HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես է ծախսվելու 2022 թվականի բյուջեն

Կենսաթոշակներ, պետական պարտքի տոկոսավճարներ, պաշտպանության ծախսեր. բյուջեի ամենախոշոր ուղղությունները

2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի  ծախսերի ամենամեծ հատվածը կուղղվի սոցիալական պաշտպանությանը,  մասնավորապես՝ ծերության կենսաթոշակներին, ընտանեկան նպաստներին և այլն:  2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է սոցիալական պաշտպանությանն ուղղել բյուջեի ծախսերի 26.5%-ը, որը կազմում է 581 մլրդ դրամ: Բյուջեի այս հատվածը կառավարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 

Ծրագրված է, որ 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 946 մլրդ  դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ և, հետևաբար, դեֆիցիտն էլ՝ 242 մլրդ դրամ: Այսպես է կանխատեսել Կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքը նախագծելիս: Բյուջեի նախագիծը 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ներկայացվեց Կառավարության նիստին: Գործադիրը հավանություն տվեց դրան և ուղարկեց Ազգային ժողով՝ օրենսդիրների դատին: Այլ խոսքով՝ սա բյուջեի վերջնական տեսքը չէ և դեռ կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:  Իսկ մինչ այդ, ներկայացնենք ծախսերի դասակարգումը:

Հաջորդ խոշոր ուղղությունը ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են, որին կուղղվի ծախսերի 19.7%-ը՝ 432 մլրդ դրամ: Սա նախարարություններին, մարզպետարաններին, տարբեր գերատեսչություններին, Վիճակագրական կոմիտեին, Ազգային անվտանգությանը և այլ պետական մարմիններին տրամադրվող բյուջեներն են: Դրանք կուղղվեն այս կառույցների գործառույթների ապահովմանը, տարատեսակ քաղաքականությունների մշակմանը, հետազոտություններին, մոնիտորինգներին, վիճակագրության հավաքագրմանը, աշխատակազմի պահպանման, ազգային անվտանգության ծախսերին և այլն: Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ այս տողով բյուջեի ծախսերի կեսը «խլում են» պետական պարտքի գծով տոկոսավճարները: Մասնավորապես, նշված 432 մլրդ դրամից 214 մլրդ դրամը պետական պարտքի տոկոսավճարներին է ուղղվելու, որը 2021 թվականի բյուջեով հաստատված ցուցանիշի համեմատ աճել է 19.7 մլրդ դրամով կամ 10.1%-ով:

Բյուջեի ծախսերի երրորդ խոշոր ուղղությունը պաշտպանության ոլորտն է: 2022 թվականին բյուջեի ծախսերի 15.8%-ը՝ մոտ 347 մլրդ դրամ, կհատկացվի պաշտպանական ծախսերին: Դրա առյուծի բաժինը՝ 340 մլրդ դրամը, ռազմական պաշտպանության պլանավորված ծախսերն են, մնացածը պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներին է ուղղվելու: 

Բյուջեի ծախսերում զգալի տեղ են զբաղեցնում նաև տնտեսական հարաբերությունները (9.8%)  և կրթությունը (8.8%):

Տնտեսական հարաբերություններ տողով հատկացումներ են արվում տնտեսության ոլորտներին՝ գյուղատնտեսությունից, զբոսաշրջությունից մինչև շինարարություն և էներգետիկա: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում բնակչության վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը պետության կողմից, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղվող և գրեթե բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում է Էկոնոմիկայի նախարարությունը՝ ջրամբարների կառուցում, ենթակառուցվածքների զարգացում և այլն: Այդ գումարների զգալի մասն արտաքին վարկերի հաշվին է: 

Այս ինֆոգրաֆիկայում կարող եք առավել մանրամասն տեսնել, թե կառավարությունն ինչպես է պլանավորել եկող տարվա բյուջեն՝ որ ոլորտին որքան է հատկացվելու:

Ինֆոգրաֆիկան առավել մեծ չափերով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով  (Open Image in New Tab)։

 2021 թվականի բյուջեով հաստատված ցուցանիշների համեմատ՝ 2022 թվականին նախատեսված ծախսերը 337.5 մլրդ դրամով կամ 18.2%-ով ավելի են:

Բացի շրջակա միջավայրի պաշտպանությունից, մնացած ոլորտներում ծախսերի աճ է սպասվում: Բացարձակ թվով՝ ծախսերի ամենամեծ աճն ակնկալվում է սոցիալական պաշտպանության ոլորտում: Սպասվում է, որ ծախսերը կավելանան 78.5 մլրդ դրամով կամ 15.1%-ով: Մասնավորապես, ծերության կենսաթոշակներին ուղղվող  բյուջեն կավելանա 36 մլրդ դրամով կամ 9.5%-ով:

Զգալիորեն կավելանան նաև տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը՝ 64.5 մլրդ դրամով կամ 43.4%-ով: Այս աճը մեծամասամբ պայմանավորված կլինի ճանապարհային տրանսպորտի ոլորտում կատարվող ծախսերով, մասնավորապես՝ ճանապարհաշինության: Կառավարությունը հայտարարում է, որ եկող տարի աճելու են կապիտալ ծախսերը և ենթադրվում է, որ դրանց մի մասն ուղղվելու է հենց ճանապարհաշինությանը, եթե, իհարկե, վերջին  երեք տարիների նման կառավարությունը չձախողի կապիտալ ծախսերը ժամանակին ու ամբողջությամբ կազմակերպելու գործընթացը: Կաճեն նաև ոռոգմանն ուղղվող ծախսերը, գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գումարները և այլն: 

Կառավարության պահուստային ֆոնդում առկա գումարների ծավալի կտրուկ աճ է սպասվում: 

25.4%-ով կմեծանան կրթության, 11.1%-ով` պաշտպանության ծախսերը:

Երկրորդ ինֆոգրաֆիկայում բյուջեի ծախսերի 2021 թվականի հաստատված ցուցանիշներն են և 2022 թվականի  նախագծով նախատեսված ծախսերի համեմատականը: 

Ինչպես ավելի վաղ նշեցինք, միայն շրջակա միջավայրի պաշտպանության ծախսերն են պակաս պլանավորվել (աղբահանություն, բնության պաշտպանություն):

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների բյուջեն աճելու է 8.9%-ով, այստեղ, ինչպես նշեցինք, մեծ դեր են խաղում տարեցտարի մեծացող պետական պարտքի տոկոսավճարները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter