HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ Հանդիպումը կայանալու է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ընդառաջ։ 

«Եվրոպական խորհրդի նախագահը վաղը սկզբում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Վաղը երեկոյան նա նրանց հետ կանցկացնի նաև եռակողմ հանդիպում»,- նշել է նա։

Դիվանագետի խոսքերով՝ սպասվող հանդիպման նպատակն է օգնել այդ երկու երկրներին ունենալ ուղիղ շփում և բարելավել հարաբերությունները։

«Մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի բարձրացնենք նրանց միջև վստահության մակարդակը՝ հիմնվելով երկու երկրների պաշտպանության նախարարների միջև մի քանի շաբաթ առաջ շատ հաջող հաստատված ուղիղ հաղորդակցության վրա»,- հավելել է բարձրաստիճան ներկայացուցիչը։ Ինչպես սպասվում է, եռակողմ հանդիպումից հետո կհրապարակվի համատեղ հայտարարություն։

Հիշեցնենք, որ Բրյուսելում հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ 

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում կազմակերպել։ Առաջնորդները համաձայնել են Բրյուսելում անցկացնել հանդիպում՝ տարածաշրջանային իրավիճակի և լարվածության հաղթահարման ճանապարհների քննարկման համար»,- նշվում էր հաղորդագրության մեջ։ 

Կողմերը պայմանավորվել էին նաև ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով՝ միջադեպերից խուսափելու համար։

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը/Կառավարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter