HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը միգրացիոն ճգնաժամի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, միգրացիոն ճգնաժամի պատճառով, պատժամիջոցներ է սահմանել 20 անձի, 12 կազմակերպության և բելառուսական երեք ինքնաթիռի նկատմամբ։ Այդ մասին նշվում է ամերիկյան գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Վերջինիս տվյալներով՝ նոր պատժամիջոցների տակ ընկած անձինք մասնակցել են դեպի ԵՄ անօրինական միգրացիայի կազմակերպման գործընթացին։

ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնվել է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Դմիտրի Լուկաշենկոն, որը գլխավորում է «Նախագահական սպորտային ակումբը»։ Վերջինս ևս ներառված է պատժամիջոցների ցանկում։ Բացի այդ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև «Белорусская калийная компания», «Трансавиаэкспорт», «Славкалий» և «Белтехэкспорт» ընկերությունների նկատմամբ։

Եվրամիության իշխանություններն էլ իրենց հերթին հայտարարել են 11 կազմակերպության և 17 ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին, որոնց թվում նաև բելառուսական «Belavia» և սիրիական «Cham Wings» ավիափոխադրողները, ինչպես նաև դատավորներ, Բելառուսի սահմանապահ ծառայության և արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ։ Պատժամիջոցներին միացել են նաև Մեծ Բրիտանիան և Կանադան։

ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Կանադայի համատեղ հայտարարության մեջ կողմերը պահանջում են, որ «Լուկաշենկոյի վարչակարգը անհապաղ և ամբողջությամբ դադարեցնի Եվրամիության հետ սահմանով անօրինական միգրացիայի կազմակերպումը»։ Նրանք նաև կոչ են արել Բելառուսին ազատ արձակել գրեթե 900 քաղբանտարկյալի։

Արդեն մի քանի շաբաթ լարված է իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին։ Մերձավոր Արևելքից ժամանած միգրանտները փորձում են հատել սահմանը՝ Գերմանիա հասնելու համար։ Նոյեմբերի 8-ից սկսած միգրանտները մի քանի անգամ փորձել են ուժով հատել լեհ-բելառուսական սահմանը՝ քարեր նետելով լեհ սահմանապահների ուղղությամբ, որոնք արցունքաբեր գազ էին կիրառում նրանց նկատմամբ։ Բացի այդ, լեհական կողմը կիրառել է նաև ջրցան մեքենաներ։ Այդուհանդերձ, սահմանին հավաքված իրաքցի միգրանտների մի մասը վերադարձել է Իրաք։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր հերքել այն հանգամանքը, որ բելառուս զինծառայողներն օգնել են միգրանտներին հատել Լեհաստանի հետ սահմանը։ «Մենք սլավոններ ենք, սիրտ ունենք։ Մեր զորքերը գիտեն, որ միգրանտները շարժվում են դեպի Գերմանիա»,- ասել էր նա։ 

Լուսանկարը՝ Oksana Manchuk/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter