HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Զանգեզուրի և Լաչինի միջանցքների անցագրային ռեժիմները պետք է համընկնեն»

Զանգեզուրի և Լաչինի միջանցնքերը պետք է ունենան համանման անցագրային ռեժիմներ։ Այդ մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Report.az-ը։ 

Ըստ Ալիևի՝ Լաչինի միջանցքում անցակետեր չկան։ «Համապատասխանաբար, Զանգեզուրի միջացքում չպետք է լինեն մաքսային անցակետեր։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռներն ու մարդկանց, մենք մաքսային անցակետ կբացենք Լաչինի միջանցքում»,- հավելել է Ալիևը։ 

Նրա պնդմամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացման հարցը արտացոլվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ «Հայաստանի համար դա ինքնին պարտավորություն է՝ ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները (խմբ. պայմանավորվածությունների իրականացման համար)»,- ասել է Ալիևը։ 

Ալիևի խոսքերով՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանի տարածքով Նախիջևան երկաթուղի կառուցելու շուրջ։ Ըստ նրա՝ համանման պայմանավորվածություն կա նաև ավտոմայրուղի կառուցելու շուրջ։

«Այս փուլում մենք պայմանավորվածության ենք հասել Հայաստանով Ադրբեջանից Նախիջևանի ինքնավար հանրապետություն երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաև ավտոմայրուղու կառուցման շուրջ։ Սակայն դեռևս չի որոշվել ավտոմայրուղու ճշգրիտ երթուղին։ Այդ հարցը հետագա քննարկման համար է, և մենք դա անպայման այսօր երեկոյան կքննարկենք եռակողմ հանդիպման ժամանակ՝ պարոն Շարլ Միշելի հետ»,- հայտարարել է Ալիևը։ 

Իր խոսքում Ալիևը դարձյալ նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։ «Մեր ջանքերի գլխավոր նպատակը տարածաշրջանում պատերազմի ռիսկի նվազեցումն է։ Այդ նպատակին հասնելու լավագույն ճանապարհը կայանում է հաղորդակցությունների ապաշրջափակման, ակտիվ երկխոսության ստեղծման մեջ և նրանում, որ սովորենք նորից որպես հարևաններ ապրել։ Ադրբեջանը բաց է այդ ուղղությամբ գործելու համար։ Կարծում եմ, որ երբ և Հայաստանը բարի կամք կդրսևորի այդ ուղղությամբ, մենք կկարողանանք սկսել աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ»,- եզրափակել է Ալիևը։

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 5-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են, ինչը ենթադրում էր, որ հնարավոր ճանապարհը, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապեր Նախիջևանի հետ լինելու է Հայաստանի վերահսկողության տակ։

Չնայած Իլհամ Ալիևի խաղաղասիրական հայտարարություններին, այդ երկիրը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս տարվա մայիսի 12-ից սկսած ադրբեջանական ուժերն ապօրինաբար գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Նոյեմբերի 16-ին հայ-արդբեջանական շփման գծի արևելյան հատվածում լարվածությունը վեր էր ածվել ակտիվ մարտական գործողությունների, որի արդյունքում կողմերը գործի էին դրել զրահատեխնիկա և հրետանի։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Երևանը կդիմի Մոսկվային՝ օգնություն ստանալու համար։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Դեկտեմբերի 14-ի երեկոյան նախատեսված է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը, որին նախորդել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները։ Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ 

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում կազմակերպել։ Առաջնորդները համաձայնել են Բրյուսելում անցկացնել հանդիպում՝ տարածաշրջանային իրավիճակի և լարվածության հաղթահարման ճանապարհների քննարկման համար»,- նշվում էր հաղորդագրության մեջ։ 

Կողմերը պայմանավորվել էին նաև ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով՝ միջադեպերից խուսափելու համար։

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ էլ կողմերը պայմանավորվել էին մինչ տարեվերջ աշխատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման մեխանիզմների ձևավորման շուրջ։ «Մենք պայմանավորվել ենք մի շարք հարցերի շուրջ, որոնք ես առանցքային եմ համարում։ Դրանցից առաջինը մեխանիզմների ստեղծումն է, մինչև այս տարվա վերջ մենք պայմանավորվել ենք դա անել՝ երկու պետությունների միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները»,- նշել էր Պուտինը՝ ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպումը։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter