
Սահմանամերձ մարզերի ղեկավարներն ԱԺ-ում քննարկում են «Աշխարհազորի մասին» օրենքը
Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզպետները Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում են՝ աշխատանքային քննարկման: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ քննարկելու են դեռևս նախորդ տարի հոկտեմբերին ընդունված «Աշխարհազորի մասին» օրենքը, որում տեղ գտած փոփոխություններն, ըստ Քոչարյանի, ամբողջական չեն եղել: Քննարկմանը ներկա են նաև ՊՆ ներկայացուցիչներ:
«Գուցե ինչ-որ խնդիր լուծեց տվյալ օրենքը, հնարավոր է՝ չլուծեց, բայց այսօր հավաքվել ենք հասկանանք խնդիրների ամբողջականությունը: Կարծում եմ, որ քննարկումը առարկայական լինի, առաջարկում եմ նիստը դռնփակ անենք»,- ասաց նա:
Ներկաները համաձայնեցին դռնփակ քննարկման առաջարկին:
«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում արված փոփոխությունների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալների թիվն ավելացավ, նրանք ներգրավվեցին աշխարհազորում որպես հրամանատար:
Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:
Մեկնաբանել