HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հարավային Կովկասում շուտով կգործարկվի «3+3» ձևաչափը

Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպումների իրականացումը «կարճաժամկետ հեռանկարի» հարց է։ Այդ մասին TACC գործակալությանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ 

«Առայժմ ընթանում է այդ հարցերի մշակումը, պետք է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը։ Երբ դրան հնարավոր լինի հասնել, մենք կհայտարարենք, թե որտեղ այն կկայանա։ Մենք հույս ունենք, որ դա կարճաժամկետ հեռանկարի հարց է»,- նշել է Ռուդենկոն՝ պատասխանելով համապատասխան հարցին։ 

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով՝ «3+3» ձևաչափում Վրաստանի տեղը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թբիլիսին պատրաստակամություն չի հայտնի մասնակցելու այդ քննարկումներին։ «Մենք ամբողջությամբ բաց ենք այդ գործընթացին վրացիների մասնակցության համար։ Այդ իսկ պատճառով, եթե այդպիսի հանդիպում կայանա, կան այդպիսի պլաններ՝ հանդիպում անցկացնել վեց պետություններից մեկի մայրաքաղաքում։ Եթե Վրաստանը չի հաստատի իր պատրաստակամությունը մասնակցելու, այդ երկրի համար նախատեսված աթոռը թափուր կմնա։ Ուղղակի թող հանգիստ լինի։ Երբ Վրաստանն անհրաժեշտ կհամարի, երբ նա հասուն կլինի դրա համար, նա կդառնա գործընթացի նույնքան իրավահավասար մասնակից»,- նշել է Ռուդենկոն։ 

Ռուս բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդներինն է։ «Այդ երկու երկրների նախագահները բարձրաձայնել են «3+3» ձևաչափով հավաքվելու գաղափարի մասին՝ հարավկովկասյան երեք երկրները, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Նրանք կքննարկեն վերջին իրադարձությունների համատեքստում տարածաշրջանում առկա իրավիճակը։ Իհարկե, վերջին իրադարձությունները փոխել են պատկերը տարածաշրջանում, և մենք պետք է ինչ-որ ձևով հարմարվենք նոր իրողություններին։ Դա օբյեկտիվ իրականությունն է, այն պետք է ընդունել այնպես, ինչպես դա կա»,- ընդգծել է Ռուդենկոն։  

Նա հավելել է, որ Մոսկվան աջակցում է այդ նախաձեռնությանը, քանի որ հեռանկարային է համարում։ «Դա հեռանկարային գաղափար է՝ մեկ սեղանի շուրջ հավաքել տարածաշրջանի երկրներին, քանի որ հենց նրանք պետք է լուծեն տարածաշրջանային խնդիրները»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter