HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորներին աշխատավարձի կեսի չափով հավելում տրամադրել

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարերի 50 տոկոսի չափով հավելում վճարել Վճռաբեկ դատարանի դատավորներին։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Օրինագծի նախաձեռնողը Բարձրագույն դատական խորհուրդն է։ Ազգային ժողովն արդեն ընդունել է օրենքների փաթեթ, ըստ որի՝ գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով՝ հավելումներ են տրամադրվելու՝

  • Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորներին (աշխատավարձի 70%-ի չափով),
  • Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին (աշխատավարձի 60%-ի չափով),
  • Վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորներին (աշխատավարձի 60%-ի չափով

Այժմ Արդարադատության նախարարության ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հակակոռուպցիոն գործերի քննության առանձնակի ռիսկայնությունը հավասարապես տարածվում է Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորների վրա, ուստի անհրաժեշտ է նրանց ևս աշխատավարձի հավելում տրամադրել՝ ակնկալելով, որ դա լրացուցիչ երաշխիք կհանդիսանա նշված գործերի արդարացի քննության ապահովման համար:

Նշենք, որ պաշտոնյաների վարձատրության կարգն ու չափը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Աշխատավարձի չափը կազմում է պաշտոնի համար սահմանված գործակցի և տվյալ տարվա բազային աշխատավարձի բազմապատիկը։ Հայաստանում բազային աշխատավարձը 66 140 դրամ է։ Վճռաբեկ դատարանի դատավորի բազային գործակիցը 11,50 է, ուստի Վճռաբեկ դատարանի դատավորի ամսական աշխատավարձի չափը հասկանալու համար անհրաժեշտ է 66 140-ը բազմապատկել 11,50-ով, ստացվում է 760 610 դրամ՝ ներառյալ հարկերը։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի սահմանմամբ՝ հավելումը ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային, սահմանամերձ վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացումն է։

Արդարադատության նախարարության ներկայացարած օրինագծի համաձայն՝ առաջարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորներին տրամադրել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով։ Այսինքն՝ ստացվում է, որ օրինագծի ընդունման դեպքում՝ Վճռաբեկ դատարանի դատավորների փաստացի աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով և կկազմի 1 140 915 դրամ։

Ուժի մեջ մտնելու համար այս օրինագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ արդադարադատության նախարարությունն առաջարկել էր նաև աշխատավարձի մոտ 100 տոկոսի չափով հավելում տրամադրել գլխավոր դատախազին, նրա տեղակալներին, ինչպես նաև գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազներին։


Լուսանկարում՝ Վճռաբեկ դատարանի շենքը / © Վիքիմեդիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter