
Ավստրիայի կանցլերը, նշանակումից 52 օր անց, հրաժարական է տվել
Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը, այդ պաշտոնին Սեբաստիան Կուրցին փոխարինելուց 52 օր անց, հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնում է Kurier-ը։ Շալենբերգի կուսակից Սեբաստիան Կուրցը հրաժարական էր տվել այս տարվա հոկտեմբերի 9-ին՝ կոռուպցիոն սկանդալից հետո, որը կապված էր հանրային կարծիքի մանիպուլացման հետ։
Շալենբերգը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, փոխարինել էր Կուրցին, իսկ հոկտեմբերի 11-ին՝ հաստատվել այդ պաշտոնում։ Այդպիսով, Շալենբերգը դարձել է ժամանակակից Ավստրիայի ողջ պատմության ամենակարճ ղեկավարած կանցլերը։
Կանցլերի պաշտոնում հաստատվելուց հետո նա չէր դարձել Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդը։ Այն շարունակում էր ղեկավարել Սեբաստիան Կուրցը։
Ես այդպիսի մտադրություն չունեմ և երբեք այդպիսի նպատակ չի եղել՝ ինձ վրա վերցնելու Ավստրիայի ժողովրդական կուսակցության նախագահի գործառույթը։ Ես համոզված եմ, որ երկու պաշտոնները՝ կառավարության ղեկավարի և Ավստրիայի ամենահեղինակավոր կուսակցության առաջնորդի, պետք է որքան հնարավոր է շուտ միավորվեն մեկ ձեռքում»,- իր հրաժարականի դիմումում գրել է Շալենբերգը։
Դեռևս անհայտ է, թե արդյոք նա կվերադառնա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնին։ Kurier-ի տվյալներով՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել ներքին գործերի ներկայիս նախարար Կարլ Նեհամերը։ Նա էլ, հավանաբար, իր թեկնածությունը կառաջադրի կանցլերի պաշտոնում։
Նոյեմբերի 18-ին Ավստրիայի խորհրդարանը պատգամավորական անձեռնամխելիությունից զրկել էր նախկին կանցլեր Կուրցին՝ կոռուպցիոն սկանդալի հետաքննության համար։ Դատախազությունը կասկածում է, որ Կուրցը և նրա մի քանի մերձավորներ ավստրիական տաբլոիդներից մեկի խմբագրությանը վճարել են, որպեսզի նա Կուրցի վարած քաղաքականությունը լուսաբանի բարենպաստ լույսի ներքո։ Ըստ դատախազության՝ վճարումն արվել է պետական միջոցներից։
Քրեական գործով անցնում է Ավստրիայի ֆինանսների նախարարության մամուլի նախկին քարտուղար Յոհանես Ֆիշմանը, Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամներ, սոցիոլոգներ և լրագրողներ, որոնք, ըստ դատախազության, իշխանության գալու համար, օգնել են Կուրցին մանիպուլացնել հանրային կարծիքը։ Ինքը՝ Կուրցը, հերքում է բոլոր մեղադրանքները։
Լուսանկարը՝ 24hoursworld.com-ից
Մեկնաբանել