HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ըստ վստահված անձի՝ Էջմիածնի 14/14 տեղամասում մարդկանց ուղղորդել են. կազմվել է արձանագրություն

Էջմիածնի 14/14 ընտրատեղամասում, ինչպես քաղաքի այլ տեղամասերում, մարդիկ պասիվ են. ժամը 14:38-ի դրությամբ՝ 6,5 ժամում ընտրել է այդ ընտրատեղամասում ընտրելու իրավուք ունեցող քաղաքացիների 14,6%-ը, կամ՝ 1793 հոգուց 263 մարդ։

«Հայրենատէր» կուսակցության վստահված անձ Կարեն Հարությունյանը հայտնում է, որ այս տեղամասում ժամը 13:00-ի միջակայքում 3 հոգու ուղղորդել են՝ ասելով՝ ում ընտրել։ Վերջինս խախտման արձանագրություն է կազմել։

«Դեպքը տեղի է ունեցել ընտրատեղամասի ներսում։ Տվյալ դեպքը նկատվել է «Հայրենատէր» կուսակցության վստահված անձի կողմից։ Դեպքի մասին տեղեկացվել է հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև ցույց է տրվել հստակ դրվագը, սակայն նախագահի կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել»։

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքին ընթացք չի տվել, քանի որ մի ընտանիքից 3 հոգի էին՝ թոռնիկն իր տատիկի և պապիկի հետ, և թոռնիկն ուղղակի ասել է, որ պետք է «պտիչկա» դնել:

«Այդ աղջիկը գրանցվեց, որ օգնի, մոտեցավ տատիկին օգնելու, պապիկն ասեց՝ ոնց եմ ընտրելու, աղջիկն ասաց՝ «պտիչկա» պետք է դնես, վստահված անձն էլ դա հաշվի առավ՝ որպես ուղղորդում»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահը։

Այս տեղամասում մինչ այժմ գրանցվել է 6 օգնող։ 

Տեղամասում ներկա էին վստահված անձինք «Էջմիածին» դաշինքից, «Քաղաքացիական պայմանագիր», «Իրական ժողովրդական» և «Հայրենատէր» կուսակցություններից։

Նշենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են նաև Էջմիածնում, որին միացել է միայն Ոսկեհատ գյուղը: Այստեղ համայնքային իշխանություն ձևավորելու համար պայքարում է 5 քաղաքական ուժ՝ ներկայիս քաղաքապետ Դիանա Գասպարյանը 33 հոգանոց ավագանու ցուցակով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությամբ, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի 30 հոգանոց ցուցակը գլխավորում է ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր, անկուսակցական Սևակ Խաչատրյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 9 հոգանոց ցուցակը գլխավորում է կահույքի արտադրամասի տնօրեն Գոռ Ստեփանյանը, «Իրական ժողովրդական» կուսակցության առաջին համարը զբաղեցնում է Արմեն Աբրահամյանը, ում գործունեության մասին տեղեկություններ չկան։ «Հայրենատէր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Ջիվան Աբրահամյանի անվան հիմնադրամի հիմնադիր Ջիվան Աբրահամյանը։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter