HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ունեցվածքս չեմ հայտարարագրել, ինչը հանցանք է, բայց հանրության համար այլեւս վտանգավոր չեմ, որովհետեւ թողել եմ պաշտոնս

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանը եւ նրա որդին, որոնք մեղադրվում էին առանձնապես խոշոր չափերի գույք չհայտարարագրելու մեջ, Երեւանի դատարանի որոշմամբ այլեւս ամբաստանյալ չեն, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Այս գործը որքան որ հետաքրքիր էր Հրանտ Դավթյանի անձով, այսինքն՝ նրանով, որ նա նախկին պաշտոնյա է, նույնքան էլ հետաքրքիր է դարձել դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած որոշմամբ, որը նոր հարցեր է առաջացնում։ Եթե Մելիքսեթյանի այս որոշումն օրինական ուժ ստանա, ապա կդառնա հրաշալի նախադեպ բոլոր այն նախկին պաշտոնյաների (ավելի ճիշտ՝ հայտարարագիր տալու պարտականություն ունեցած անձանց) համար, ովքեր միտումնավոր կամ ակամա խախտել(ու) են օրենքն ու հայտնվել(ու) մեղադրյալի աթոռին։

2020 թ. փետրվարին քրեական ոստիկանությունը «Հետքի» հետաքննության հիման վրա քրգործ էր հարուցել, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՀՔԾ: Մենք 2018-ի նոյեմբերին գրել էինք Դուբայում անշարժ գույք ունեցող պաշտոնյաների ու գործարարների մասին, որոնց մեջ էր նաեւ Հ․ Դավթյանը։ Վերջինս 2012-2017 եւ 2018-2019 թթ․ ԱԺ պատգամավոր էր ու պարտավոր էր գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացնել ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին (ներկայում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)։ Մենք, բացի արաբական գույքից, անդրադարձել էինք նաեւ Դավթյանի հայաստանյան գույքին, եւ ոստիկանությունը հրապարակման ուսումնասիրության արդյունքում բացահայտել էր, որ նախկին պատգամավորը չի հայտարարագրել Հայաստանում իրեն պատկանող տարբեր չափերի 7 միավոր անշարժ գույք եւ բանկերում ունեցած դրամական միջոցները: Նույնը վերաբերում էր նրա որդուն, որը եւս հայտարարատու անձ էր։ Վերջինս չէր հայտարարագրել իր ձեռք բերած անշարժ գույքը, վաճառած մեքենան եւ բանկին ունեցած ֆինանսական պարտավորությունները։

Հայր եւ որդի Դավթյաններն ամբաստանյալի աթոռին էին հայտնվել ՔՕ 314.3 հոդվածի 2-րդ մասով, այն է. «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»:

Քրգործը դատարան էր մտել այս տարվա մայիսին ու մակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դատավարության ժամանակ եւ դրանից առաջ Դավթյանների նկատմամբ կիրառված էր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Նոյեմբերի 10-ին Դավթյանների պաշտպանը դատարանին միջնորդել է դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ հիմք ընդունելով «իրադրության փոփոխությունը»։ Քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը սահմանում է․ «Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետեւանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց»:

Դավթյանների փաստաբան Ռ․ Վարդազարյանը մեջբերել է ՔՕ 74-րդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերլուծությունը, ըստ որի՝ անձը կարող է քրեական պատասխանատվությունից ազատվել, եթե իրադարության փոփոխության հետեւանքով ա) ինքն է դադարել վտանգավոր լինել հանրության համար, բ) արարքն է դադարել վտանգավոր լինել հանրության համար։ Ընդ որում՝ այս տարբերակներից մեկի առկայությունը բավարար է քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ 

Վճռաբեկ դատարանը վերլուծել է այսպես․ «Իրադրության փոփոխման հետեւանքով անձի՝ հանրության համար վտանգավորության կորուստը ենթադրում է այնպիսի փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցանք կատարած անձը դադարում է հանրության համար վտանգավոր լինելուց: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանցագործությունից հետո անձի կյանքի եւ գործունեության պայմաններում կատարված փոփոխությունները զրկում են նրան հասարակական հարաբերություններին այնպիսի վնաս պատճառելու հնարավորությունից, ինչպիսին նա պատճառել է նախքան այդ փոփոխությունները: Այլ կերպ՝ կատարված փոփոխությունները պետք է էականորեն նվազեցնեն նոր հանցանք կատարելու` անձի օբյեկտիվ հնարավորությունը:

Իրադրության փոփոխման հետեւանքով հանցավոր արարքի հանրային վտանգավորության կորուստը ենթադրում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում այնպիսի էական փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցավորի արարքը դադարում է հանրության համար վտանգ ներկայացնելուց՝ անկախ այն բանից, որ տվյալ պահին գործող Քրեական օրենսգրքով այդ արարքը դեռեւս համարվում է հանցավոր»:

Դավթյանների պաշտպանի գնահատմամբ՝ իրադրության փոփոխություն է այն, որ Հրանտ Դավթյանն ու նրա կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», 2021-ի հունիսին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքով չեն անցել խորհրդարան, այսինքն՝ Դավթյանն ու նրա որդին ընտրությունների արդյունքում չեն դարձել հայտարարատու անձ՝ ՔՕ 314.3 հոդվածով սահմանված հանցագործության սուբյեկտ։ «Տեղի ունեցած փոփոխությունները սույն դեպքում ոչ թե էականորեն նվազեցրել են նոր հանցանք կատարելու` պաշտպանյալներիս օբյեկտիվ հնարավորությունը, այլեւ բացառում են նման հանցանք կատարելու օբյեկտիվ հնարավորությունն առհասարակ, պաշտպանյալներիս արարքը դադարել է հանրության համար վտանգ ներկայացնելուց՝ անկախ այն բանից, որ տվյալ պահին գործող Քրեական օրենսգրքով այդ արարքը դեռեւս համարվում է հանցավոր»,- նշել է Վարդազարյանը:

Ու քանի որ սա եղել է Դավթյաններին վերագրվող առաջին հանցանքը, այն էլ՝ միջին ծանրության (նախատեսվող առավելագույն պատիժը 4 տարվա ազատազրկումն է), պաշտպանը միջնորդել է քրեական հետապնդումը դադարեցնել (իրականում Հրանտ Դավթյանը նախկինում դատապարտված եղել է, բայց դատվածությունը մարված է եղել, իսկ մարումից հետո անձի կողմից քրեորեն պատժելի նոր արարք կատարելը եւս գնահատվում է որպես առաջին անգամ կատարված)։

Դատախազ Կորյուն Սերոբյանը առարկել է փաստաբան Վարդազարյանի այս միջնորդության դեմ՝ նկատելով, որ դեռ նախաքննության ժամանակ պաշտպանը նման միջնորդություն ներկայացրել էր, սակայն ինքը դա մերժել էր այն հիմնավորմամբ, որ պաշտոնատար անձ չլինելը չի կարող գնահատվել որպես իրադրության փոփոխություն, քանի որ 2019-ի հունիսին հայտարարագիր ներկայացնելիս եւս Հրանտ Դավթյանը չի զբաղեցրել որեւէ պաշտոն: Հիշեցնենք, որ 2018-ի հունիսին պատգամավորի մանդատ ստանալուց հետո Դավթյանը նույն տարվա սեպտեմբերին ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, իսկ երբ 2019-ի հունվարին թողել է պատգամավորի պաշտոնը (նոր խորհրդարանում չնայած ԲՀԿ-ն ներկա էր, Դավթյանը մանդատ չստացավ), նույն տարվա հունիսին ներկայացրել է պաշտոնի դադարեցման հայտարարագիր։ Հենց այս երկու փաստաթղթերում է, որ նա պատշաճ չի ներկայացրել իր ունեցվածքը, ինչն էլ քրգործի հիմք է դարձել։

Դատախազին ի պատասխան՝ Դավթյանների փաստաբանը նշել է, որ ինքը նախաքննության ժամանակ միջնորդություն էր ներկայացրել մինչեւ 2021 թ․ ԱԺ ընտրությունները, այնինչ այդ ընտրությունների ժամանակ Հրանտ Դավթյանը ԲՀԿ ցուցակում պատգամավորության թեկնածու էր․ «Դատարանում ներկայացվում է նոր միջնորդություն՝ հաշվի առնելով, որ առկա է իրադրության փոփոխություն, եւ Հրանտ Դավթյանը այս պահին չի համարվում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ: Թեեւ չի բացառվում հետագայում պաշտոնատար անձ լինելը, սակայն բացառվում է մեղսագրվող արարքի կոնկրետ դրսեւորմամբ արարքի կատարումն առնվազն առաջիկա 5 տարում (նկատի ունի, որ առաջիկա 5 տարում՝ մինչեւ ԱԺ նոր ընտրություններ, Դավթյանը չի կարող նորից պատգամավոր դառնալ - «Հետք»)»:

Նույն օրը՝ նոյեմբերի 10-ին, դատավոր Արմինե Մելիքսեթյանը գտել է, որ պաշտպան Վարդազարյանի ներկայացրած միջնորդությունը հիմնավոր է։ Ըստ որոշման՝ էականորեն նվազել է Հրանտ Դավթյանի՝ հանցանք կատելու օբյեկտիվ հնարավորությունը, եւ նրա հանրային վտանգավորությունը կոնկրետ դսեւորմամբ բացակայում է:

«Դատարանն արձանագրում է ամբաստանյալ Հրանտ Դավթյանի հանրային վտանգավորությունը դադարած լինելու հանգամանքը՝ կապված իրադրության փոփոխությամբ, հետեւաբար դատարանի գնահատմամբ առկա է քրեական հետապնդումը դադարեցնելու հանգամանք»,- նշվում է Մելիքսեթյանի որոշման մեջ: Նույն հիմնավորումը դատավորը կիրառել է նախկին պատգամավորին փոխկապակցված անձի՝ որդու նկատմամբ։ Խափանման միջոց ստորագրությունները վերացվել են, քրեական հետապնդումը՝ դադարեցվել։ Ընդ որում՝ հայր եւ որդի Դավթյանները չեն առարկել, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի այս (իրադրության փոփոխության) եւ ոչ թե արդարացման հիմքով։

Արմինե Մելիքսեթյանի որոշումը դատախազությունը մեկ ամսում կարող է բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան։

Եթե այս դատական ակտը ստանա օրինական ուժ, ապա, ըստ էության, կստացվի, որ տարբեր ծավալների ունեցվածք չհայտարարագրած պաշտոնյաները պաշտոնը թողնելուց հետո կարող են իրենց ապահովալ զգալ՝ նախաքննության ժամանակ կամ դատարանում հպարտ հայտարարելով, որ այլեւս պաշտոնյա չեն, ինչն «իրադրության փոփոխություն է», եւ դրա հետեւանքով իրենք կամ իրենց կատարած արարքն այլեւս հանրության համար վտանգավոր չեն։ Աբսուրդ է, բայց հենց սա է դատավոր Մելիքսեթյանի որոշման տրամաբանությունը։ 

Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter