HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պետական պարտքի բեռը հատել է «կարմիր գիծը». ինչ է սպասվում եկող տարի

Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից հատել  է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը։ Ինչպես այս տարվա, այնպես էլ 2022 թվականի բյուջեն նախագծելիս Կառավարությունը պարտավորվել է «ձգել գոտիները», որ կարողանա վերադառնալ նախանշված շեմին։

10 ամսում պետական պարտքը 15.6%-ով աճել է

2021 թվականի սեպտեմբերից Հայաստանի պետական պարտքը հատել է 9 մլրդ դոլարի շեմը։ Հոկտեմբերի վերջի դրությամբ այն 9 մլրդ 209 մլն դոլար է։

Ինչպես վկայում են Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալները, այս տարվա առաջին տասը ամիսների ընթացքում պարտքն աճել է մոտ 1 մլրդ 241 մլն դոլարով կամ 15.6%-ով։

Ընդ որում՝ արտաքին պարտքն աճել է 10.7%-ով և կազմել 6 մլրդ 707 մլն դոլար, իսկ ներքին պարտքը 31.1%-ով՝ դառնալով 2 մլրդ 502 մլն դոլար։

Հայկական դրամով հաշվարկած՝ Հայաստանի պետական պարտքը 2021 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ 4 տրլն 400 մլրդ դրամ է:

Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին պարտքը կշարունակի աճել, սակայն Կառավարությունը հույս ունի, որ նույն ընթացքում տնտեսական աճն ավելի բարձր տեմպեր կգրանցի, և պարտքի բեռը կթեթևանա։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը համարում է, որ գործնականում խնդիրը ոչ թե պետական պարտքի մեծությունն է, այլ այն ծախսելու արդյունավետությունը։ Եթե պարտք ենք վերցնում նոր տնտեսական ծրագրեր կյանքի կոչելու համար, ապա դա տրամաբանական է և ցանկալի, քանի որ այդ ծրագրերը ապագայում կբերեն եկամուտներ այդ պարտքը սպասարկելու համար։ Բայց եթե պարտք ենք վերցնում ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար՝ աշխատավարձ, սուբսիդիաներ, նպաստներ, գործուղումներ և այլն, ապա դա ապագայում դառնում է բեռ։

«2022 թվականին Կառավարությունը պետական պարտքի մի մասը ծախսելու է ընթացիկ ծախսերի համար, որը պարտքի արդյունավետ կառավարման տեսանկյունից արդեն իսկ խնդրահարույց է։ Մասնավորապես՝ 2022 թվականին Կառավարությունը պլանավորել է կատարել 346.5 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, այդ թվում՝ սեփական միջոցներով՝ 221.8 մլրդ դրամ և փոխառու միջոցներով՝ 124.7 մլրդ դրամ։ Ստացվում է, որ հաջորդ տարվա համար նախատեսված 242.2 մլրդ դրամ դեֆիցիտից (պարտքից), միայն 51%-ն է ծախսվելու կապիտալ ծրագրերի ուղղությամբ, իսկ մնացած 49%-ը ծախսվելու է ընթացիկ ծրագրերը ֆինանսավորելու համար»,- նշում է տնտեսագետը։

2022 թվականի պետական բյուջեի ուղերձում Ֆինանսների նախարարությունը կանխատեսել է, որ 2021 թվականի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կկազմի 4 տրլն 509 մլրդ դրամ, իսկ 2022 թվականի տարեվերջին՝ 4 տրլն 991 մլրդ դրամ:

Պետական պարտքի բեռը չափելու ամենադիպուկ ցուցանիշը Կառավարության պարտք/ՀՆԱ համեմատությունն է։ Հարկաբյուջետային գործող կանոնների համաձայն, երբ Կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը, գործադիրը պարտավորվում է ընթացիկ ծախսերը սահմանափակել, ինչպես նաև ներկայացնել ծրագիր՝ ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի մակարդակը նվազեցնելու վերաբերյալ։

Շեշտենք, որ ընդհանուր պետական պարտքը ներառում է ոչ միայն Կառավարության պարտքը, այլև Կենտրոնական բանկի, որը ընդհանուր պետական պարտքի փոքր մասն է՝ շուրջ 5%-ը: Օրինակ՝ այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Կառավարության ներքին ու արտաքին պարտքը միասին կազմել են 8 մլրդ 735 մլն դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 474 մլն դոլար։ Վերևում նշված 60%-ի սահմանագիծը ԿԲ-ի պարտքին չի  վերաբերում:

2020 թվականից Կառավարությունը խնդրի առաջ է կանգնած. նշված տարվա արդյունքներով Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 63.5%։

Առաջիկա տարիների համար Կառավարությունն ավելի լավատես է: 

Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի 

Կառավարության պետական պարտքը մինչև 2020 թվականը երբևէ չի հատել ՀՆԱ-ի 60%-ի շեմը: Մինչև 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը այդ ցուցանիշը աստիճանաբար նվազել է: Ճգնաժամի պայմաններում պետությունը զգալի ավելացրել է պարտքը, բայց նույնիսկ այդ պարագայում ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը այսքան բարձր չի եղել։ Հետագայում ևս աստիճանաբար աճել է և կտրուկ թռիչք կատարել 2020 թվականին:

«ՀՆԱ-ի անկումը, պետական բյուջեի պակասուրդի ավելացումը, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը հանգեցրել են Կառավարության պարտքի բեռի ավելացմանը, որը կազմել է ՀՆԱ-ի 63.5%՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 13.4 տոկոսային կետով և հատելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% սահմանային շեմը»,- մեկնաբանում են Ֆինանսների նախարարությունից: 

Ինչպես նշված է 2022 թվականի բյուջեի ուղերձում՝ Կառավարության պարտքը շարունակում է գնահատվել կայուն և կառավարելի, սակայն բավականին շոշափելի են պարտքի բեռի ներկա մակարդակից բխող ռիսկերը. «Մասնավորապես, չնայած՝ պարտքն ըստ ԱՄՀ և ՀԲ մեթոդաբանության գնահատվում է ցածր ռիսկային (բայց միևնույն ժամանակ խիստ մոտ միջին ռիսկայնության սահմանագծին), սակայն տնտեսական աճի և փոխարժեքի շոկերի դեպքում պարտք/ՀՆԱ ցուցանիշը բարձր է մնում ՀՀ հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% սահմանային շեմից»:

Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, 2021 թվականի ավարտին Կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ-ի 60.8%-ը, իսկ արդեն 2022 թվականին՝ 60.2%-ը և մինչև 2026 թվականը կապահովվի 60%-ից ցածր մակարդակ:

Պլանավորվում է դրան հասնել տնտեսական բարձր աճի՝ ՀՆԱ-ի տեմպերի բարձրացման, պետական կապիտալ ծախսերի ավելացման և այլ գործոնների միջոցով:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ևս հույս ունի, որ եկող տարի պետական պարտքի բեռը որոշակիորեն կնվազի։

«2022 թվականին կշարունակվի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը՝ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման, ծախսերի արդյունավետության բարձրացման և հարկային վարչարարության շարունակական բարելավման քաղաքականությամբ՝ արդյունքում նպաստելով պարտքի բեռի որոշակի նվազեցմանը»,- 2022թ.-ի բյուժեի քննարկումներին նշեց գլխավոր դրամատան նախագահը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը շեշտում է, որ Կառավարությունը իր հաշվարկները կատարել է՝ ելնելով 7% տնտեսական աճից, որը հիմնականում հիմնված է հանքարդյունաբերության, մասնավորապես՝ Ամուլսարի հանքի  շահագործման պլանների վրա։

 «Հաջորդ տարվա համար Հայաստանը չունի այլ խոշոր տնտեսական նախագծեր, որոնք կկարողանան ապահովել 7% տնտեսական աճ։ Հետևաբար, Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազումը զգալիորեն կախված է Ամուլսարի շահագործման հետ, բայց երկարաժամկետում կարող է ավելի մեծ ծախսերի պատճառ դառնալ՝ բնապահպանական, առողջապահական և այլն»,- նշում է Սուրեն Պարսյանը։

Մինչդեռ, ըստ տնտեսագետի, պետական պարտքը արդյունավետ կառավարելու համար Հայաստանին հարկավոր է երկարաժամկետ և ներառական աճ ունեցող տնտեսություն կառուցել, ամբողջությամբ վերանայել հարկային քաղաքականությունը։ Հարկավոր է վերադառնալ հարկման պրոգրեսիվ համակարգին, փոխել Կենտրոնական բանկի ու Ֆինանսների նախարարության դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները՝ խթանալով իրական հատվածի ներդրումները։

«Պետական սուբսիդավորման ծրագրերը պետք է իրականացնել անմիջականորեն՝ հրաժարվելով բանկերից, դադարեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ խնայելով 106 մլրդ դրամ, ՀՀ կառավարության բյուջետային ծախսերի առավել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ ներդնել, պետական գնումներն իրականացնել մրցութային կարգով և այլն»,- նշում է Սուրեն Պարսյանը։

Ինչպես բազմիցս գրել ենք, պետական պարտքի աճին զուգահեռ աճում է նաև սպասարկման բեռը։ Պետությունը բյուջեից ավելի ու ավելի շատ գումարներ է հատկացնում արտաքին պարտքի տոկոսավճարները մարելուն։ Պլանավորված է, որ 2022 թվականին Կառավարության պարտքի սպասարկման տարեկան ծախսը պլանավորված է 214 մլրդ դրամի չափով:

Այն 2021-ին սպասվող 185 մլրդ դրամից ավելին է 29 մլրդ դրամով: 2022-ին պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն բյուջեի ծախսերի 9.8%-ը։

Բացի տոկոսավճարներից, Հայաստանը ևս 2022 թվականին ևս 304 մլրդ դրամ էլ կհատկացնի պետական պարտքի գծով մայր գումարի մարումներին։ 

Միայն այս տարվա առաջին տասը ամիսներին (2021 հունվար-հոկտեմբեր) Հայաստանի պետական բյուջեից պարտքի տոկոսավճարներին ուղղվել է 170.5 մլրդ դրամ, որից 107.8 մլրդ դրամը ներքին պարտքի գծով է, իսկ 62.7 մլրդ դրամը՝ արտաքին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter