HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Տոնոյանի կալանավորման ժամկետը երկարացվել է

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամսով: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպաններից Սերգեյ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում: Նա ձերբակալվել է սեպտեմբերի 30-ին, ապա կալանավորվել՝ երկու ամիս ժամկետով: Տոնոյանի կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց առաջ ԱԱԾ-ն կրկին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, որը, փաստորեն, բավարարվել է:

Նշենք, որ ԱԱԾ-ի միջնորդությունը քննել է դատավոր Դավիթ Արղամանյանը: Սերգեյ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին՝ հաշվի առնելով, որ վերջինս նույն գործով մեկ այլ անձի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշում էր կայացրել: Պաշտպանների միջնորդությունը, սակայն, մերժվել է:

Տոնոյանին կալանավորելու միջնորդության քննության շուրջ 15 ժամերի ընթացքում, ըստ Սերգեյ Հովհաննիսյանի,  առավելապես պաշտպանական կողմն է հակափաստարակներ ներկայացրել, դատարանին տրամադրվել են նոր ապացույցներ և տվյալներ, որոնք հերքում են Տոնոյանի մեղադրանքում նշված հանգամանքները: Այս պահին պաշտպանները դեռևս չեն ստացել դատարանի որոշումը և իրենց համար պարզ չէ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է ԱԱԾ-ի միջնորդությունը բավարարել:

Պաշտպանն այս պահին  նպատակահարմար չհամարեց հայտնել, թե ինչ նոր ապացույցներ են տրամադրվել դատարանին:

Ավելի ոււշ, Դավիթ Տոնայանի փաստաբանական խումբը հայտարարություն տարածեց, որը ներկայացնում ենք ստորև․

«Հաշվի առնելով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում ինչպես կալանավորման պայմանների, այնպես էլ կալանավորման հիմքերի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը՝ պետք է փաստենք, որ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի՝ պաշտպանական ոլորտում վարչատնտեսական գործունեության որոշումների ձևավորման և կայացման գործընթացի վերաբերյալ թերի և ոչ մասնագիտական գիտելիքների պատճառով Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունականական ոտնահարման, որի հեռահար նպատակներից մեկը նրա հեղինակության վրա ազդելն է: 

Կրկին հրավիրում ենք քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դ. Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով յուրօրինական, սուբյեկտիվ և ոչ պորֆեսիենալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter