HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կոտայքում ամբողջ հանրային տրանսպորտը կսպասարկի Ծառուկյանի որդու ընկերությունը

Կոտայքի մարզում հանրային տրանսպորտի միասնական երթուղիներն ամբողջությամբ կսպասարկի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին պատկանող ընկերությունը։

2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն էլ և հաղթող է ճանաչվել։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է ընդամենը երկու ամիս առաջ՝ 2021թ․ սեպտեմբերի 16-ին։ Պետական գրանցումից մեկ ամիս անց ընկերությունը հայտ է ներկայացրել Կոտայքի մարզի հանրային տրանսպորտն ամբողջությամբ սպասարկելու համար։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին, իսկ ընկերության տնօրենը Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանն է։

«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք է տրվել՝ 10 տարի ժամկետով։ 

Մրցութային հանձնաժողովի նոյեմբերի 5-ի նիստի արձանագրությունում նշված է, որ Կոտայքի մարզի հանրային տրանսպորտայի ցանում ներգրավվելու է 150 ավտոբուս, որից 19-ը՝ պահուստային, իսկ ամենօրյա երթուղիներում լինելու է 131 ավտոբուս։ Այդ նպատակով «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ն պարտավորվել է ապահովել չինական «Յութոնգ ZK6852HG» մակնիշի 2022թ․ արտադրության 30 հատ, «Յութոնգ ZK6729D» 2021թ․ արտադրության 40 հատ և ռուսական «ԳԱԶ A65R36» մակնիշի 80 ավտոբուս։

Ըստ նիստի արձանագրության՝ ավտոբուսներն աշխատելու են 35 տարբեր երթուղիներով՝ և՛ մարզի տարբեր համայնքների միջև, և՛ համայքներից դեպի մայրաքաղաք Երևան։ Ամենամեծ թվով ավտոբուսները սպասարկելու են Աբովյան-Երևան երկու երթուղիները՝ ընդհանուր 30 ավտոբուսով։ Համեմատության համար՝ մարզկենտրոն Հրազդանից, Չարենցավանից, Նոր Հաճնից դեպի Երևան լինելու են միայն մեկական երթուղիներ՝ 8-ական ավտոբուսներով, իսկ օրինակ՝ Եղվարդ-Երևան երթուղին սպասարկելու է 6 ավտոբուս։ Սահմանվել են նաև մեկ ուղևորի համար նախատեսված փոխադրավարձերը, օրինակ՝ Հրազդան-Երևան՝ 700 դրամ, Չարենցավան-Երևան 500 դրամ, Եղվարդ-Երևան, Աբովյան-Երևան, Նոր Հաճն-Երևան՝ 300 դրամ։

Միասնական երթուղիներ ստեղծելու նախաձեռնությունը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով։ Միասնական երթուղիներ են ներդրվելու նաև հանրապետության մյուս մարզերում։

Հիշեցնենք, որ մինչև Կոտայքի մարզի միասնական երթուղու սպասարկման իրավունք ստանալը, Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ն տարիներ շարունակ սպասարկում է Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղիները։ Այդ ընկերության տնօրենը ևս Արթուր Դալլաքյանն է։ Մոտ ապագայում Կոտայքի մարզում հանրային տրանսպորտը սպասարկող բոլոր ընկերությունները դուրս կգան երթուղուց և իրենց տեղը կզիջեն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին։

Մեկնաբանություններ (3)

Քաղաքացի
Բյուրեղավանն էլ չկա։ Այո, Նոր Հաճն Աբովյան երթուղու ուղեվարձն էլ էր 250 դր, ոչ 200, դա նույնպես խիստ խախտում է։ Հետո դարձավ 200 դր։ Եվ ընդհանրապես, ընկերությունը սկսել է խախտումները մանրից վերացնելու գործընթաց։ Ճ
Անուշ
Բարև ձեզ որ խնդրեմ կասեք թե ինչու է Զառ,Ակունք Նոր գյուղերը սպասարկող ավտոբուսը թանկացել 150% ով։Առաջ վճարում էինք 100 դրամ հիմա դարձելա 250 դրամ
Մերինե
Իսկ Նուռնուս համայնքը ինչու չկա թվարկված համայնքների շարքում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter