HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Երեխաներիս ապագան ա ընտրում». 14/07-ում քաղաքացին չկարողացավ ընտրել նոր գրանցման պատճառով (տեսանյութ)

«Ում որ ուզում էի ընտրեի, իրա անունը չկար»,- ասաց քաղաքացին՝ մոտենալով «Հայրենատեր» կուսակցության վստահված անձին։ Հանձնաժողովի նախագահ Լիանա Բարնասովան ընտրողին առաջարկեց չխոսել և մոտենալ քվեատուփի մոտ։

Այս տեղամասում քաղաքացիներից մեկի անձնագրի ժամկետը 3 օր լրացել էր, սակայն նա հնարավորություն ունեցավ ընտրություն կատարելու, քանի որ ՏԻՄ ընտրության դեպքում դա խոչընդոտ չէ։

Սակայն մեկ այլ քաղաքացի՝ Քաջիկ Թովմասյանը, որը վերջին 6 ամսվում գրանցման հասցե էր փոխել, չկարողացավ ընտրել։ Նրա քույրն աղմուկ բարձրացրեց տեղամասում՝ նախագահից պահանջելով լուծել հարցը և պնդելով, որ իր երեխաների ապագայի համար է ընտրում։

Հանձնաժողովի նախագահ Լիանա Բարնասովան նշեց, որ այդ հարցն իրենց իրավասություններից վեր է, և պետք է դիմել անձնագրային բաժին, կամ՝ իրավապահներին։ Սակայն կինը պնդում էր, որ չի գնա, մինչև եղբայրը չընտրի.

«Էս մարդը կենդանի ա, չի մահացել, Հայաստանի քաղաքացի ա, ուր՞ գնա ընտրի, երեխաներիս ապագան ա ընտրում»,- ասաց Քաջիկ Թովմասյանի քույրը։

Ի վերջո, հանձնաժողովի անդամները դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից ևս հաստատեցին, որ քաղաքացին չի կարող այս պահին ընտրել, քանի որ այդ հասցեով գրանցումից դուրս է եկել օգոստոսին, նորից գրանցվել է սեպտեմբերին, և 6 ամիսը դեռ չի լրացել։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայրենատէր» կուսակցության վտսահված անձը հանձնաժողովի անդամներին կատակով հորդորեց մարդկանց բացատրելիս չասել՝ «վերցրեք և ընտրեք մեկին», ասեք՝ «ընտրեք չորսին», ասաց նա (մեկը՝ 1-ին համարն «Էջմիածին» դաշինքն է, 4-ը՝ «Հայրենատէրը», հեղ.

Էջմիածնի 14/07 ընտրատեղամասում մարդկանց հոսքը պասիվ է. ժամը 13:00-ի դրությամբ՝ 5 ժամում, ընտրել է այդ տեղամասում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 7,5%-ը, կամ 134 մարդ (1786 հոգուց)։

Տեղամասում ներկա էին վստահված անձինք «Էջմիածին» դաշինքից, «Քաղաքացիական պայմանագիր», «Իրական ժողովրդական» և «Հայրենատէր» կուսակցություններից։

Խախտման վերաբերյալ որևէ արձանագրություն տեղամասում դեռ չի կազմվել, գրանցվել է մեկ օգնող։

Նշենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են նաև Էջմիածնում, որին միացել է միայն Ոսկեհատ գյուղը: Այստեղ համայնքային իշխանություն ձևավորելու համար պայքարում է 5 քաղաքական ուժ՝ ներկայիս քաղաքապետ Դիանա Գասպարյանը 33 հոգանոց ավագանու ցուցակով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությամբ, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի 30 հոգանոց ցուցակը գլխավորում է ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր, անկուսակցական Սևակ Խաչատրյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 9 հոգանոց ցուցակը գլխավորում է կահույքի արտադրամասի տնօրեն Գոռ Ստեփանյանը, «Իրական ժողովրդական» կուսակցության առաջին համարը զբաղեցնում է Արմեն Աբրահամյանը, ում գործունեության մասին տեղեկություններ չկան։ «Հայրենատէր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Ջիվան Աբրահամյանի անվան հիմնադրամի հիմնադիր Ջիվան Աբրահամյանը։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter