HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իշխող կուսակցությունը «լեգիտիմացնում» է վարչական ռեսուրսի օգտագործումը

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների՝ (ՏԻՄ) դեկտեմբերի 5-ին սպասվող ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Վաղը լռության օր է, և արգելվում է քարոզչությունը: Ուսումնասիրել ենք, թե ինչպես է անցել քարոզարշավն Արմավիրի մարզում, որտեղ 96 համայնք միավորվել, և ձևավորվել է 7 խոշորացված համայնք (չի միավորվել միայն եզդիաբնակ Ֆերիկ համայնքը): Արձանագրել ենք, որ մի շարք համայնքներում և բնակավայրերում իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) թեկնածուներն օգտվել են վարչական ռեսուրսից, և համայնքապետերի միջոցով է կազմակերպվել նրանց քարոզարշավը, ինչից զրկված են եղել մյուս կուսակցությունների թեկնածուները:

Ընտրություններից առաջ և քարոզարշավի ընթացքում վարչապետի և արդեն նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշումներով համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել այն մարդիկ, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակներում են կամ նրանց մերձավորներն են ցուցակներում:

Օրինակ՝ ՔՊ-ի ցուցակներում հայտնված գրեթե բոլոր համայնքապետերը, որոնց պաշտոնավարման ժամկետները լրացել են, նշանակվել են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ: Հիմնականում չեն նշանակվել այն համայնքապետերը, որոնք չեն հարում ՔՊ-ին, կամ վերջիններիս մերձավորներն այլ կուսակցությունների ցուցակներում են: Օրինակ՝ նոյեմբերի 17-ին մարզպետի որոշմամբ Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Ախոյանը: Վերջինիս որդին ՔՊ-ի ցուցակում է:

Մերձավանը երկար տարիներ ղեկավարած Լևոն Գրիգորյանի որդին՝ Վոլոդյա Գրիգորյանը, ղեկավարում է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը, ինչը փաստացի չի անտեսվել իշխանությունների կողմից:

Ստացվում է, որ համայնքապետերի միջոցով քարոզարշավներն ապահովելը «լեգիտիմ» է, քանի որ վերջիններս նաև ավագանու թեկնածուներ են: Մինչդեռ սրանով ստեղծվում են անհավասար պայմաններ այլ կուսակցությունների թեկնածուների համար:

Այդ է պատճառը, որ գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի հետ նույն հարթակում կանգնում են նաև համայնքի ղեկավարները՝ իրենց հետ հանդիպմանը բերելով համայնքապատկան կառույցների աշխատակիցներին:

Քարոզարշավի ընթացքում համայնքապետերի աջակցությունից ամենաշատը բացահայտ օգտվել է Խոյ խոշորացված համայնքի ՔՊ-ական թեկնածու, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը:

Խոյ համայնքում (ներառում է 17 բնակավայր) Արգիշտի Մեխակյանի հանդիպումների մեծամասնությունն անցել է փակ դահլիճներում, որտեղ գերակշռող մասնակցություն են կազմել համայնքապետարանների, դպրոցների, մանկապարտեզների, բժշկական ամբուլատորիաների աշխատակիցները:

Համայնքապետերի աջակցությունն այնքան բացահայտ է եղել, որ դահլիճներում վերջիններս նստել են իշխանական թեկնածուի կողքին: Այլ կուսակցությունների թեկնածուների դեպքում նման վերաբերմունք չի եղել: Երբեմն՝ ճիշտ հակառակը՝ համայնքապետերը փորձել են խոչընդոտել այլ կուսակցության թեկնածուների քարոզարշավը:

Մասնավորապես՝ Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը փորձել է խոչընդոտել «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող ավագանու թեկանածու, Այգեշատ համայնքի ղեկավար՝ Ռոբերտ Հովսեփյանի քարոզարշավը: Սա այն դեպքում, երբ Ռաֆիկ Խաչատրյանը Մրգաստան համայնքում նստած է եղել իշխանական թեկնածուի կողքին՝ համայնքի բնակիչների հետ դահլիճային հանդիպման ժամանակ:

«Գաղտնիք չէ, և այն համատարած է բոլոր մարզերում, որ ղեկավար աթոռին նստած անձինք, չարաշահելով իրենց դիրքերը, դիմելով բոլոր հնարավոր հնարքներին, ձայներ կորզելու ակնկալիքով օգտագործում են պետական բոլոր ռեսուրսներն իրենց շահերին ծառայեցնելու համար: Ապակողմնորոշելով ձեզ` պետական համակարգի աշխատակիցներիդ, խլելով ձեզանից ձեր ազատ մտածելու իրավունքը, աշխատանքից ազատման շանտաժով վախեցնելով  ձեզ, ակնկալում են գողանալ ձեր ձայներն իրենց շահերին ծառայեցնելու համար, ինչը, որ խիստ դատապարտելի է, ինչի դեմ, որ իրենք երբևէ «պայքարում» էին»,- հայտարարություն էր տարածել Ռոբերտ Հովսեփյանը:

Էջմիածնին միանում է միայն Ոսկեհատ համայնքը: ՔՊ-ի ցուցակը գլխավորող Դիանա Գասպարյանը, ով Էջմիածնի համայնքապետն է, քարոզարշավի ժամանակ եղել է նաև Ոսկեհատ համայնքում: Իշխանական թեկնածուին ուղեկցել է Ոսկեհատ համայնքի ղեկավար Գևորգ Ներսիսյանը: Վերջինս գյուղի փողոցներով նույնիսկ քայլել է Դիանա Գասպարյանի հետ:

Այնուհետև դահլիճային հանդիպման ժամանակ նստել է իշխանական թեկնածուի հետ նույն սեղանի շուրջ:

Սա այն դեպքում, երբ ընտրապայքարի մեջ է 5 կուսակցություն և մյուս 4 կուսակցության թեկնածուները նման վերաբերմունքի չեն արժանացել:

Ընտրություններից առաջ՝ 2021թ. նոյեմբերի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Մեծամոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Մինչ այդ, դարձյալ վարչապետի որոշմամբ Վահրամ Խաչատրյանը նշանակվել էր Արմավիրի մարզպետի տեղակալ: 

Վահրամ Խաչատրյանը Մեծամոր խոշորացված համայնքում իշխող քաղաքական ուժի թեկնածուն է: Նրա քարոզարշավն անցել է հիմնականում բակային հանդիպումներով, որտեղ օգտագործվել է համայնքապետարանների աջակցությունը: Համայնքապետարանների աշխատակիցները պարտադիր մասնակցել են հանդիպումներին՝ մարդաշատ քարոզարշավի տպավորություն ստեղծելու համար:

Ընտրություններից առաջ նրան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակելը ևս պատահական չէր: Փորձ է արվել օգտագործել ռեսուրսը՝ իշխող քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու նպատակով:

Մարզում մրցակցային չեն միայն Արմավիր համայնքի ընտրությունները (11 բնակավայր): Այստեղ առաջադրվել է միայն ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում է Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը: Թեև վերջինս միակ թեկնածուն է, սակայն ակտիվ քարոզարշավ է իրականացնում բոլոր համայնքներում:

Արաքս խոշորացված համայնքում (13 բնակավայր) ՔՊ թեկնածուն Ջրարբի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ղազար Ղազարյանն է: Վերջինիս քարոզարշավի ժամանակ ևս օգտագործել է վարչական ռեսուրս:

Խորոնք համայնք կատարած այցի ժամանակ, նույն հարթակում կանգնած էր նաև Խորոնքի համայնքապետ Սարգիս Նահապետյանը, Ջրառատում՝ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը և այլն:

Դահլիճային հանդիպումների ժամանակ դարձյալ օգտվել են համայնքի ղեկավարների «ծառայություններից»՝ դահլիճը լցնելով ենթակա կառույցների աշխատակիցներով:

Նույն սխեմայով են անցնում Բաղրամյան (14 բնակավայր) և Փարաքար (8 բնակավայր) խոշորացված համայնքներում քարոզարշավները: Բաղրամյանում ՔՊ ցուցակը գլխավորում է Շանթ Առաքելյանը, Փարաքարում՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter