HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի 14/08 տեղամասում քաղաքացին չկարողացավ ընտրել ժամանակավոր փաստաթղթով

18 տարին նոր լրացած քաղաքացին չկարողացավ ընտրություն կատարել Էջմիածնի 14/08 ընտրատեղամասում, քանի որ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթը, որը նրան տվել էր Անձնագրային և վիզաների վարչությունը, չուներ սերիա, որով հնարավոր կլիներ սարքի միջոցով մուտքագրել և նույնականացնել անձին ու ստանալ ընտրությանը մասնակցելու կտրոն։

«Բայց ինքն այս թղթով բանկում գործարքներ է արել»,-ասաց աղջկա հայրը։ Տեղամասում գտնվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչն ասաց, որ պետք է նորից գնա, դիմի անձնագրային բաժին, քանի որ այդ թղթով չի կարողանա ընտրել։

Մոտ 20 րոպե ճշտումներ անելուց հետո՝ աղջիկը հոր հետ դուրս եկավ տեղամասից՝ առանց ընտրություն կատարելու։

Նշենք, որ Էջմիածնի 14/08 ընտրատեղամասում, ինչպես քաղաքի այլ տեղամասերում, մարդիկ պասիվ են. ժամը 16:00-ի դրությամբ այդ ընտրատեղամասում քվեարկել է ընտրելու իրավուք ունեցող քաղաքացիների 16,36%-ը, կամ՝ 1821 հոգուց 298 մարդ։

Հանձնաժողովի նախագահ Մելքոնյանը, սակայն, վստահություն հայտնեց, որ դեռ 4 ժամ կա, գուցե մարդիկ ակտիվանան։

Այս տեղամասում, ինչպես մեր այցելած մնացած այլ տեղամասերում, ընտրությանը մասնակցող 5 քաղաքական ուժից վստահված անձինք ունեին 4-ը՝ «Էջմիածին» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Իրական ժողովրդական» և «Հայրենատեր» կուսակցությունները։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից վստահված անձ մեր այցելած ընտրատեղամասերում դեռևս չենք հանդիպել։

Նշենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են նաև Էջմիածնում, որին միացել է միայն Ոսկեհատ գյուղը: Այստեղ համայնքային իշխանություն ձևավորելու համար պայքարում է 5 քաղաքական ուժ՝ ներկայիս քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ 33 հոգանոց ավագանու ցուցակով, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունից, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի 30 հոգանոց ցուցակը գլխավորում է ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր, անկուսակցական Սևակ Խաչատրյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 9 հոգանոց ցուցակը գլխավորում է կահույքի արտադրամասի տնօրեն Գոռ Ստեփանյանը, «Իրական ժողովրդական» կուսակցության առաջին համարը զբաղեցնում է Արմեն Աբրահամյանը, որի գործունեության մասին տեղեկություններ չկան։ «Հայրենատեր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Ջիվան Աբրահամյանի անվան հիմնադրամի հիմնադիր Ջիվան Աբրահամյանը։   

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter