HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն հետաձգել է Ուկրաինային 200 միլիոն դոլարի ռազմական օգնությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստել է Ուկրաինային 200 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ, սակայն հետաձգվել է դրա ուղարկումը։ Այդ մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Հեռուստաընկերության տվյալներով՝ փաստաթուղթը պատրաստ էր դեռ երեք-չորս շաբաթ առաջ։ Սպասվում էր, որ այդ մասին կհայտարարվի նախորդ շաբաթ, սակայն դա տեղի չի ունեցել այն պատճառով, որ Միացյալ Նահանգներում որոշել են ժամանակ տալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածության նվազեցման համար, ինչպես նաև պահպանել ազդեցությունը՝ ռուսական հնարավոր ներխուժման դեպքում։ 

Ընդ որում, NBC-ն նշում է, որ իրավիճակի սրման պարագայում ԱՄՆ-ն դիտարկում է ռազմական օգնության էական մեծացման տարբերակը։ 

Դեռևս անհայտ է, թե ինչ է մտնում 200 միլիոն դոլար արժողությամբ փաթեթի մեջ։ Ավելի վաղ, Ուկրաինան արտահերթ կարգով ԱՄՆ-ից խնդրել էր ՀՕՊ միջոցներ, հականավային և հակատանկային հրթիռներ, ռադիոտեղորոշման համակարգեր, հրետանային միջոցներ և դեղամիջոցներ։ NBC-ն նշում է, որ Կիևում ԱՄՆ ռազմական օգնության հետաձգման որոշումը դժգոհություն է առաջացրել։ 

Ուկրաինայի շուրջ իրավիճակը դեկտեմբերի 7-ին քննարկել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենը Պուտինին զգուշացրել է ռուս-ուկրաինական ճգնաժամի ռազմական էսկալացիայի պարագայում «տնտեսական և այլ վճռական միջոցների մասին»։ ԱՄՆ նախագահը մտահոգություն էր հայտնել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի թվի ավելացման մասով, կոչ արել թուլացնել սրումն ու վերադառնալ դիվանագիտական բանակցություննրի։

Իր հերթին, Պուտինը ՆԱՏՕ-ին մեղադրել էր «ուկրաինական տարածքի յուրացման մեջ» և պահանջել «վստահելի, իրավական ամրագրում ունեցող երաշխիքներ», որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արևելք։ 

Բայդենը, Պուտինի հետ բանակցություններից առաջ հայտարարել էր պատժամիջոցների հնարավոր փաթեթի մասին, որը կարող է կիրառվել Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման պարագայում։ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն համաձայնեցնում են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների փաթեթ, որը սակայն որոշված չէ, թե երբ և ինչ պայմաններում կկիրառվի։ Հնարավոր պատժամիջոցների թվում են միջբանկային փոխանցումների SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը, ռուբլու այլ արժույթներով փոխարկման սահմանափակումները:

Ռուսական կողմը հերքում է Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին լուրերը։ Դեռ մի քանի շաբաթ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ագրեսոր պետություն չէ և նման մտադրություն չունի՝ հավելելով, որ իր ինքնիշխան տարածքում Դաշնությունը կարող է իրականացնել զորքերի ցանկացած տեղաշարժ։

Լուսանկարը՝ Andriy Dubchak / AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter