընթացքում անդամ պետություններն ընդունել են նաև «Թյուրքական աշխարհի տեսլականը. 2040» ռազմավարական փաստաթուղթը։ Դրանով նախատեսվում է առաջիկա երկու տասնամյակի ընթացքում խորացնել թյուրքալեզու պետությունների համագործակցությունն առաջնային ոլորտներում, մասնավորապես՝ անվտանգության, տրանսպորտի և մաքսային համակարգում, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, առողջապահության, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, երիտասարդության և սպորտի, ինչպես նաև սփյուռքի հետ աշխատանքներում։

Եթե հակիրճ, ապա Թուրքիայի գերակա նպատակն է այս երկրներում չեզոքացնել ռուսական ազդեցությունն ու տարածել թուրքականը։ Անվտանգության ոլորտում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորացումը ենթադրում է, որ մոտ ապագայում այս երկրները հնարավոր է հայտարարեն անվտանգային վերպետական կառուցի ստեղծման մասին։ Օրինակ, դա կարող է կոչվել Թյուրքալեզու պետությունների պաշտպանության կազմակերպություն կամ Թյուրքական պաշտպանական դաշինք։

Իրականում Բաքուն ու Անկարան այդ կազմակերպության ստեղծման հիմնաքարը դրել են այսպես կոչված «Շուշիի հռչակագրով», երկու երկրներն է'լ ավելի են խորացրել ռազմական համագործակցությունը։ Ղազախստանը կամ Ղրղզստանը դեպքերի նման զարգացման պարագայում լքելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որովհետև դա զուտ ձևաչափ է Ռուսաստանի, այլ ոչ անդամ մյուս երկրների հետ համագործակցության համար։ Իսկ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության համար բավարար կլինի միայն երկկողմ ձևաչափը։

2021 թվականի մայիսից ի վեր, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, ոչ ՀԱՊԿ-ն և ոչ էլ անդամ որևէ երկիր համարժեք պատասխան չտվեց կամ որեւէ գործողություն չձեռնարկեցի Ուստի, Ղազախստանի ու Ղրղզստանի համար տեսանելի է, որ ապագայում միգուցե նման խնդրի առաջ կանգնեն նաև իրենք, իսկ Թուրքիան, որպես այդպիսին, շատ ավելի վստահելի գործընկեր է թյուրքալեզու երկրների համար, քան Ռուսաստանը՝ իր ԽՍՀՄ վերականգնման ծավալապաշտական քաղաքականությամբ։ 

Ինչ վերաբերում է տրանսպորտի և մաքսային համակարգերին, ապա նույն գագաթնաժողովի ժամանակ Ալիևը բարձրաձայն հայտարարեց այս կետի իրականացման հիմնական եղանակը. այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը։ Ըստ Ալիևի՝ լոգիստիկ նախագծերի հաշվին նորից միավորվում է թյուրքական աշխարհի աշխարհագրությունը։ Նրա պատկերացմամբ, այս միջանցքը Բիշքեկն ու Տաշքենդը կարող է կապել Ստամբուլի ու Եվրոպայի հետ։

Երբ պատերազմի ավարտից հետո քննարկվում էր այս միջանցքի հնարավոր բացման հարցը, որը, ըստ ադրբեջանական կողմի պնդման, պետք է իրականացվի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, նույն ադրբեջանցիները պնդում էին, որ այն վերահսկվի թուրքական զինված ուժերի կողմից։ Ավելի ուշ, տեսնելով, որ նման տարբերակը մերժվում է ոչ միայն հայկական, այլև ռուսական կողմից, ադրբեջանցիները սկսեցին առաջ տանել ճանապարհի` ռուսական ուժերի կողմից վերահսկվելու տարբերակը՝ հուսալով, որ այն դուրս կլինի հայկական վերահսկողությունից։ Բաքվի պլանները որոշակիորեն խառնվեցին, երբ Երևանում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ ճանապարհների ինքնավարությունը կմնա այն երկրների իրավասության տակ, որոնց տարածքով դրանք անցնում են:

Ուստի, վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում առկա լարվածությունը ձեռնտու է միայն Բաքվին, որպեսզի Երևանին ստիպի որքան հնարավոր է շուտ համաձայնել այդ ճանապարհի բացմանը։

Առողջապահության, կրթության, գիտության և սոցիալական այլ ոլորտներում Թուրքիան դեռ 2000-ական թվականների սկզբից իր ներկայությունն ապահովել է Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Թուրքիան այդ երկրներում բացել է հիվանդանոցներ, դպրոցներ, համալսարաններ, ինչպես նաև՝ գիտական կենտրոններ։ 

Դեռ 1993 թվականին Թուրքիայում ընդունվել էր որոշում, որով այդ երկիրը ստանձնել էր կրթության և մշակույթի վերաբերյալ հնգամյա երկու ծրագրերի ֆինանսավորում։ Դրա շրջանակներում ԱՊՀ երկրներից աշակերտների և ուսանողների մեծ խմբեր իրենց քաղաքացիական ու ռազմական ուսումն էին ստանում Թուրքիայում, իսկ այդ երկրներում Թուրքիան ստեղծում էր անատոլիական դպրոցների ցանց. միջնակարգ ուսումնական հաստատություններ, որտեղ խորությամբ սովորում էին թուրքերեն և որևէ արևմտյան լեզու։ Որոշ դպրոցներում էլ ուսուցումը բացառապես թուրքերենով էր  կազմակերպվում։ 

1995 թվականին Ղազախստանի տարածքում բացվել էր թուրքական երկու բուհ՝ մեկը Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի անունով, իսկ մյուսը՝ Խոջա Ահմադ Յասևիի անվան, Ալմաթիում (թյուրք-ղազախական միջազգային համալսարանը)։ 

Թուրքիայի համար թյուրքալեզու սփյուռքը մշտապես եղել է «հինգերորդ շարասյուն» այլ երկրների տարածքում։ Իր ազդեցությունն ունենալով ոչ միայն թուրքական և ադրբեջանական, այլև ղազախական, ղրղզական կամ ուզբեկական համայնքների վրա` Թուրքիան հեշտությամբ կարող է նրանց ծառայեցնել իր արտաքին քաղաքական շահերի սպասարկման համար։

Վերպետական կառույցի ստեղծման արդյունքները

Թյուրքական խորհրդից Թյուրքական պետությունների կազմակերպությանն անցումը վերջնարդյունքում հանգեցնելու է միասնական հավատքի, լեզվի և, ինչու չէ, նաև գրի ընդունմանը։ Չնայած թյուրքալեզու ժողովուրդների մեջ կան քրիստոնյաներ, ինչպես գագաուզները, խակասները կամ չուվաշները, հիմնական մասը, այդ թվում` թուրքերը, ադրբեջանցիները, ղազախները, ղրղզները, թուրքմեններն ու ուզբեկները, մուսուլմաններ են։ 

Միակ խնդիրն այստեղ իսլամի ուղղությունների մեջ է։ Եթե թուրքերը, ղազախները, ղրղզները, ուզբեկներն ու թուրքմենները սուննի իսլամի հետևորդներ են, ապա ադրբեջանցիները՝ շիա։ Վերջին շրջանում թուրք-ադրբեջանական մերձեցման նախապայմաններից մեկն էլ, թերևս, Ադրբեջանի սուննիացումն է: Չնայած Ադրբեջանի պնդումներին, թե բազմաազգ ու բազմամշակույթ պետություն է, վերջին տարիներին էականորեն մեծացել են շիա բնակչության նկատմամբ ճնշումները։ Դրա ամենավառ դրսևորումներն են Նարդարանում, կրոնական հենքի վրա, բնակչության և ոստիկանության բախումներն ու Բաքվում թուրքական մշակութային կենտրոնների բացումը։ 

Ընդ որում, Ադրբեջանի սուննիացումն իրականացվում է ամենաբարձր մակարդակով, որովհետև Բաքվի իշխանությունները հասկանում են, որ շիա երկրին միշտ չէ, որ պատրաստ են աջակցել մուսուլմանական մյուս երկրները։ Շիա իսլամն առնչվում է Իրանի հետ, իսկ Իրանը թշնամական հարաբերություններ ունի մուսուլմանական մյուս, հատկապես սուննի իսլամի հետևորդ արաբական երկրների հետ։ Ադրբեջանը նաև շատ լավ գիտակցում է, որ Արցախյան հակամարտության մեջ Թուրքիան վստահելի գործընկեր է, ուստի իր երկրում Թուրքիայի ազդեցության մեծացումը մտադիր է փոխհատուցել Արցախի՝ իր ազդեցության տակ չգտնվող տարածքների վերադարձի դիմաց, որը կարող է իրականացնել Թուրքիայի օգնությամբ։ 

Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և թյուրքալեզու մյուս երկրներում, անգլերենին զուգընթաց, մոդայիկ է նաև թուրքերենի իմացությունը։ Ընդ որում, Թուրքիան դրան հասել է շնորհիվ փափուկ ուժի կիրառման. կրթություն, մշակույթ և, ի վերջո, վերջին տարիներին թուրքական ամենահզոր փափուկ ուժը՝ սերիալները։ Թուրքական սերիալներն այսօր աշխարհում, տարբեր հաշվարկներով, դիտում է կես միլիարդից մինչև մեկ միլիարդ մարդ։ Թուրքիան պետական մակարդակով միլիոնավոր դոլարներ է ծախսում այդ սերիալների միջոցով իր իմիջն ու հեղինակությունը բարձրացնելու համար։ Եվ հետաքրքրականն այն է, որ դրանք բավականին տարածված են նաև Թուրքիայի հակառակորդ երկրներում՝ Իսրայելում, Արաբական աշխարհում, Հունաստանում, Հայաստանում և Իրանում։

Առաջիկա տարիներին թուրքերենի ազդեցությունն այդ երկրներում է'լ ավելի կմեծանա, իսկ Թյուրքական պետությունների կազմակերպությունում հնարավոր է թուրքերենը դառնա գլխավոր պաշտոնական լեզուն։

Թյուրքական աշխարհի մի մասը գրում է լատինատառ, իսկ մյուսները, ինչպես, օրինակ Ղազախստանը և Ղրղզստանը, կյուրեղագիր։ Խորհրդային տարիներին Ադրբեջանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում ևս կիրառվում էր կյուրեղագիր այբուբենը, սակայն անկախացումից ի վեր, այդ թվում՝ թուրքական ազդեցության հետևանքով, այդ երկրները անցում կատարեցին լատինատառ գրին։ Էրդողանի Թուրքիան, որը ձգտում է հասնել Օսմանյան կայսրության երբեմնի փառքին, դժվար վերադարձ կատարի արաբագիր տարբերակին, այդ իսկ պատճառով այստեղ ճնշման տակ կլինեն կյուրեղագիր երկրները, որոնց կպարտադրվի անցում կատարել լատինատառ գրին։ Ընդ որում, այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է։ 

Իր նպատակների իրականացման ճանապարհին միակ լուրջ բախումը, որին կարող է բախվել Անկարան, կազմակերպությունում լիդերության հարցն է։ Եվ միակ երկիրը, որը կարող է մրցակցել Թուրքիայի հետ, Ղազախստանն է։ Նուրսուլթանը չի թաքցնում իր թյուրքամետ արտաքին քաղաքական գիծը, բայց շատ հաճախ չի ցանկանում նաև իր տեղը զիջել Անկարային։ Ղազախստանն իր աչքի առաջ ունի թուրք-ադրբեջանական համագործակցության օրինակը, որը կարելի է անվանել «մեծ եղբայր-փոքր եղբայր» ձևակերպմամբ։ Ղազախստանի համար անընդունելի է այս տարբերակը՝ մի քանի շատ պարզ պատճառներով.

  1. Տնտեսապես երկու երկրները միմյանցից շատ չեն տարբերվում, չնայած Թուրքիան ՀՆԱ-ի ցուցանիշներով ավելի առաջ է։
  2. Տարածքային առումով Ղազախստանը շատ ավելի մեծ է։
  3. Թյուրքական երկրների խորհրդի ստեղծման գաղափարը պատկանում է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։
  4. Ղազախստանն այն կարծիքին է, որ Կենտրոնական Ասիայում Թուրքիան պետք է հաշվի նստի իր կարծիքի հետ։

Դրան հակառակ, Ղրղզստանը ձգտում է ավելի սերտ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ։ Ոգևորվելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներից և դրանում Թուրքիայի դերակատարությունից, Բիշքեկը ձգտում է Անկարայի օգնությամբ շուտափույթ սկսել ղրղզ-տաջիկական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, մանավանդ, որ վերջին սրման ժամանակ Թուրքիան իր բացահայտ աջակցությունն էր հայտնել Ղրղզստանին, իսկ Տաջիկստանը սերտ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Բացի այդ, Ղրղզստանն այս տարվա նոյեմբերին հայտարարել է թուրքական արտադրության Bayraktar անօդաչուների գնման մասին, որոնք կներգրավվեն այդ երկրի հարավային սահմանների պաշտպանության գործընթացին: 

Թյուրքական պետությունների ստեղծումն, առաջին հերթին, հակասում է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի շահերին, որոնք ոչ միայն ազդեցություն ունեն Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների վրա, այլև իրենց տարածքներում ունեն թյուրքալեզու հոծ բնակչություն։ Իսկ ակտիվ հակաքայլեր չձեռնարկելը ենթադրում է, որ այդ երկրները դեմ չեն իրենց տարածքներում վաղ թե ուշ պայթող ականների տեղադրմանը։ 

Տարոն Հովհաննիսյան. «Թուրքմենստանին Թուրքիան փորձում է օգտագործել պանթուրքական ծրագրերի ֆինանսավորման համար»

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը ևս այն տեսակետին է, որ կազմակերպության վերանվանումը ապագային միտված կազմակերպական փոփոխություն է, որի նպատակն է միավորումը դնել առավել ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Ըստ նրա՝ Թուրքիան, որը հանդես է գալիս որպես միավորման գլխավորման դերակատար, ապագայում մտադրություն ունի համագործակցությունը միգուցե նաև տեղափոխել անվտանգային դաշտ։

Ադրբեջանագետն ընդգծում է կազմակերպությանում Թուրքմենստանի դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հանգամանքը։ Ըստ նրա՝ կազմակերպության առաջիկա խնդիրներից մեկը կլինի այդ երկրին լիիրավ անդամ դարձնելը, ինչը տնտեսական և ֆինանսական առումով բավականին լուրջ դեր կարող է խաղալ տնտեսական և ֆինանսական ծրագրերի իրականացման համար։ Ադրբեջանագետի կարծիքով՝ Թուրքմենստանին Թուրքիան փորձում է օգտագործել պանթուրքական ծրագրերի ֆինանսավորման համար։

Ըստ ադրբեջանագետի՝ առհասարական Թուրքիան թյուրքախոս մյուս պետություններին դիտարկում է որպես իր ազդեցությունը մեծացնելու հնարավորություն ոչ միայն այդ երկրներում, այլ նրանց ռեսուրսների հաշվին։ Որովհետև այն նախագծերն ու պլանները, որոնք իր առաջ դրել է Թուրքիան և ցանկանում է իրագործել, սեփական միջոցներով և տնտեսության հաշվին չի կարող։ Այդ հարցում նրան կարող են օգնել ադրբեջանական, ղազախական և թուրքմենական էներգառեսուրսներից ստացված միջոցները։

Թուրքիայի և Ադրբեջանի համար խիստ կարևոր է Թուրքմենստանի ներգրավումը, որովհետև գազատարի այն ծավալները, որ կառուցել են Թուրքիան և Ադրբեջանը (խոսքը Հարավային գազային միջանցքի մասին է), Ադրբեջանն ի զորու չէ ապահովել, որովհետև այդ երկրում բնական գազի տարեկան արդյունահանումը բավականին քիչ ծավալներով է և իրականում տարեկան արտահանածի ուղիղ կեսը՝ շուրջ 9 միլիարդ խորանարդ մետրը, հենց Ադրբեջանի ներքին պահանջների բավարարմանն է ուղղվում, մոտ 6 միլիարդը՝ Թուրքիայի։ Բնականաբար, խողովակաշարի լիարժեք գործարկման համար անհրաժեշտ է, որ դրան միանան կամ Իրանը, ինչի տարբերակը Նաբուկոյի պարագայում բացառված է, որովհետև Իրանը գտնվում է պատժամիջոցների տակ, կամ Թուրքմենստանը՝ Կասպից ծովով։ 

Տարոն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ մոտ ապագայում Ղազախստանը կամ Ղրղզստանը դժվար դուրս գան ՀԱՊԿ-ից, սակայն երկարաժամկետ կտրվածքով այդ սցենարը միանգամայն իրատեսական է։ Ըստ նրա՝ թյուրքական երկրների շրջանում անուղղակիորեն նկատվում է բանավեճ լիդերության շուրջ։ Այդուհանդերձ, տարեցտարի այդ երկրների միջև համագործակցության ծավալներն աճում են, այդ թվում՝ ռազմական համատեքստում։ 

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter