HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նազարբաևն առաջարկում է ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդ երկրի կարգավիճակ տալ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկիր։ Այդ մասին նա հայտարարել է Խորհրդի նիստի ժամանակ։

«Ես սրտանց ողջունում եմ, երկարամյա տարաձայնությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ես կարծում եմ, որ մենք բոլորս այդպես ենք կարծում։ Ընդորում, ինչպես նախկինում ասում էինք, հնարավոր եմ համարում Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցությունների անցկացումը, որպեսզի նա ևս դառնա դիտորդ երկիր»,- հայտարարել է Նազարբաևը։ 

Վերջինիս խոսքերով՝ Ուզբեկստանի օրինակը, որը Եվրասիական տնտեսական միությունում ունի դիտորդի կարգավիճակ, կարող է ոգեշնչել Ադրբեջանին, քանի որ «Ուզբեկստանի Հանրապետությունը դրանից քիչ չի շահել»։ «Այսօր համաշխարհային մարտահրավերների պայմաններում, որոնք առաջացրել է COVID-19-ի համավարակը, մեզ ավելի շատ համագործակցություն է անհրաժեշտ։ Առանձին իրադարձություն էր Ուզբեկստանին՝ մեր եղբայրական ժողովրդին և հարևանին, ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալը»,- հավելել է Նազարբաևը։

Այս տարի մի քանի անգամ խոսվել է եվրասիական կառույցներին և ՀԱՊԿ-ին Ադրբեջանի դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հնարավորության մասին։ Դեռ օգոստոսի սկզբին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը հայտարարել էր, որ Ադրբեջանը դեռևս չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։

«Կարող եմ միանգամից նշել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից որդեգրվել է թափանցիկության բարձրացման քաղաքականություն, այդ թվում՝ տեղեկատվական ոլորտում, ինչպես նաև կազմակերպության արտաքին կապերի ընդլայնում։ Ընդունվել են փաստաթղթեր, որոնք նախատեսում են շահագրգիռ տարբեր երկրների, գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակով, միանալ ՀԱՊԿ գործունեությանը։ Ինչպես հայտնի է՝ այդպիսի որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ։ Ադրբեջանի կողմից նման հայտ դեռևս չի ներկայացվել»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

ՀՀ Ազգային ժողովից «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ բոլոր այն երկրները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունների հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ, չեն կարող ստանալ ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ էլ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործընկերոջ կարգավիճակ՝ հավելելով, որ քանի դեռ այդ երկիրը Հայաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, նման անդամակցումն անհնարին է։

Լուսանկարում՝ Նուրսուլթան Նազարբաևն ու Իլհամ Ալիևը/Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter