HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարակված գոտի»․ քովիդով ախտորոշված հղիների բաժանմունքում

Կեսօրի արեւը ներս է թափանցում բժշկների սենյակ։ Ավագ մանկաբարձուհի Մարինա Մակլակովան, ներարկիչներն ու ֆիզլուծույթը ձեռքին, սենյակ է մտնում, ապա դրանք դնում սեղանին։ Սկզբից հրաժարվում է խոսել, ասում է՝ բուժաշխատողների աշխատանքն է օգնելը, իրենք իրենց գործն են արել։ Նա 2020 թ․ 60 օր շարունակ անցկացրել է ծննդատան «COVID-19» բաժանմունքում, երբ շատերն ուղղակի վախենում էին շփվել կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ։ «60 դաժան ու ծանր օրեր»,- սա ասելուց հետո Մարինա Մակլակովան լռում է, ու թվում է՝ այդ օրերի ծանր ապրումները լցվում են լռության մեջ։ Եվ թեեւ դեմքը դիմակով ծածկված է, աչքերում նկատելի է հուզմունքը։

2020 թ․ մարտի 30-ին «COVID-19»-ով հիվանդ առաջին հղին իր 6 եւ 4 տարեկան տարեկան երեխաների հետ ընդունվեց Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ (ՎԱՊՄԳՀԻ, ժողովրդի շրջանում առավել հայտնի է որպես հանրապետական ծննդատուն)։ Գուցե աշխատակիցներից շատերն այն ժամանակ չպատկերացնեին էլ, որ հիվանդանոցի՝ 2019-ին շահագործման հանձնված նոր մասնաշենքի երրորդ հարկում շուտով բացվելու է «COVID-19» բաժանմունք, ու այն հանրապետությունում լինելու է միակը, որտեղ ընդունվելու են այս նոր հիվանդությամբ ախտորոշված ու մանկաբարձական խնդիրներ ունեցող հղիները, ինչպես նաեւ այն հղիները, որոնք չունեն մանկաբարձական խնդիրներ, սակայն 38 եւ ավելի շաբաթական են ու առնվազն կոնտակտավոր են եղել (2020-ի ապրիլից առողջապահության նախարարի հրամանով՝ այն հղիներն ու ծննդկանները, որոնց մոտ արձանագրվել է «COVID-19», սակայն գանգատներն ու բարդությունները մանկաբարձական բնույթի չեն, ուղղորդվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ)։

Նոր բաժանմունքի դռների վրա հետո պիտի հայտնվեին նախազգուշացնող տարբեր գրություններ՝ «կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է», «մուտքը միայն պաշտպանիչ հանդերձանքով», «վարակված գոտի»։ Ախտորոշված հղիները ոչ միայն մեկուսացվեցին, այլեւ արգելվեց նրանց տեղաշարժը, տեսակցությունը, խնամակալությունը։ Սկզբում նույնիսկ բուժաշխատողներից շատերը հրաժարվեցին մտնել այստեղ, իսկ բաժանմունքում աշխատողներից էլ սկսել էին զգուշանալ։

Հերթական կոնսիլիումի ժամանակ հարց էր հնչել, թե ովքեր են պատրաստ գնալ «COVID-19» բաժանմունքում աշխատելու։ Կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի ավագ մանկաբարձուհի Մարինա Մակլակովան, տեսնելով ճնշող լռությունը, առաջարկել էր իրեն տեղափոխել նորաբաց բաժանմունք։ «Մարդկային գործոնն էր առաջինը, որ համաձայնեցի գնալ քովիդ բաժանմունք, որպեսզի մեր միջին տարիքի պերսոնալը ռիսկի չդիմի, որովհետեւ շատերը վախենում էին, չգիտեին՝ ինչ հիվանդություն է, ինչ հետեւանքներ կարող է ունենալ»,- պատմում է նա։ Իսկ մանկաբարձ-գինեկոլոգ Վրույր Գրիգորյանը առաջին բժիշկն էր, որ ամիսներով միայնակ աշխատեց բաժանմունքում։

Քովիդով հղիների առաջին հոսքը համեմատաբար թեթեւ էր, բայց հետո ծանրացել էր՝ թոքաբորբով դեպքերն էին շատացել։ Մարինան հիշում է, որ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկից երկկողմանի թոքաբորբով շատ ծանր վիճակում գտնվող հղի էին ընդունել, որը նաեւ մանկաբարձական խնդիրներ ուներ։ Ծննդաբերությունից հետո նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ էլ 2-3 օր անց մահացել էր կինը։ «Դաժան օրերից մեկը դա էր։ Երեխան ծնվել էր, բայց մայրը մահացավ։ 2020 թ․ մայիսին էր»,- սա ասելուց հետո մանկաբարձուհու աչքերը խոնավանում են, ձայնը նկատելի թրթռում է։

Քովիդով մայրական մահեր ՎԱՊՄՀԳԻ-ում մինչեւ հիմա չեն գրանցվել։

Առաջին ամիսներին չափազանց դժվար էր քովիդով հղիների հետ աշխատանքը։ Նրանք ոչ միայն մանկաբարձական խնդիրներով էին, թոքերի ախտահարմամբ, քովիդին բնորոշ տարբեր ախտանշաններով, այլեւ ավելի հուզական, ինչը հաճախ կարող էր սթրեսային վիճակներ ստեղծել։ Այդ դեպքում բուժանձնակազմը նաեւ հոգեբանի դեր էր կատարում՝ հանգստացնելով հղիներին, հիշեցնելով, որ երբ խոզի գրիպը բռնկվեց, կրկին մահեր եղան, բայց վարակը նահանջեց, իրավիճակը հաղթահարվեց։

Մանկաբարձուհի Մարինա Մակլակովան հիշում է, որ օրեր են եղել, երբ քովիդով հիվանդ հղիի կողքին նստած է լուսացրել։ Բայց 60 օր անց արդեն ֆիզիկապես դժվար էր աշխատանքային նման տեմպին դիմանալը։

«Հունիսի 15-ն էր, կյանքում չեմ մոռանա այդ օրը։ Չէի հավատում, որ արդեն տանն եմ։ Ծնողներիս շատ էի կարոտել։ Այդ եւ հաջորդ օրը՝ երկու օր անընդմեջ, քնել եմ, հետո արդեն քիչ-քիչ վերադարձա առօրյա կյանքին»,- ասում է Մարինան։ Մինչ օրս քովիդով հղիները, որոնք այդ օրերին երեխա են ունեցել, զանգահարում են մանկաբարձուհուն, բայց հիմա արդեն որպես բարեկամի։ Լարված աշխատանքային ժամանակահատվածից ամիսներ անց Մարինան եւս վարակվել է՝ ջերմություն, համ եւ հոտի զգացողության կորուստ է ունեցել, ընդ որում՝ հոտառությունը մի տարի հետո է վերականգնվել, իսկ համի զգացողությունը՝ 7 ամիս անց։

«COVID-19» բաժանմունքի ղեկավարը ներկայում մանկաբարձ-գինեկոլոգ Աղասի Շարբատյանն է։ Պատմում է, որ համավարակի առաջին ալիքի ժամանակ ախտանշան ունեցողներին անմիջապես մեկուսացնում էին, նույնը ծննդազատումից հետո անում էին երեխային՝ վարակից խուսափելու համար։ Ու միայն մեկ շաբաթ անց էին երեխային հանձնում մորը։ Հետո, սակայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ մայրական կաթի միջոցով վարակը չի տարածվում։ Հիմա, եթե մայրը 3 օր չի ջերմել, ու առաջին ախտանշաններից անցել է 10 օր, երեխային կարող է պահել իր մոտ ու կերակրել։

Քովիդով ախտորոշված մոր ծննդազատումից հետո 24 ժամվա ընթացքում թեստավորում են նաեւ նորածնին։ Եթե թեստը դրական է, ապա կրկնակի թեստ են անում։ Սակայն բժիշկ Շարբատյանն ասում է, որ նույնիսկ վարակի հաստատվելու դեպքում, երեխաները որեւէ խնդիր չեն ունենում։

2020-ի ընթացքում վարակված 8 նորածին են ունեցել, այս տարի դեպքերը շատացել են՝ հասնելով 44-ի, ընդ որում՝ մեծամասամբ եղել է հոկտեմբերին։ Շարբատյանի գնահատմամբ՝ հոկտեմբեր-նոյեմբերին քովիդով հիվանդ հղիների հերթական ալիքն էր իրենց ծննդատանը։ Հիմա դեպքերի թիվը զգալիորեն նվազել է։

Այս տարի՝ հունվարից մինչեւ դեկտեմբերի 1-ը, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ունեցել է քովիդով ախտորոշված 756 հղի՝ նախորդ տարվա 665-ի փոխարեն։ Դեպքերի աճը բժիշկ Շարբատյանը պայմանավորում է կանոնները չպահպանելով, չպատվաստվելով, նաեւ ուսումնական տարով։ Բացի դրանից՝ նկատում է, որ վիրուսին բնորոշ է ալիքաձեւ աճը։

«Էստեղ մարդկանց եւ վիրուսի պայքար է։ Մենք մեր զենքերն ենք օգտագործում իր դեմ, ինքն էլ՝ իր պաշտպանիչ զենքերը»,- նշում է զրուցակիցս։

Ծննդատան «COVID-19» բաժանմունքի ամենածանր օրերը վարակի պիկերի ժամանակ են եղել։ Վերջին ալիքի ժամանակ մահճակալների թիվը հասցվել էր 100-ի, ու միաժամանակ 70-75 հիվանդ հղի ունեին։

Երբ նախորդ տարի վարակը նոր էր տարածվում, վախեր կային նաեւ ծննդատան բուժանձնակազմի շրջանում։ Շատերը չէին ցանկանում սպասարկել այս բաժանմունքում, որտեղ միայն մի քանի հոգի էր մտնում, այն էլ խիստ սահմանափակ ժամանակով։ Այդ ընթացքում ծննդատան երրորդ հարկի բուժանձնակազմից մեկն ախտորոշվել էր քովիդով, ինչի հետեւանքով մյուսները որպես կոնտակտավոր մեկուսացվել էին։ Դա այն փուլն էր, երբ կոնտակտավորներին տեղավորում էին հյուրանոցներում՝ արգելելով նրանց շփումն արտաքին աշխարհի հետ։ Ամբողջ հարկի անձնակազմի մեկուսացումը ենթադրում էր մնացած գործընկերների ծանրաբեռնված օրեր՝ հաճախակի հերթապահություններ, աշխատանքի մեծ ծավալ։

Երբեմն խնդիրներ են ծագում քովիդով հղիների հարազատների հետ, որոնք հաճախ թերահավատ են լինում, թե հղին հիվանդ է։ Դեպք է եղել, երբ քովիդով հղին, ով նաեւ մանկաբարձական խնդիր է ունեցել, հրաժարվել է բուժումից, տուն գնացել, բայց երկու օր անց ծանր վիճակում հայտնվել հիվանդանոցում։ Բժիշկ Շարբատյանն ասում է, որ դեպքեր են լինում, երբ կինը կարող է լավ լինել այդ պահին, սակայն մի քանի օր հետո վիճակը կարող է ծանրանալ, ու հարազատները դրանում մեղադրում են բուժանձնակազմին։ Նման ընթացքը բժիշկը պայմանավորում է «COVID-19»-ի առանձնահատկությամբ։ «Ամեն դեպքում հարազատների այդ մոտեցումը մեզ լարված է պահում»,- նկատում է զրուցակիցս։

Այս տարի, ըստ նրա, շատացել են նաեւ կրկնավարակի դեպքերը։ Օրինակ, ասում է, նախորդ տարի մի կին քովիդով ծննդաբերեց, այս տարի եկել էր, կրկին քովիդով ծննդաբերել։

Ծնարանի (այն բաժանմունքն է, որտեղ կատարվում է բնական ծննդազատում) ավագ մանկաբարձուհի Նազելի Դավթյանն ասում է, որ մյուս բաժանմունքների համեմատ «COVID-19» բաժանմունքում աշխատանքը մի քանի անգամ ավելին է՝ հետազոտություններն ու պրոցեդուրաներն են շատ, քովիդով հղիներն ավելի հուզական են, խոցելի։ Դավթյանն այս տարվա ամռան ամիսներին զուգահեռաբար աշխատել է նաեւ այս բաժանմունքում։ Նկատում է, որ բուժանձնակազմն աստիճանաբար հարմարվել է վարակին, մի մասը վարակվել է, բուժվել։ «Այն ծանր աշխատանքը, որ կատարվում է, հանրությունը դրա 10 տոկոսը չգիտի։ Այն հոգեբանական վիճակը՝ եւ հիվանդի, եւ բուժաշխատողի, որ կարողանում ենք հաղթահարել, դրա մասին քչերը գիտեն»,- նկատում է նա։

Մանկաբարձուհի Սուսաննա Միրախորյանը «COVID-19» բաժանմունքում փոխարինել էր գործընկերուհուն՝ Ֆլորա Ղարիբյանին, որն ուղիղ 3 ամիս աշխատել ու ապրել էր այդտեղ։ Մեր այցելության օրը վերջինիս չհաջողվեց հանդիպել։ Հիմա երկուսով են աշխատում նույն բաժանմունքում։ Ֆլորայի համար արդեն դժվար էր 90 օր ու գիշեր աշխատելը, դրա համար ժողով էին հրավիրել՝ նրան փոխարինող գտնելու համար։ Սուսաննան համաձայնել էր, հատկապես, ասում է, դրանից առաջ քովիդ էր տարել եւ մտավախություն չուներ։

Բժիշկ Աղասի Շարբատյանը հիշում է՝ որոշ ժամանակ այս բաժանմունք անգամ մայրապետները չէին մտնում, ռիսկային աշխատանք էր։ Եվ շատ դեպքերում նույնիսկ կենցաղային հարցերը՝ աղբ թափելուց սկսած, այստեղ աշխատող բժիշկներն էին անում, որոնց հետ շփումներից մյուս բաժանմունքներում զգուշանում էին։ Այդ բժիշկներից մեկը հիվանդանոցի էպիդեմիոլոգ Ալբինա Ավետիսյանն էր։ Շարբատյանն ասում է, որ անկախ ամեն ինչից՝ աշխատանք էր, պիտի անեին, եւ լինում էին դեպքեր, որ արագ բուժօգնություն ցուցաբերելիս մոռանում էր անգամ դիմակը կրել։

Քրիստինե Գասպարյանը 35 տարեկան է։ Մեր այցելության նախորդ օրը ծնվել էր նրա երրորդ երեխան՝ Եվան։ 2,3 կգ քաշով ու 48 սմ հասակով փոքրիկը նախատեսված ժամանակից մի փոքր շուտ է ծնվել։ Մայրը կատակում է՝ բոյով-նիհար աղջիկ է։ Ծնունդն ընդունել է բժիշկ Շարբատյանը։

Քրիստինեն հանրապետական ծննդատուն է տեղափոխվել նոյեմբերի 26-ի գիշերը Վանաձորից։ Պատմում է, որ քովիդի թեստի դրական պատասխանն իմանալուց հետո սկսել էր լացել, նաեւ մանկաբարձական խնդիր էր առաջացել։ Ասում է՝ հավանաբար, 6-ամյա դուստրն է վարակել իրեն, քանի որ ինքը տնից դուրս չէր գալիս։ Աղջիկը դպրոցից տուն էր եկել ջերմությամբ, բժշկի էին տարել, դեղորայքային նշանակումներ արել։ Հաջորդ օրն արդեն Քրիստինեն ջերմություն, ուժեղ մկանային ցավեր եւ թուլություն ուներ։

Բաժանմունքում մեզ հանդիպած բոլոր հղիները ենթադրում են, որ վարակվել են տնեցիներից, քանի որ այդ ընթացքում տնից դուրս չեն եկել։

Մարիամ Ղազարյանը Վարդենիսից է եկել։ Նույն պատմությունը նրա պարագայում է՝ աղջիկը դպրոցից ջերմությամբ տուն է եկել, դրանից հետո իր մոտ է գրանցվել ջերմություն ու հազ։ Դստեր թեստը բացասական է եղել, իրենը՝ դրական։ Ասում է՝ սկզբից ավելի շատ հուզվում էր, որ երկու երեխաներին պետք է թողներ ու գար Երեւան։ Այս ընթացքում երեխաներին խնամում է ամուսինը։

Եղվարդից Մերի Թադեւոսյանն առաջնեկին է սպասում։ Ասում է՝ տնից դուրս չէր գալիս։ Ամուսնու մայրը եւս քովիդով հիվանդ է, երկկողմանի թոքաբորբ ունի։ Մերիի խոսքով՝ երկրորդ պատվաստումից հետո է վարակվել։ Հիմա սկեսուրը բուժումներ է ստանում տանը։

Սուսաննա Տիգրանյանի դեպքում պատմությունը գրեթե նույնն է։ Նա Վեդիից է։ 2020 թ․ հուլիսին վարակվել էր ու շատ ծանր տարել։ «Սկսվեց ստամոքսի ցավով, հետո՝ թուլություն, ահավոր քրտնարտադրություն, հոտառության կորուստ, երկար ժամանակ չէի սնվում։ Մտածում էի, որ էլ չեմ վարակվի»,- ասում է նա։ Երկրորդ անգամ վարակվելուց ջերմություն ուներ, ոտքերի ցավ, թուլություն։ Հիմա այդ ամենն անցել է, Սուսաննան ժպտում է, ասում է՝ արդեն լավ է։

«COVID-19» եւ մանկաբարձական խնդիրներ ունեցող կանանց հետ խոսելիս նկատելի է, որ բոլորը, կարծես, նույն անհանգստություններն ունեն, ինչը բնական է։ «Երբ քովիդ թեստը հաստատվեց, ավելի շատ սկսեցինք անհանգստանալ երեխայի համար»,- ասում են նրանք։

Նորածինների վերակենդանացման եւ ինտեսիվ թերապիայի բաժանմունքի պատասխանատու բժիշկ Կորյուն Կարագուլյանն ասում է, որ վարակված նորածիններին իրենց բաժանմունք հիմնականում չեն բերում, նրանք մայրերի հետ համատեղ կեցության մեջ են լինում։ Բժիշկը նշում է, որ մեծամասամբ երեխաների թեստի արդյունքը բացասական է լինում, մորից երեխային հազվադեպ է անցնում։

Ծննդատան բուժանձնակազմը, որ 1,5 տարուց ավելի պայքարում է այս հիվանդության դեմ, շենքի պատերից դուրս գտնվողների համար անտեսանելի աշխատանք է կատարում։

ՀԳ․ Հոդվածի հրապարակման ժամանակ տեղեկացանք, որ Մերի Թադեւոսյանը դուստր է ունեցել։ 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter