
Վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը․ Փաշինյան
Կառավարության դեկտեմբերի 16–ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձավ Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը։
«Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Oրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը։ Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք համանախագահում են 3 երկրի փոխվարչապետերը։ Ըստ էության, այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ հանդիպմանն, ըստ էության, այս ամեն ինչն արձանագրվեց»,- նիստի մեկնարկին հայտնեց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
«Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, Ադրբեջանը՝ Նախիջևան։
Եթե մեզ հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ և հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ։ Այսինքն, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի և Գյումրիից Կարս նույնպես գոյություն ունի։ Պետք է սկսենք երկաթուղու շինարարությունը։ Հիմա պետք է գործնական և ամենօրյա աշխատանքով լուծենք այս խնդիրը»։
Փաշինյանի խոսքով՝ այս հարցով նեղ կազմով խորհրդակցություն կլինի։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել