HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Մուտքի և ելքի սահմանափակումների փոփոխություններ 4 երկրներում` նաև Հայաստանի քաղաքացիների համար

Դեկտեմբերի 1-6-ը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումների փոփոխություններ են կատարվել 4 երկրներում՝ Ինդոնեզիայում, Կորեայում, Ճապոնիայում և Վրաստանում։ Այս մասին տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարությունը։

Այդ փոփոխություններն են՝

Ինդոնեզիա ժամանելուց հետո հյուրանոցում պարտադիր մեկուսացումը 7 x 24 ժամից դարձել է 10 x 24 ժամ բոլոր նրանց համար, ովքեր ստացել են պատվաստման ամբողջական չափաբաժին:

Ժամանման առաջին օրը և իններոդ օրը ճամփորդները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն, որոնց բացասական արդյունքի դեպքում միայն կարող են մուտք գործել երկիր կամ շարունակել ճամփորդությունը դեպի վերջնակետ (հյուրանոցում մեկուսացման և ՊՇՌ թեստի բոլոր ծախսերը հոգում են ժամանողները):

Կորեայում ինքնամեկուսացումից խուսափել հնարավոր չէ, եթե քաղաքացին Կորեա է ժամանում այն երկրներից, որտեղ հայտնաբերվել է Covid-19-ի «Omicron» շտամով վարակման դեպք. ներկա պահին այդպիսիք են Զիմբաբվեն, Բոցվանան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Լեսոտոն, Զամբիան, Մալավին, Տանզանիան, Բանգլադեշը, Հասարակածային Գվինեան, Սուրինամը, Պարագվայը, Չիլին և Մոզամբիկը: Նույն պայմանը գործում է նաև այլ մուտացիոն շտամեր ունեցող երկրներից ժամանող քաղաքացիների նկատմամբ:

Ճապոնիայում կորոնավիրուսի «Omicron» շտամի տարածման հետևանքով գործող որոշ կարգավորումներ առկախվել են մինչև դեկտեմբերի 31-ը:

Ճապոնիա մուտքի և ելքի ընթացակարգերում շարունակում են գործել նաև սահմանափակումներ, որոնք վերաբերում են COVID-19-ի նոր կամ վտանգավոր շտամերի հայտնաբերման մեծաթիվ դեպքեր ունեցող երկրներից ժամանող քաղաքացիների համար:

Ստրոև նշված երկրներից ժամանող քաղաքացիների համար շարունակում է գործել մուտքի արգելք, սակայն «հատուկ հանգամանքների» (Ճապոնիայի քաղաքացիներ և իրենց ընտանիքի անդամ հանդիսացող օտարերկրացիներ, մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ, Ճապոնիայում երկարաժամկետ (1 տարի և ավելի) կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ) առկայության դեպքում քաղաքացիները կարող են մուտք գործել Ճապոնիա հատուկ սահմանափակումներով՝

Զիմբաբվեից, Նամիբիայից, Բոցվանայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Լեսոտոյից, Զամբիայից, Մալավիայից և Մոզամբիկից ժամանող քաղաքացիները Ճապոնիա մուտք գործելուց հետո պարտավոր են նախ բնակվել Ճապոնիայի կառավարության կողմից հատկացված մեկուսացման հատուկ վայրերում, ապա մուտք գործելուց հետո 3-րդ, 6-րդ և 10-րդ օրը հանձնել ՊՇՌ թեստ, որի բացասական արդյունքի դեպքում նրանք կկարողանան դուրս գալ մեկուսացումից, սակայն կպարտավորվեն շարունակել 14-օրյա ինքնամեկուսացումը սեփական կեցավայրում կամ ամրագրված հյուրանոցում:

Արգենտինայից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Քենիայից, Մեծ Բրիտանիայից, Կոստա Ռիկայից, Նեպալից, Թուրքիայից, Պակիստանից, Մարոկկոյից, Սուրինամից, Բրազիլիայից, Վենեսուելայից, Պերուից, Տրինիդադ և Տոբագոյից, Մոնղոլիայից, Ռուսաստանի Մոսկվա քաղաքից և Պրիմորյեի շրջանից և Ֆիլիպիններից ժամանող քաղաքացիները ստիպված կլինեն մուտք գործելուց հետո 6 օր բնակվել Ճապոնիայի կառավարության կողմից հատկացված մեկուսացման հատուկ վայրերում: Մուտք գործելուց հետո 3-րդ և 6-րդ օրը ՊՇՌ թեստավորում հանձնելու և բացասական արդյունք ունենալու դեպքում նրանք կկարողանան դուրս գալ մեկուսացումից՝ միաժամանակ պարտավորվելով շարունակել 14-օրյա ինքնամեկուսացումը սեփական կեցավայրում կամ ամրագրված հյուրանոցում:

Էկվադորից, Կոլումբիայից, Դոմինիկյան Հանրապետությունից և Հաիթիից ժամանող քաղաքացիները Ճապոնիա մուտք գործելուց հետո պարտավոր են նախ բնակվել Ճապոնիայի կառավարության հատկացրած մեկուսացման հատուկ վայրերում, ապա մուտք գործելուց հետո 3-րդ օրը հանձնել ՊՇՌ թեստ, որի բացասական արդյունքի դեպքում նրանք կկարողանան դուրս գալ մեկուսացումից, սակայն կպարտավորվեն շարունակել 14-օրյա ինքնամեկուսացումը սեփական կեցավայրում կամ ամրագրված հյուրանոցում:

Վրաստանի ամբողջ տարածքում դեկտեմբերի 1-ից սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը։ Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ.

  • Հյուրանոցներ և կացության այլ վայրեր
  • Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ` ներառյալ առևտրի կենտրոնների)
  • Կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ
  • Սպա և ֆիթնես կենտրոններ
  • Լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ

«Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչև 18 տարեկան անձանց վրա։

«Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

  • Ամբողջությամբ պատվաստված է։
  • Ունի ՊՇՌ թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տևողությամբ)։
  • Ունի հակամարմին-արագ թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տևողությամբ)։
  • Վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19)։

2021թ. հոկտեմբերի 28-ից Հայաստանը միացել է «EU Digital COVID Certificate» համակարգին, որը համարվում է «կանաչ անձնագիր»։

«EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիները պարտավոր չեն օգտագործել «CovidPass Georgia» հավելվածը։

Վերջիններս կարող են օգտագործել այն նույն թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթերը, որոնք ներկայացրել են Վրաստան մուտք գործելիս։ Որպես այլընտրանք՝ նշված քաղաքացիները կարող են օգտվել նաև «CovidPass Georgia» հավելվածից։ Կարևոր Է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի անձը հաստատող այն նույն փաստաթղթի համարը, որը ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter