HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տարեսկզբից Հայաստանի միջազգային պահուստները 22.4%-ով աճել են 

2021 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 3 մլրդ 201 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները, տարեսկզբի համեմատ պահուստներն ավելացել են մոտ 586 մլն դոլարով կամ 22.4%-ով:

Հայաստանի միջազգային պահուստների գերակշիռ մասը՝ մոտ 3 մլրդ 138 մլն դոլարը, արտարժույթով ակտիվներն են:

Հայաստանի համախառն միջազգային պահուստներում բանկային ոսկի չկա դեռևս 2003 թվականի դեկտեմբերից:

Տվյալները ցույց են տալիս, որ 2020 թվականին տարածված համավարակի ու պատերազմի հետևանքով Հայաստանի միջազգային պահուստների մակարդակը էական տատանումների չի ենթարկվել:

Վերջին երկու տարում առավել տեսանելի դինամիկա է նկատվել 2021 թվականի փետրվարին, երբ պահուստների կտրուկ աճ է գրանցվել: Միայն փետրվար ամսվա ընթացքում պահուստների ընդհանուր ծավալն աճել է 784 մլն դոլարով կամ մոտ 33%-ով։

Կենտրոնական բանկից հաստատել են, որ Հայաստանի միջազգային պահուստների այդ աճը հիմնականում պայմանավորված էր Կառավարության կողմից եվրապարտատոմսերի թողարկմամբ։

Հայաստանը 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար հունվարի 26-ին 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Ավելի պարզ ասած՝ արտաքին աշխարհից 750 մլն դոլարի նոր պետական պարտք է ներգրավել, որը «տեղ է գտել» միջազգային պահուստներում։

Հետագայում պահուստների մակարդակը կրկին նվազել է մինչև ապրիլ ամիսը: Հետո որոշակի տատանումներով աճել է:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի միջազգային պահուստների մակարդակը այս տարի ավելի բարձր է, քան նախորդող տարիներին: 

Հիշեցնենք, որ միջազգային պահուստներին զուգահեռ ավելանում է նաև Հայաստանի պետական պարտքը: Այս տարվա տասն ամսվա ընթացքում այն աճել է 15.6%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter